Հրավառությունների աղմուկը քայքայում է պատերազմի վետերանների նյարդային համակարգը, կարծում է Ուեյնի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Արաշ Ջավանբախտը։
Պրոֆեսորի խոսքով, այս արձագանքը բնորոշ է ոչ միայն հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ (ՀՏՍԽ) ունեցող վետերանների համար: Այն նաեւ ազդում է միլիոնավոր այլ մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, փախստականների եւ արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցների վրա:
«Որպես հոգեբույժ, որը մասնագիտացած է տրավմաների եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների մեջ, ես կոչ եմ անում ձեզ չոգեւորվել այնպիսի գործողությամբ, որն այդքան տառապանք է պատճառում ձեր հայրենակիցներից շատերին»,- նշում է հոգեբույժը The Conversation-ում հրապարակված հոդվածում:
ՀՏՍԽ կարող է առաջանալ, երբ մարդը ենթարկվում է տրավմատիկ փորձի ծայրահեղ ազդեցության: Որպես կանոն, նման տրավման կապված է մահվան, լուրջ վնասվածքի կամ սեռական բռնության սպառնալիքի հետ: ՀՏՍԽ հանդիպում է նաեւ նրանց մոտ, ովքեր ականատես են լինում տրավմայի, կամ այն անձանց մոտ, ովքեր վերացնում են դրա հետեւանքները, ինչը հաճախ է պատահում արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցների հետ։
Այսինքն, ՀՏՍԽ-ից ենթադրաբար տառապում են տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ: ՀՏՍԽ-ի ախտաբանական չափանիշներին համապատասխանում են մարտական վետերանների եւ արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցների մինչեւ 30 տոկոսը, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց 8 տոկոսը: ՀՏՍԽ-ի ախտանշանները ներառում են մղձավանջներ, տրավմայի մասին կպչուն հիշողություններ, քնելու հետ կապված դժվարություններ, տրավմայի մասին հիշեցումներից խուսափում եւ այն, ինչ մենք անվանում ենք «գերգրգռվածության ախտանիշներ», բացատրում է մասնագետը:
Գերգրգռվածությունը՝ ՀՏՍԽ-ի հիմնական բաղադրիչը, առաջանում է, երբ մարդը գերզգոն է ցանկացած սպառնալիքի նշանների հանդեպ՝ անընդհատ լարված է, հեշտությամբ վախենում է եւ անընդհատ ստուգում է իրավիճակը:
«Պատկերացրեք, օրինակ, որ ձեր պատուհանի տակ լրիվ անկանխատեսելի բարձր ձայն է լսվում: ՀՏՍԽ-ով տառապող մարդկանց համար այդ ձայնը, որը հիշեցնում է կրակոց, ամպրոպ կամ ավտովթար, կարող է խուճապի նոպա առաջացնել կամ առաջացնել ֆլեշբեքեր՝ զգայական ապրումներ, որոնց դեպքում թվում է, թե հին տրավման տեղի է ունենում այստեղ եւ հիմա: Ֆլեշբեքերը կարող են այնքան ուժեղ լինել, որ մարտական գործողությունների վետերանները ընկնեն գետնին, ինչպես մարտի ժամանակ պայթյունի պահին: Հետագայում այդ ապրումները կարող են մղձավանջների, անքնության կամ ՀՏՍԽ-ի այլ ախտանիշների սրման պատճառ դառնալ»,- ասել է հոգեբույժը: