ԱՀԱԶԱՆԳ. ՀԱՊ-ում պահվող՝ հանրահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հավաքածուի ճակատագիրը վտանգված է
Advertisement 1000 x 90

ԱՀԱԶԱՆԳ. ՀԱՊ-ում պահվող՝ հանրահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հավաքածուի ճակատագիրը վտանգված է

Անդրադառնալով Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ)  2016 թվականի արտերկրյա ցուցահանդեսներին, այսօր հրավիրված հաշվետու ասուլիսի ընթացքում  հիշատակվեց նաև  Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում Հովհ. Այվազովսկու  200-ամյակին  նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով»  ցուցահանդեսի մասին, որ կազմակերպվել էր հուլիս ամսին և տևել մինչև նոյեմբեր, և որին  ՀԱՊ-ը  մասնակցել է  12 աշխատանքներով՝ տնօրեն Արման Ծատուրյանի գլխավորությամբ: «Ռուսաստանի Դաշնությունից դուրս միակ պատկերասրահը, որ պատիվ է  ունեցել մասնակցելու այս ցուցահանդեսին, եղել է Հայաստանի ազգային պատկերասրահը,- հպարտությամբ նկատում է ասուլիսի մասնակից, ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը և շարունակում,- Մենք շատ լավ, բարեկամական համագործակցություն ունենք Տրետյակովյան պատկերասրահի հետ, հետո գաղտնիք չէ, որ ՀԱՊ-ը՝ որպես թանգարան, Թեոդոսիայի թանգարանից հետո՝  աշխարհում երկրորդն է Այվազովսկու հավաքածուների քանակով: Այլ հարց է, թե ինչ վիճակում են այդ աշխատանքները պահվում, և ես  խոսելու եմ այսօր խնդիրների մասին: Շենքը ջեռուցվում է, բայց ներսում ցուրտ պայմաններ են,  իսկ եթե մեզ համար ցուրտ է, ապա աշխատանքների համար  կրկնակի վնաս է»:

Վերջինս  հետաքրքիր, լավ ու ստացված է որակում Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում Հովհ. Այվազովսկու  200-ամյակին  նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով»  ցուցահանդեսի կազմակերպումը. «Իրենց հնարավորությունները, իհարկե, չի կարելի  համեմատել մեր ունեցած հնարավորությունների հետ, և հետո, ես ինքս տեսա մոտ 3000-ին հասնող հերթեր: Չեմ կարող ասել՝ ինչո՞վ է պայմանավորված այդպիսի հետաքրքրությունն ու մեծ աժիոտաժն ընդհանրապես Տրետյակովյան պատկերասրահի կազմակերպվելիք ցուցահանդեսների հետ… բայց …երևի… շատ ավելի արվեստ սիրող  են ռուսները: Մեծ արձագանք ու ոգևորություն կար»:

Պարզվում է՝ մոսկովյան Տրետյակովյան պատկերասրահում  կազմակերպված Հովհ. Այվազովսկու  200-ամյակին  նվիրված   ցուցահանդեսի  բացմանը ներկա են եղել նաև հայաստանյան մամուլի ներկայացուցիչներ: Այս մասին հիշում է ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը. «Մեր լրագրողներից էլ ներկա էին այնտեղ՝ ցուցադրության բացմանը, և  մի քիչ բան եղան… երբ լրագրողն ինձ ասում էր՝ դե ասեք, որ ինքը հայ նկարիչ է, ես էլ որպես  մասնագետ՝ չեմ կարող ասել, որ ինքը հայ նկարիչ է, բացման խոսքումս ասացի՝ մեծ հայազգի զավակ, ռուս նկարիչ Այվազովսկի, ինչպես որ կա պատմության գրքերում և ընդունված է մասնագետների մոտ ասել: Դա մի  բան է, որ մենք ուզում ենք՝ նա լինի հայ նկարիչ, բայց իրականությունն այլ է՝ նա  մեծ հայ է, բայց ռուս նկարիչ: Չգիտեմ, երևի սա դուր չեկավ մեր լրագրողին, բայց մենք՝  որպես մասնագետ, պարտավոր ենք ասել այն, ինչ որ կա…»:

Ասուլիսի ընթացքում ՀԱՊ տնօրենն անդրադարձ կատարեց նաև  մեծանուն ծովանկարչի  ծննդյան 200-ամյակին նվիրված՝ արդեն  Հայաստանում անցկացվելիք  ցուցահանդեսին և գիտաժողովին վերաբերող որոշ մանրամասների, որ  նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա մայիս ամսին:

Պարզվում է՝ Արման Ծատուրյանն անտեղյակ է, նա պարզապես  չի տիրապետում՝ սեփական տնօրինության  տակ հայտնված՝ Ազգային պատկերասրահում  այս պահին  աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող  թվով քանի՞ աշխատանք է պահ տրված: Ըստ նրա՝ դրանց թիվը պետք է որ  մոտավորապես  72 աշխատանք լինի, որը, սակայն,  ինչպես  գլխավոր ֆոնդապահի ճշգրտմամբ տեղում պարզվեց, կազմում է  57 գեղանկար և  31 գրաֆիկա:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ