Եթե գաղտնազերծելու հնարավորություն կար, ապա պետք է ամբողջությամբ գաղտնազերծել, այլ ոչ թե մեկ կտոր, որտեղ անգամ Օնիկ Գասպարյանի խոսքն ավարտված չէ: Այս մասին այսօր «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ խոսելով Անվտանգության խորհուրդի հրապարակած ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի թեմայի մասին:
«ԶՈՒ-ում զեկույցի կարգը հետևյալն է՝ զեկուցում են այն, ինչը կատարվում է և այն, ինչը մեզ սպասվում է, ես վստահ եմ, որ կտրված մասում Օնիկ Գասպարյանը զեկուցում է այն, ինչը մեզ սպասվում է, որովհետև ես Օնիկ Գասպարյանի հետ խոսել եմ, ասել եմ՝ ամեն ինչ ներկայացրե՞լ ես գլխավոր հրամանատարին, ես հիմա կարող եմ երդվել՝ այն խոսքերը, որոնք Օնիկ Գասպարյանն ասել է նոյեմբերի 17-ին, ինձ ասել է սեպտեմբերի 30-ին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանել է սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:
Դիտարկմանը, թե իշխանություններն ամեն կերպ փորձում են ապացուցել, որ Օնիկ Գասպարյանը ստում էր այն մասով, թե պատերազմի 4-րդ օրն արդեն Նիկոլ Փաշինյանին կոչ է արել կանգնեցնել պատերազմը, գեներալ-գնդապետը պատասխանեց՝ Օնիկ Գասպարյանի ամենակարևոր առավելությունը նրա պարկեշտությունն է և համարձակությունն այն մասով, որ իրերն անվանում է այնպես, ինչպես կա:
«Բացառվում է, որ Օնիկ Գասպարյանը ստի: Այս տեսակետից հիմա ճիշտ է, որ Օնիկ Գասպարյանը չի խոսում և ցանկացած պաշտոնյա, որը պատերազմի ժամանակ ունեցել որոշում կայացնելու հնարավորություն, հիմա շատ ասելիք ունի, բայց ոչ եթերային, որովհետև դրա համար անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որպեսզի այդ նյութը հավաքագրվեն այդտեղ: Օնիկ Գասպարյանն ինչ էլ, որ խոսի, լուրջ գաղտնիություն է պարունակելու»,-ասաց նա և հավելեց, որ այս պահին այնքան կարևոր չէ, թե ով է մեղավոր եղել, այլ ավելի կարևոր է իմանալ, թե որոնք են եղել մեր կողմի բացերը և դրանք շտկել:
Հակոբյանը շեշտեց, որ իր ասածը բացարձակ չի նշանակում, որ մեղավորները չպետք է պատժվեն, բայց այս պահին ավելի կարևոր է, որ ապագան տեսնեն և բանակ ստեղծեն: «Բայց մեղավորները չպետք է մտածեն, որ պատերազմն ամեն ինչ ջնջելու ու տանելու է: Մեղավորները միանշանակ պետք է պատժվեն, ծառայողական քննություններ պետք է իրականացվեն, պետք է քրեական գործ հարուցվի, բայց մեր երկիրն այն վիճակում է, որ ժամանակ չկա այդքան սպասելու»: