Ամերիկացի, իսպանացի և ճապոնացի կենսաբաններն ստեղծել են քիմեռներ՝ խոզի և մարդու հիբրիդներ: Համապատասխան հետազոտությունն առաջին անգամ հրապարակվել է Cell հանդեսում, դրա մասին համառոտ հայտնել է Nature News-ը:
Հիբրիդներն ստացվել են հետևյալ կերպ: Գիտնականները խոզի ավելի քան 1,4 հազար սաղմեր մտցրել են մարդու մակածված ցողունային բջիջների երեք տիպերից մեկում: Այնուհետև սաղմերը պատվաստվել են մայր խոզին, որտեղ դրանք հաջողությամբ զարգացել են: Մարդկային նյութի դինամիկային հետևել են ֆլուորեսցենտային սպիտակուցի միջոցով, որի արտադրության համար ծրագրավորվել էին մարդու ցողունային բջիջներ:
Արդյունքում՝ վերջինները խոզի սաղմում ձևավորել են բջիջներ, որոնք տարբեր տեսակի հյուսվածքների, մասնավորապես, սրտի, լյարդի և նյարդային համակարգի հյուսվածքների նախորդներ են: Խոզի և մարդու հիբրիդներին թույլ են տվել զարգանալ երեք-չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո էթիկական նկատառումներով դրանք ոչնչացվել են:
Գիտնականներն իրենց փորձերի վերջնական նպատակը տեսնում են այնպիսի օրգանների աճեցման արդյունավետ մեթոդիկայի մշակման մեջ, որոնք հետագայում պիտանի կլինեն հիվանդին փոխպատվաստելու համար: