Apple-ը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group-ի և նրա մայր ընկերության դեմ՝ նրանց մեղադրելով Apple-ի օգտատերերին լրտեսելու և հետապնդելու համար: Հայցը պարունակում է նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես է NSO Group-ը վարակել «զոհերի» սարքերը իր Pegasus լրտեսող ծրագրերով: Իր օգտատերերին հետագա չարաշահումներն ու վնասները կանխելու համար Apple-ը նաև պահանջում է NSO Group-ի կողմից Apple-ի ցանկացած ծրագրաշարի, ծառայության կամ սարքի օգտագործման մշտական արգելք:
NSO Group-ը ստեղծել է կառավարության կողմից հովանավորվող հսկողության տեխնոլոգիա, որը թույլ է տալիս թիրախավորված լրտեսող ծրագրերին լրտեսել կոնկրետ անձանց: Այս հարձակումները ուղղված են փոքր թվով օգտատերերի և ազդում են մարդկանց վրա բազմաթիվ հարթակներում, ներառյալ՝ iOS-ը և Android-ը: Հետազոտողները և լրագրողները հրապարակայնորեն փաստագրել են լրագրողների, ակտիվիստների, այլախոհների, գիտնականների և պետական պաշտոնյաների թիրախավորման համար այս լրտեսող ծրագրերի օգտագործման պատմությունը:
«Կառավարության կողմից հովանավորվող կազմակերպությունները, ինչպիսին է NSO Group-ը, միլիոնավոր դոլարներ են ծախսում բարդ հսկողության տեխնոլոգիաների վրա՝ առանց արդյունավետ հաշվետվողականության: Սա պետք է փոխվի։ Apple-ի սարքերն ամենաանվտանգ սպառողական սարքավորումն են շուկայում, սակայն մասնավոր ընկերությունները, որոնք մշակում են կառավարության կողմից հովանավորվող լրտեսող ծրագրերը, էլ ավելի վտանգավոր են դարձել: Թեև կիբերանվտանգության այս սպառնալիքներն ազդում են մեր հաճախորդների միայն շատ փոքր թվի վրա, մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր օգտատերերի դեմ ցանկացած հարձակման և մշտապես աշխատում ենք ամրապնդելու iOS-ի անվտանգությունն ու գաղտնիության պաշտպանությունը՝ ապահովելու մեր բոլոր օգտատերերի անվտանգությունը»,- նշում է Apple-ի ծրագրային ապահովման զարգացման գծով ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգը։
Միևնույն ժամանակ, Apple-ը բարձր է գնահատել Citizen Lab-ի և Amnesty International-ի աշխատանքը, որոնք ապացույցներ են գտել, որ Pegasus-ն օգտագործվում է iPhone-ի օգտատերերին կոտրելու համար ամբողջ աշխարհում: Apple-ը 10 միլիոն դոլար է նվիրաբերել այս և այլ կազմակերպություններին աջակցելու համար, որոնք հակազդում են կիբերհետևելիությանը:
Սիրարփի Աղաբաբյան