Հիմա անհամբեր սպասում եմ հենց այդ զանգին…
Advertisement 1000 x 90

Հիմա անհամբեր սպասում եմ հենց այդ զանգին…

Ներկայացնում ենք Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանի գրառումը.

«Երեկ մեր քահանաներից մեկը հետաքրքիր գրառում էր կատարել աստվածասեր և բարեպաշտ մի մարդու մասին, որն ինձ ստիպեց անպայման գրել ներքոգրյալ այս դեպքի մասին: Մի քանի օր առաջ կապույտ մզկիթի կանգառից նստեցի պատահական մի տաքսի` խնդրելով ինձ Ն. Նորքի 6-րդ զանգված տանել: Վարորդը պարզ և առանց այլևայլությունների մի մարդ էր, նախկինում երբեք նախարարի վարորդ չէր եղել և ոչ էլ բիզնեսներ էր ունեցել արտերկրում: Դեռ նոր էինք շարժվել, երբ մեր եկեղեցականներից մեկը զանգահարեց` հայտնելով սպասված մի նորություն:

Այդ պահին տաքսիստն ուրախությամբ գլուխը շրջեց և հարցրեց, թե եկեղեցական ի´նչ աստիճան ունեմ, ապա ինչպես հարկն է բարևեց: Քանի որ երկար ճանապարհ ունեինք միասին անցնելու, բնականաբար, թեժ և քաղցր զրույց բռնկվեց հոգևոր թեմաների շուրջ: Ի դեպ` մեքենայի մեջ միացված էր «Վեմ» ռադիոկայանը և այդ ժամանակ դասական համերգ էր: Տաքսիստն ասաց, որ միայն «Վեմ» է լսում և հատկապես մեր քահանաներից մեկի հաղորդումները` խնդրելով նրան շնորհակալություն հայտնել (նշեմ, որ վերջում զանգահարեցի տվյալ քահանային, և տաքսիստն անձնապես իր շնորհակալությունը հայտնեց նրան): Նա խոսում էր մեր ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու դերակատարության և հոգևորականների կարևոր առաքելության մասին` նշելով, որ ինքը երանելի է, քանզի ճանաչում է Աստծուն և միայն Նրան ապավինում: Չեմ թաքցնում` լուռ հետևում էի տաքսիստի մտածումներին և հոգուս խորքում փառք տալիս Աստծուն:

Տաքսիստը պատմեց նաև իր դարձի պատմությունը, որն ինձ շատ հուզեց: Իսկապես անքննելի են Աստծո ճանապարհները…: Նա տարիներ շարունակ չարաշահել է խմիչքը, որի պատճառով կարող էր նաև իր ընտանիքը կորցնել: Պատմում էր, որ խմում էր ինքնամոռաց, ոչինչ իրեն չէր հետաքրքրում, ամբողջ օրը միայն խմիչքի մասին էր մտածում: Նմանատիպ հարբած օրերից մեկի ժամանակ, երբ կորցնում է ինքնատիրապետությունը և գետին տապալվում, հանկարծ գլուխը բարձրացնում է և մի սպիտակ հագուստով մարդու տեսնում, որը նրան պատգամում է թողնել խմիչքը և փոխել իր կյանքը:

Երբ որոշ ժամանակ անց զարթնում է, խմածությունն արդեն թողել էր, հասկանում է, որ Աստված էր իրեն այցելել (իր խոսքերն են): Նա պնդում էր, որ այդ օրվանից սկսած` արդեն շուրջ 30 տարի, երբեք չի խմել, փոխել է իր կյանքի ընթացքը և միայն Աստծո ողորմության շնորհիվ պահպանել իր ընտանիքը: Հոգևոր մեծ ուրախությամբ էր պատմում, որ հաճախակի է եկեղեցի այցելում, Ս. Հաղորդություն ստանում և հոգևոր գրականություն կարդում` արդար քրտինքով վաստակելով իր ապրուստը: Ուրախությամբ և ջերմությամբ էր խոսում հոգևորականների մասին` նշելով, որ միշտ աղոթում է մեզ համար:

Մինչև տուն հասնելը, մենք բազում հոգևոր թեմաների մասին զրուցեցինք: Սա այն դեպքն էր, որ ուզում էի ճանապարհը երկարեր, և ես վայելեի այդ բարեպաշտ և աստվածասեր մարդու ընկերակցությունը: Երբ տեղ հասանք, սկսեց պնդել, որ չի կարող ինձնից գումար վերցնել, քանզի աշխարհականներն ամեն ինչով պետք է աջակցեն հոգևորականներին: Անկասկած ուրախ էի, բայց «ստիպված» էի հոգևոր տեսանկյունից իրեն բացատրել, որ այս դեպքում գումար վերցնելն արդարացված է, քանզի ինքն էլ պարտականություններ ունի տաքսի ծառայության և իր ընտանիքի հանդեպ: Մի խոսքով`իր խնդրանքով հեռախոսահամարս փոխանցեցի և խոստացա իրեն հոգևոր գրականություն նվիրել: Հիմա անհամբեր սպասում եմ հենց այդ զանգին…»:



Նման նյութեր