Սուր շնչառական վիրուսային վարակներ
Հիշեք ամենակարևորը՝ ձեր գործողությունների տակտիկան ընդհանրապես կախված չէ նրանից, թե ինչ անվանում ունի վիրուսը: Գրիպը սեզոնային է, խոզի, փղի, թե ընդհանրապես գրիպ չէ, կարևոր չէ: Կարևոր է միայն այն, որ դա վիրուս է և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով ու ախտահարում է շնչուղիները: Այստեղից էլ կոնկրետ գործողությունները:
Պրոֆիլակտիկա
Եթե դուք (ձեր երեխան) հանդիպում եք վիրուսին, իսկ ձեր արյան մեջ չկան պաշտպանիչ հակամարմիններ, ապա դուք կհիվանդանաք: Հակամարմիններն ի հայտ են գալիս երկու դեպքում՝ կամ դուք հիվանդանում եք, կամ պատվաստվում եք:
Պատվաստվել հնարավոր է սեզոնային գրիպի դեպքում միայն: Ունենալ պաշտպանիչ հակամարմիններ այն երեք վիրուսների դեմ, որոնք մտնում են սեզոնային գրիպի կազմի մեջ, ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալ:
1. Եթե պատվաստվելու հնարավորություն ունեք, ապա պատվաստվեք, բայց միայն այն դեպքում, եթե, առաջին՝ դուք առողջ եք, և երկրորդ՝ եթե պատվաստանյութ ընդունելու համար ստիպված չեք լինի նստել պոլիկլինիկայում ՝ ամբոխի մեջ: Վերջին իրավիճակում ադեկվատ պատվաստանյութ ընդունելու ձեր շանսերը քչանում են:
2. Ապացուցված պրոֆիլակտիկ էֆեկտիվությամբ ոչ մի դեղամիջոց գոյություն չունի: Առավել ևս՝ ոչ մի սխտոր, սոխ, ոչ մի դեղահաբ ի վիճակի չեն պաշտպանել տարածվող ոչ մի վիրուսից ընդհանրապես, իսկ գրիպի վիրուսից՝ մասնավորապես: Այն ամենը, ինչ առաջարկվում է դեղատներում՝ իբր թե վիրուսասպան միջոցները, ինտերֆերոն գոյացությունների ստիմուլյատորները, իմունիտետը բարձրացնող միջոցներն ու այդքան օգտակար վիտամինները, այդ բոլոր՝ չապացուցված էֆեկտիվությամբ դեղամիջոցները համապատասխանում են ռուսի՝ «պետք է ինչ-որ բան անել» արտահայտությանը:
Այդ դեղահաբերի հիմնական օգուտը պսիխոթերապիան է: Դուք հավատում եք՝ ձեզ օգնում է:
3. Վիրուսի աղբյուրը մարդն է և միայն մարդը: Որքան քիչ մարդ, այդքան քիչ է հիվանդանալու հավանականությունը: Կարանտինը հրաշալի է: Մասսայական հավաքների արգելքը՝ հիասքանչ է: Մեկ կանգառ ոտքով անցնելն ու ավելորդ անգամ սուպերմարկետ չմտնելը՝ իմաստուն քայլ:
4. Շնչադիմակ: Օգտակար իր է, բայց ոչ միջոց: Պարտադիր պետք է լինի հիվանդի վրա, եթե շուրջն առողջ մարդիկ են՝ այն չի կանխում վիրուսը, բայց կանխում է կաթիլների տարածումը, որոնք հարուստ են վիրուսով:
5. Հիվանդի ձեռքերը ևս վիրուսի աղբյուր են, ինչպես քիթն ու բերանը: Հիվանդը դիպչում է դեմքին, վիրուսն անցնում է ձեռքերին, նա դիպչում է շուրջը եղած իրերին, դուք դիպչում եք այդ ամենին, և՝ ողջույն, սուր շնչառական վիրուսային վարակ:
Մի դիպչեք ձեր դեմքին: Ձեռքերը հաճախակի լվացեք և ձեզ հետ ունեցեք թաց հակաինֆեկցիոն հիգիենիկ անձեռոցիկներ, լվացվեք, մաքրեք, մի ծուլացեք:
Սովորեք ինքներդ ու երեխաներին էլ սովորեցրեք՝ փռշտալիս օգտագործել ոչ թե ափը, այլ արմունկը:
Ղեկավարնե՛ր, արգելեք ձեր աշխատակիցներին միմյանց ձեռքով բարևել:
Օգտվեք կրեդիտ քարտերից, քանի որ թղթադրամները վիրուսի տարածման աղբյուր են:
6. Օդը: Վիրուսային մասնիկները ժամերով պահպանում են իրենց ակտիվությունը տաք և անշարժ օդում, բայց գրեթե միանգամից քայքայվում են թարմ, խոնավ ու շարժվող օդում: Այնպես որ, Կիևի հրապարակում 200.000 հոգանոց միտինգն ավելի անվտանգ է, քան ակումբում 1000 հոգանոց հավաքը:
Զբոսնել կարելի է՝ ինչքան ասես: Զբոսնելու ընթացքում վիրուս ձեռք բերելու հավանականությունը գործնականում ռեալ չէ: Այս ասպեկտից՝ եթե դուրս եք եկել զբոսնելու, պետք չէ ցուցադրաբար շնչադիմակ կրել փողոցներում: Ավելի լավ է թարմ օդ շնչեք, իսկ շնչադիմակը կրեք ավտոբուս նստելիս, օֆիսում կամ խանութում:
Սենյակի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 20°С, խոնավությունը՝ 50-70%: Պարտադիր է տարածքի հաճախակի և ինտենսիվ օդափոխումը: Ցանկացած տաքացնող միջոց չորացնում է օդը: Ուշադրություն դարձրեք խոնավությանը: Լվացեք հատակը: Օգտագործեք օդը խոնավեցնող միջոցներ:
Ավելի լավ է տաք հագնվեք, բայց մի միացրեք ավելորդ տաքացուցիչներ:
7. Լորձաթաղանթի վիճակը: Վերին շնչառական ուղիներում անընդհատ արտադրվում է լորձ: Լորձն ապահովում է տեղային իմունիտետի աշխատանքը: Եթե լորձը կամ լորձաթաղանթը չորանում են, ապա տեղային իմունիտետի աշխատանքը խանգարվում է, վիրուսները հեշտությամբ հաղթահարում են թուլացած տեղային իմունիտետի սահմանը, ու մարդը հիվանդանում է: Տեղային իմունիտետի գլխավոր թշնամին չոր օդն է, ինչպես նաև այն դեղերը, որոնք չորացնում են լորձաթաղանթը (Դիմեդրոլ, Սուպրաստին, Տավեգիլ, Տրայֆեդ. այս ցուցակը մեղմ ասած, ամբողջական չէ):
Խոնավեցրեք լորձաթաղանթը: 1 թեյի գդալ սովորական կերակրի աղը լուծեք 1 լիտր եռացրած ջրում: Լցրեք ցանկացած սրվակի մեջ և սիստեմատիկ փչեք քթանցքի մեջ: Նույն նպատակով դեղատնից կարելի է գնել շնչուղիները խոնավեցնող միջոցներ:
Բուժման կանոնները
1. Տաք հագնվել, բայց սենյակում լինի զով և թարմ օդ:
2. Չստիպել ուտել: Եթե ուզում եք (կամ ուզում են), ապա ընդունեք թեթև, ջրալի կերակուր:
3. Շատ հեղուկ օգտագործեք:
4. Քթի մեջ հաճախ աղային լուծույթներ կաթեցրեք:
5. Բոլոր տնային միջոցները (ոտքերը տաք ջուր դնելը, ինհալացիա և այլն) ծնողական սադիզմ են, բայց նաև՝ պսիխոթերապիա:
6. Եթե որոշել եք պայքարել բարձր ջերմության դեմ, ապա՝ միայն պարացետամոլ կամ իբուպրոֆեն: Կատեգորիկ արգելվում է ասպիրինը:
7. Շնչառական ուղիների ախտահարման դեպքում ինքնաբուժումը ոչ մի օգուտ չի տա:
8. Հակաալերգիկ միջոցները սուր շնչառական վիրուսային վարակների հետ ոչ մի կապ չունեն:
9. Վիրուսային ինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Հակաբիոտիկները չեն քչացնում, այլ մեծացնում են բարդությունների ռիսկը:
Թարգմանությունը՝ 168.am-ի