Օմիկրոնը` Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը, որն արդեն տարածվել է աշխարհի առնվազն 20 երկրում, մտահոգություն է առաջացրել աշխարհի փորձագետների շրջանում։ Հարավային Աֆրիկայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը հասել է օրական 3000-ի, թեեւ նոյեմբերին գրանցվել էր օրական ընդամենը մոտ 300 նոր դեպք:
Վիրուսի այս տարբերակի մասին առայժմ շատ քիչ տվյալներ կան։ Սպիտակ տան COVID-19-ի հարցերով խորհրդական Էնթոնի Ֆաուչին ասում է, որ նոր շտամի փոխանցելիության եւ ծանրության մասին լրացուցիչ տեղեկություններ հավաքելու համար 2-ից 4 շաբաթ կպահանջվի: Սակայն արդեն կարելի է ենթադրել, որ օմիկրոնն ավելի արագ է փոխանցվում չպատվաստված մարդկանց շրջանում:
«Մենք նկատեցինք, որ հոսպիտալացված մարդիկ հիմնականում չպատվաստված են` նրանց մոտ 90 տոկոսը»,- պատմում է Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիայի փոխտնօրեն Մվուիսի Մզուկվան:
Բժիշկները հիմնականում պակաս ծանր դեպքեր են գրանցել օմիկրոն տարբերակով վարակվածների շրջանում, ասել է Մզուկվան: Հիվանդներն ավելի երիտասարդ են, բայց հիվանդության ընթացքը սովորաբար ավելի թեթեւ է։