Հայկական գինիներն առաջին անգամ ծագման աշխարհագրական նշումով անվանում կստանան։ Տեղեկությունը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։
«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի համաձայն` Հայաստանում կարող են արտադրվել գինիներ՝ ծագման աշխարհագրական նշումով։ Ընդ որում, պետք է հստակ սահմանել խաղողագործության շրջանները։ Ծագմամբ և հատկանիշներով ճանաչելի գինիները սովորաբար գնի մեջ մի փոքր առավելություն են ստանում։
Օրենքն ընդունվել է 2008 թվականին, սակայն անցած 12 տարիների ընթացքում կառավարությունում ոչ ոք դրանով չի զբաղվել։ Այժմ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը սկսել է գլուխ բերել այդ աշխատանքը և մինչև տարեվերջ բնութագրեր կպատրաստի Վայոց Ձորի մարզի համար։ Այստեղ արտադրված գինիները կստանան «Արփայի հովիտ» աշխարհագրական նշումը։ Հետագայում այդ աշխատանքը կիրականացնեն նաև հանրապետության մյուս խաղողագործական շրջանների համար։
Բայց միայն խաղողի այգիների սահմանները քարտեզի վրա անցկացնելը դեռ բավարար չէ։ Նախևառաջ մշակվել են որակի ստանդարտներ այդ տարածաշրջանում (Արենի և այլն) տարածված խաղողի տեսակների համար։ Մասնագետները համար հաստատել են շաքարի պարունակությունը, ֆենոլային հասունությունն ու այլ ցուցանիշները։ Այդպիսի խաղողից գինի արտադրող գինեգործները կարող են ստանալ հիշյալ աշխարհագրական նշումը։ Այնուհետև այն հնարավոր կլինի գրանցել Եվրասիական միության ռեեստրում։
Ապագայում հիմնադրամն ուզում է նաև որակի նշան տրամադրել այն գինիների համար, որոնց պատրաստման ընթացքում պահպանվում են բոլոր պատշաճ ստանդարտները։ Դրա համար կստեղծվի փորձագիտական խորհուրդ` կազմված գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։