Հայաստանում Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից իրականացվող Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանն արդեն մասնակցել է 130-ից ավելի մարդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
Նա նշեց, որ հետազոտությունն անվճար է, սակայն կարող են մասնակցել միայն այն մարդիկ, որոնք ունեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստի դրական պատասխան:
«Օգոստոսի 18-ի դրությամբ ավելի քան 130 հոգի արդեն նմուշառվել է: Կարծում եմ, որ մենք կունենանք 200-ից ավելի նմուշ, որոնք կուղարկենք թեստավորման և օգոստոսի վերջին արդեն կունենանք առաջին արդյունքները: Կամավոր սկզբունքով կարող են նմուշառման գալ այն մարդիկ, որոնք ունեն ՊՇՌ դրական թեստավորում, սակայն խորհուրդ ենք տալիս, որպեսզի վարակվելուց հետո մոտ 2 ամիս ժամանակ անցնի, որպեսզի պատկերն ավելի հստակ լինի»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը:
Հակամարմինների հետազոտությունը տևելու է 6-12 ամիս: Այս ամսվա վերջում առաջին թեստավորումների պատասխաններն ստանալուց հետո, Ենկոյանը նշում է, որ, հավանաբար, հաջորդ ամսվա ընթացքում բոլոր նմուշառվածները ևս մեկ անգամ կնմուշառվեն, որպեսզի տեսանելի լինի օրգանիզմում մեկ ամսվա ընթացքում հակամարմինների փոփոխության պատկերը, հետագա ամիսների ընթացքում պարբերաբար նմուշառում կարվի միայն մի քանիսից:
«Մենք անում ենք հետազոտութուն, որպեսզի հասկանանք՝ այս հիվանդությունից մարդու մոտ իմունիտետ առաջանում է, թե ոչ: Հիմա միջազգային ասպարեզում տարբեր տեսակետներ կան, քանի որ դեռ վաղ է որևէ հստակ բան ասելու համար: Վարակը, երբ մտնում է մարդու օրգանիզմ, հիվանդի մոտ արդեն սկսում է ձևավորվել իմունային պատասխանը: Հակամարմինները մի քանի օրվա ընթացքում սկսում են առաջանալ: Հիվանդության վերջնական շրջանում առաջանում է իմունիտետ IgG-ն: Մեր խնդիրն է պարզել, թե որքան է այն մնում մարդու օրգանիզմում: Այն կարող է նաև երկար կամ կարճ մնալ, կախված հիվանդության ընթացքից»,- նշեց ԵՊԲՀ պրոռեկտորը: