Ի՞նչ վտանգ է թաքցնում պարացետամոլը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ վտանգ է թաքցնում պարացետամոլը

Պարացետամոլը կարող է մահացու վտանգ ներկայացնել, զգուշացնում են Էդինբուրգի համալսարանի (Շոտլանդիա) գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է Circulation ամսագիրը, այդ դեղամիջոցի երկարատեւ օգտագործումը մեծացնում է զարկերակային բարձր ճնշում ունեցող պացիենտների սրտի հիվանդությունների եւ ուղեղի կաթվածների առաջացման հավանականությունը։

Գիտնականները հետազոտություն են կատարել, որին մասնակցել է արյան բարձր ճնշում ունեցող 110 կամավոր։ 2 շաբաթվա ընթացքում նրանց մի մասը օրը 4 անգամ խմել է պարացետամոլ, իսկ մյուսները դատարկահաբ։ Երկու դեպքում կամավորները դեղահաբերը ստացել են ռանդոմացված եւ կույր ձեւով։

Փորձարկվողների երկու երրորդը խմել է նաեւ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներ։ Արդյունքում՝ գիտնականները նկատել են, որ բարձրացել է մասնակիցների զարկերակային ճնշումը։

Գիտնականների խոսքով՝ պարացետամոլի մշտական օգտագործումը կարող է բարձրացնել սրտի հիվանդությունների կամ ուղեղի կաթվածի առաջացման վտանգը մոտ 20 տոկոսով։ Երբ փորձարկվողները դադարել են խմել այդ դեղամիջոցը, նրանց ճնշումը կարգավորվել է՝ հասնելով այն մակարդակին, որը կար հետազոտության սկզբում։

med.news.am