Հատկապես շոգ եղանակին մեծանում են սննդից թունավորվելու դեպքերը: Ռիսկային է հատկապես սննդամթերքի բացօթյա վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, որն էլ կարող է աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների պատճառ դառնալ։
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի փոխանցմամբ՝ սննդի հսկողությունն այս տարի շատ վատ է:
«20 տարի է՝ գոռում ենք՝ փողոցում հացի վաճառքը հակասանիտարական է, խիստ վտանգավոր է, չի՛ կարելի, լսող չկա: Գարեգին Նժդեհի հրապարակում, կոշիկի կրպակի կողքին, ինչպես անցած, այնպես էլ այս տարի տատիկը փոքր սեղանիկին ցելոֆանով փաթաթած հաց է վաճառում, իսկ ամառվա տապին ցելոֆանն ավելի շատ թույներ է արտանետում, վտանգավոր նյութերը կպնում են հացին: Ո՞վ է հետևում, ոչ ոք: Ո՞վ է տեսել 40 աստիճանի ժամանակ ձուկը դնեն՝ փողոցում վաճառեն: Այդպիսի վիճակ է Մալաթիայի շուկայի շրջակայքում: Սառնարան չկա, բան չկա՝ ավելով բռնում՝ ճանճերին քշում է վաճառողը»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Ռուբեն Հայթյանը:
Հավելենք, որ հունիսի 29-ին քաղաքապետարանը տեղեկացրեց, որ բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության աջակցությամբ ստուգայցեր են իրականացնում քաղաքի կենտրոնական հատվածներում:
«Նշենք, որ անօրինական առևտրով զբաղվողները բազմիցս նախազգուշացվել են, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով խաղալիքների և գյուղմթերքի բացօթյա, ոչ սահմանված վայրերում վաճառքն արգելվում է: Ստուգայցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Անի Կարապետյան