Զրույց հեքիաթագիր Մերի Սահակյանի հետ: Մեր զրուցակիցն առավել մանրամասն պատմեց նոր հրատարակվող գրքի և ապագա ծրագրերի մասին:
«Հեքիաթի համար դեռ երկու ձևակերպում ունեմ.
Հեքիաթը պատմություն է գրված մեծերի համար այնպես, որ փոքրերն էլ հասկանան:
Հեքիաթը պատմություն է, որն ավարտվում է ամենահետաքրքիր պահին»:
Մերի Սահակյան:
– Ինչպե՞ս սկսեցիք գրել:
– Ստեղծագործական ջիղս զգացել եմ դեռ երկրորդ դասարանում, երբ գրեցի առաջին բանաստեղծությունս: Դեռ մանկուց ունեցել եմ վառ երևակայություն. այնքան վառ, որ երբեք ինձ մենակ չեմ զգացել: Ինձ շրջապատող ամեն առարկա և՛ խոսել է, և՛երգել է և ուշադիր լսել է ինձ: Շատ եմ սիրել խաղալ: Երբեմն պատկերացնում էի , թե այդ խաղի մեջ ես արքայադուստր եմ՝գեղեցիկ- գեղեցիկ, երբեմն էլ աղքատ էի, տգեղ, բայց շատ թովիչ ձայն ու բարի սիրտ ունեի: Ես տարբեր աշխարհներ էի ստեղծում: Երևակայությանս ուրախ ճամփան ձգվում էր, երկարում և թողնում էր ինձ իմ հեքիաթներում այնքան, որ երբեմն չէի էլ կարողանում զգալ, թե որն է իրականը և որը հնարովին: Դպրոցահասակ տարիքում, երբ մեկնում էինք տատիկիս մոտ ամառային արձակուրդներն անցկացնեու, ես ամեն օր հեքիաթներ էի պատմում ինձանից փոքր զարմիկ, զարմուհիներիս համար: Նրանց դուր էին գալիս հորինվածքներս, և ես ինձ շատ կարևոր էի զգում: Այնուհետև երբ ծնվեց առաջնեկս՝ Լիլիթը , ամեն գիշեր մտքի օվկիանոսով միասին նավարկում էինք նորը բացահայտելու: Ցավս այն է , որ գրի չէի առնում, և երբ դստրիկս խնդրում էր կրկնել հեքիաթը, դժվարությամբ էի հիշում:
– Տեխնիկայի այս գերակշիռ դարում ի՞նչ դեր ունի ստեղծագործող մարդը ու նրա գրական ժառանգությունը: Ի՞նչ է մեզ տալիս երազելն ու երևակայությունը:
– Բոլոր մեծ գյուտերն ու տեխնիկական առաջխաղացումը հենց մարդու երևակայության ու երազելու միտումից է ծնվել, իսկ ի՞նչ են կարդացել նույն այդ գիտնականների համար մանուկ հասակում, իհարկե հեքիաթ, որտեղ էլ պատմել են նրանց թռչող սարքերի ու այլ կախարդական հնարքների մասին, որոնք մարդկային գիտական էվոլուցիայի ընթացքում վերածվել են իրականության: Հիշում ե՞ք «Ալվան ծաղիկն ու Նաստենկան» հեքիաթը, երբ Նաստենկան խնդրում է կախարդական ափսեին ցույց տալ իր քույրերին ու հորը, իսկ ափսեն կատարում է աղջկա խնդրանքը, նույն այս կախարդական ափսեն կարող ենք համեմատել , այսօրվա «Skype»-ի կամ «Apple video call»-ի հետ: Կարող ենք ասել, որ հեքիաթն ու երևակայությունն են մեզ հնարավորություն տալիս ստեղծել ու հայտնագործել այն, ինչն անհնարին էր թվում տասնամյակներ առաջ:
Էնշտեյնն ասել է. «Եթե ուզում եք, որ ձեր երեխան խելացի լինի, հեքիաթներ կարդացեք նրանց համար»:
Նույնիսկ մեծ ֆիզիկոսն էր տեսնում մարդկային երևակայության ուժն ու դրա պոտենցիալը: Շատ հեքիաթներ կարդացեք ձեր երեխաների, նույնիկ ձեզ համար, այն հաճելի րոպեներ կպարգևի ու կոգեշնչի ավելի ստեղծագործ լինել:
– Ո՞վ և ի՞նչն է ոգեշնչում ձեզ, և ի՞նչ է տալիս երեխային հեքիաթը:
– Կյանքը հեքիաթ է, հեքիաթը կյանքն է: Այն պետք է արտացոլի իրական կյանքը,և երեխայի հուզական աշխարհի վրա ճիշտ ներգործի, ենթագիտակցորեն նրան պատրաստելով կյանքի դժվարություններին:
Շատ հեքիաթներ ունեմ, որտեղ երեխան հերոսի հետ հրճվում, տառապում, արտասվում, պայքարում և հաղթում է: Պայքարը չարի ու անարդարության դեմ, ներարկում է վեհ ու անձնուրաց գաղափարներ, ինչպիսին են՝ ընկերությունը, բարությունն ու գլխավորը՝ երազանքը նպատակ դարձնել. ինչն էլ մեր օրերում ամենակարևոր մոտիվատորն է անձի համար:
Ամբողջությամբ՝ asekose.am