Նման ցուցահանդեսն ակնհայտորեն նպատակ ունի նվաստացնելու և նսեմացնելու ղարաբաղցի հայ ժողովրդին և նրանց զինված ուժերը, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց գերմանացի պատմաբան, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված պուրակին, որտեղ հայկական կողմից գերեվարած զինամթերքի կողքին ներկայացված էին հայ զինվորի կերպարներով էքսպոնատներ։
«Այս առումով սա ոչ միայն պարզունակ տիպի հաղթարշավություն է, այլ բացահայտ ռասիզմ (հակահայկականություն) մի պետության ղեկավարության կողմից, որը Թուրքիայի աջակցությամբ որոշեց անցյալ աշնանը ագրեսիվ պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքը և կատարելով մի շարք ռազմական հանցագործություններ: Այս հանցագործությունները պետք է հնարավորինս արագ պատժվեն միջազգային իրավունքի համաձայն»,- ասաց նա։
Տեսսա Հոֆաֆմանը նկատեց, որ Ադրբեջանի իշխող դասը շատ զգայուն է արտերկրում Ադրբեջանի նկատմամբ աննշան քննադատության նկատմամբ:
«Երբ մարտին մի շարք գիտնականներ, որոնց մեծամասնությունը Գերմանիայից էին, իրենց մտահոգությունն էին հայտնում Արցախում (Ղարաբաղում) գտնվող հայկական մշակութային հուշարձանների վերաբերյալ և այս համատեքստում նշված էր նաև տարածաշրջանային մշակութային պատմության «ալբանացման» կեղծման մասին, ադրբեջանական հ/կ-ները շտապեցին հանդես գալ բողոքարկման հայցով, որով Հայաստանը մեղադրվեց ալբանական սրբազան հուշարձանները «հայիֆիկացնելու» մեջ: Ենթադրում եմ, որ Ադրբեջանում մտահոգ գործընկերները բավարար չափով տեղեկացված են Արցախի տարածաշրջանային պատմությունից։ Այնպես որ, ըստ երևույթին, այստեղ նշանակություն ունեն ոչ թե փաստերը, այլ դրսից նայող անձանց շփոթմունքը: Դա մարդու իրավունքներից և միջազգային իրավունքի վրա հիմնված մեղադրանքներից հակադարձումներով խուսանավելու մարտավարություն է, երբ հույս են դնում, որ Հայաստանից և Ադրբեջանից դուրս գտնվող մարդկանց մեծամասնությունը ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ հնարավորություն՝ մանրամասն ուսումնասիրելու այդ մեղադրանքները»,- ասաց նա։
Գերմանացի պատմաբանը նշեց, որ ինքը Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության վերոնշյալ կոչը ստորագրողներից մեկն էր: Ադրբեջանական պատասխան բողոք–նամակը ստորագրողները, նրա խոսքով, ի թիվս այլ բաների, բարձր էին գնահատել իրենց երկրում կրոնական հանդուրժողականությունը:
«Ես կցանկանայի հավատալ, որ Ադրբեջանն այդքան հանդուրժող երկիր է: Այնուամենայնիվ, երկրի մայրաքաղաք Բաքվում զբոսայգու առկայությունը, որտեղ հայերը ծաղրվում ու նվաստացվում են առավել պարզունակ կերպով, հակասում է ադրբեջանցի գործընկերների ինքնագովազդին: Եվ միևնույն ժամանակ, մեծ վտանգ է հենց Ադրբեջանի համար. հասարակությունն ու պետությունը, որոնք սովոր են նման կերպ նսեմացնել իրական կամ հակառակորդ համարվողներին, նույնը կվարեն ցանկացած ներքին խմբերի հետ, որոնք ռեժիմը կհամարեն հետապնդման արժանի»,- ասաց նա։
Տեսսա Հոֆմանը ցավով արձանագրեց, որ ավելի քան 30 տարի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կառավարությունները չեն կարողացել նախաձեռնել վստահության միջոցների ստեղծում։
«Հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում ահագնացող և շարունակական բռնությունը, հաշվի առնելով պատերազմը և ռազմական հանցագործությունները, հաշվի առնելով շարունակվող պատերազմական հռետորաբանությունն ու ատելության աճող ներուժը Ադրբեջանում, վստահության ամրապնդման միջոցառումների շանսերն ավելի քչանում են, քան երբևէ: Միևնույն ժամանակ, դրանք ավելի անհրաժեշտ են, քան երբևէ»,- ասաց նա։