Կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում սրտի կաթվածի և իշեմիկ ինսուլտի ռիսկը զգալիորեն մեծանում է, հայտարարել են շվեդական Ումեո համալսարանի գիտնականները: Այս մասին հաղորդվում է Lancet ամսագրում հրապարակված գիտական հոդվածում:
Սրտի վրա վարակի ազդեցությունը պարզելու համար փորձագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 86 հազար մարդ:
«Սա աշխարհում ամենամեծ ուսումնասիրությունն է կորոնավիրուսի և սրտանոթային հիվանդությունների միջև կապի վերաբերյալ»,- ընդգծվում է հոդվածում:
Նշվում է, որ գիտնականները COVID-19-ով հիվանդների մոտ սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի դեպքերը համեմատել են վերահսկողական խմբի (348 հազար մարդ) սրտանոթային խանգարումների դեպքերի հետ, որոնք գրանցվել են 2020 թվականի փետրվարի 1-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես պարզել են մասնագետները, կորոնավիրուսը հիվանդությունից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում մոտ երեք անգամ մեծացրել է սրտամկանի սուր ինֆարկտի և ինսուլտի վտանգը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը