Արամ Նիկոլյանի անունն այսօր արդեն շատերին է հայտնի իր հետաքրքիր ու համարձակ մտահղացումներով: Թեև Արամը միայն 2000 թվականից է սկսել զբաղվել նորաձևությամբ, նա արդեն իսկ ունի իր բրենդը, որին վստահում են շատ հայ երգիչ-երգչուհիներ` Անդրեն, Սոֆի Մխեյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Էմմին… Արամ Նիկոլյանի փոքրիկը` Նիկոլ Նիկոլյանը, չնայած դեռ 2 տարեկան չկա, արդեն իսկ նորաձև է հագնվում. նրան հագցնում է հայրիկը:
«Փոքրուց զզվել եմ միօրինակությունից, առավել ևս, երբ այդ միօրինակությունը հագուստին էր վերաբերում: Մաման ինձ համար նոր հագուստ էր գնում, ես այն անպայման ձևափոխում էի` այն, ինչ ավելորդ էի համարում` կտրում էի, ինչ պակասում էր` կարում էի: Եվ այդպես նոր շապիկը նորաձև էի դարձնում և իմ ստեղծածով հիացած` հագնում էի և իջնում բակ: Մանկուց սիրել եմ նորաձևություն ասվածը: Հիմա կասեք՝ երեխան ի՞նչ է հասկանում նորաձևությունից, բայց այդ սերը բավական էր` հասկանալու համար, թե ինչով եմ զբաղվելու հետագայում: Սկզբում ընտրել էի տնտեսագետի մասնագիտությունը: Սակայն ուսման ընթացքում հասկացա, որ դա իմը չէ: Ե՛ս ո՜ւր, տնտեսագե՛տն ո՜ւր: Պարզապես մեր ընտանիքում այդ մասնագիտությունը գերիշխում է, և ծնողներս էլ որոշել էին, որ ավանդույթները պետք է շարունակել: Ավանդույթն՝ ավանդույթ, բայց պետք էր ժամանակին կանգ առնել ու հասկանալ, թե ինչո՞վ եմ զբաղվելու հետագայում և իրականում ի՞նչ եմ ուզում անել ես: Առանց ծնողներիս հետ տարաձայնության, 2000թ. ընդունվեցի «Գեղեցիկ արվեստի միջազգային ակադեմիա» և այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ…»,- պատմում է Արամը:
Երիտասարդ դիզայների համար, երբ նա դեռ որևէ մեկին մրցակից չի համարվում, սովորաբար առաջին խոչընդոտները ֆինանսներն են ստեղծում: Բայց Արամի բախտն այդ հարցում բերել է, և նա չի էլ թաքցնում այդ փաստը: «Ֆինանսական խոչընդոտներ երբեք չեն եղել թե՛ հավաքածուներս ստեղծելիս, թե՛ մրցույթների մասնակցելիս: Ընտանիքս միշտ իմ կողքին է եղել: Փոխարենը՝ ես անմիջապես հասկացել եմ, որ քո երկրում գնահատվելու համար պարտադիր պետք է գնահատվես մեկ այլ երկրում: Գնահատել են այն երկրներում, որտեղ նույնիսկ չգիտեն, թե Հայաստանը քարտեզի վրա որտե՞ղ է գտնվում և ի՞նչ է ընդհանրապես իրենից ներկայացնում այն: Ի դեպ, իմ այն նույն աշխատանքը` հավաքածուն, որը Հայաստանում գրավել է երրորդ կամ երկրորդ տեղ, Իտալիայում կամ Մալթայում արժանացել է «Գրան պրիի»,- ասում է դիզայները:
Հետևելով նորաձևության մեծություններին՝ արդյոք մեր մոդելավորողների մոտ նախանձ ու ցանկություն չի՞ առաջանում ոտք գցել նրանց հետ: Եթե կան ֆինանսներ, եթե կան մտքեր, ապա ի՞նչն է սեփական երկրի շուկայով բավարարվելու պատճառը: «Եկեք լինենք իրատես: Խոսք չկա այն մասին, որ հայ դիզայները կարող է մրցակցել համաշխարհային գիգանտների հետ: Մտահղացումների պակաս, Փառք Աստծո, չկա, բայց մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք ոտք գցել նրանց հետ: Հաճախ ոչ թե ֆինանսների, այլ շուկայի բացակայության խնդիր կա: Եթե չկա շուկա, և դու անընդհատ գումար ես ներդնում որևէ գործի մեջ, ապա բնական է, որ օրերից մի օր ուղղակի կսնանկանաս: Այսօր Հայաստանում նախընտրում են հագնել հայտնի բրենդերի պիտակներով հագուստներ, որոնց միայն վատ տեսակն է սովորաբար այստեղ հասնում: Ես միշտ համեմատում եմ ալյուրի հետ: Գոյություն ունի ալյուրի մի քանի տեսակ, մեզ մոտ գալիս է ամենավատը: Պարզապես մենք մեր ողջ պատմության ընթացքում օտարամոլ ենք եղել, ու հույս էլ չկա, որ կփոխվենք: Ասացվածք կա, չէ՞.«Հարևանի կինը քաղցր ա»: Կարևորը, որ հայտնի բրենդի պիտակ լինի, եթե անգամ պիտակի վրայի անունը տառասխալով է գրված»,- իրավացիորեն նկատում է Արամը:
«VIP» բառն այսօր այնքան է շահագործվում, որ արդեն մտածում ես, թե շուտով զուգարանի թղթի վրա էլ կհայտնվի: Իսկ Արամի համար VIP-ը ո՞րն է: Պարզվում է` նրա մոտ բոլոր հաճախորդներին VIP սպասարկում է մատուցվում. «Երբ որևէ մեկը գալիս է ու ցանկանում է, որ իր համար հագուստ կարեմ, նա արդեն իսկ անհատականություն է ինձ համար: Ես միայն հաճախորդի չափսերը չեմ վերցնում, հարցնում եմ, թե ի՞նչ է նա ցանկանում: Ես ծանոթանում եմ նրա հետ` հասկանալու համար, թե ո՞ւմ հետ գործ ունեմ: Եվ ըստ այդ մարդու ներաշխարհի՝ փորձում եմ անել այն, ինչը նրան հարազատ կլինի և համահունչ կլինի նրա էությանը: Միշտ համեմատում եմ գրքի հետ, որի շապիկը պատրաստելու համար անպայման պետք է կարդաս այն»:
Իսկ ինչպե՞ս են հաճախորդները գտնում նրան: «Երբեմն պատահում է, որ ամսագրում օտարազգի մի մոդելյորի կարած զգեստի նկարն են տեսնում և դրա կրկնօրինակն ունենալու համար այցելում են ինձ: Սակայն ես նման հաճախորդներին պարզապես հաջողություն եմ մաղթում և ասում` բարի ճանապարհ: Յուրաքանչյուր մոդելավորողի համար վիրավորական է, երբ բացահայտ արտահայտում են, որ ոչ թե քո աշխատանքն է պետք, այլ՝ ուրիշի ստեղծածի մի քիչ փոփոխված տարբերակը: Հասկանալու համար, թե ինչ է ուզում հաճախորդը, բնականաբար, երկար զրուցում ենք: Իսկ երբ տեսնում եմ, որ այն, ինչ հաճախորդն է առաջարկում` չի համապատասխանում իր էությանը, այլ կերպ ասած` չի սազում, ես բացատրում եմ նրան, և, եթե գալիս ենք փոխհամաձայնության, ապա համագործակցում ենք: Եթե նա այդքանից հետո շարունակում է պնդել, որ իր առաջարկած անճաշակությունն է ուզում` ես հրաժարվում եմ: Ինձ ճանաչել են իմ առաջին հավաքածուից, այլ ոչ երգիչ-երգչուհիներին հագցնելուց: 2001թ. արեցի առաջին հավաքածուս, որը բավականին մեծ հաջողություն և անուն բերեց ինձ: Ինչպես ցանկացած ստեղծագործողի կյանքում, ինձ մոտ էլ են եղել հաջողված և անհաջող հավաքածուներ: Երկրորդ` «Հին ձեռագրեր» հավաքածուն ինձ ավելի բարձրացրեց նորաձևության ոլորտում: Այդ հավաքածուն մանրանկարչության թեմայով էր արված, այն ստեղծելու համար շուրջ մեկ տարի Մատենադարանում ուսումնասիրել եմ մանրանկարչությունն ու հայկական տարազի նախշերը, որովհետև սա այն թեման էր, որտեղ սխալվելու իրավունք չունեի: Ես ազգային հարստությունն էի ուսումնասիրում, և պետք էր չափազանց զգույշ լինել»: Դիզայներ Արամ Նիկոլյանը համամիտ է, որ հայկական էստրադայում բավականին շատ է միօրինակությունը, որ անդեմ արտիստներն օր օրի գնալով շատանում են (թեև որևէ մեկի անունը չնշեց). «Ցավը նրանում է, որ այդ անդեմ մարդիկ անգամ գլխի չեն ընկնում իրենց միօրինակության ու տաղտկալիության մասին: Բայց այսօր կան նաև մարդիկ, դեմքեր, որոնք չեն վախենում փոփոխություններից և համարձակորեն իրենց կերպարներն են ստեղծում շոու-բիզնեսում, ինչպես` Էմմին, Սիրուշոն, Անդրեն… Հիմա կասեք` «Անդրեի հետ է աշխատում, դրա համար էլ նրա անունն է տալիս», բայց նա միակ երգիչն է, ով չի վախենում կերպար լինելուց»:
Քրիստինե Հակոբյան
«3 Միլիոն»