«Հեռուստացույցով մի քանի անգամ երևալուց հետո մեր երգիչ-երգչուհիները աստղաբաշխական թվերից են խոսում»
Advertisement 1000 x 90

«Հեռուստացույցով մի քանի անգամ երևալուց հետո մեր երգիչ-երգչուհիները աստղաբաշխական թվերից են խոսում»

Հայաստանում արդեն ինչ-որ չափով կարելի է համերգային բիզնեսը կայացած համարել: Եթե նախկինում երգիչներ էին հրավիրվում արտասահմանից, մասնավորապես՝ Ռուսաստանից, ապա այժմ նրանց փոխարինում են մեր հայ աստղերը, որոնց պակասը, կարծես թե, հայ հանդիսատեսը չի զգում:

Հետաքրքիր համերգային շոուներ են կազմակերպվում հայ աստղերի մասնակցությամբ, և հերթական անգամ՝ ամառային երկու երեկոներ թեժացան «Էյ-էյ-դի» պրոդյուսերական կենտրոնի կազմակերպած «Շոկ-շոու» համերգային ծրագրով, որը վարում էին Արամ MP3-ն և Շպռօտը: «Էյ-էյ-դի» պրոդյուսերական կենտրոնի մտահղացումն էր նաև Նունե Եսայանի և Շուշան Պետրոսյանի «Մայրանալուց առաջ» համերգային ծրագիրը, ամենատարբեր տոների նվիրված համերգներ: Համերգային բիզնեսում առաջատար կենտրոնի աշխատակիցները հավաստիացնում են, որ այնքան էլ ձեռնտու չէ համերգային շոու ծրագրեր կազմակերպել, որովհետև հայ հանդիսատեսն այնքան էլ գնողունակ չէ, բացի այդ, չկան հարմարավետ համերգային սրահներ: Այդ պատճառով առավել հաճախ կազմակերպվում են խմբակային շոու ծրագրեր և ոչ թե մենահամերգներ: Խմբակային համերգները հաճախ 2 օրով են կազմակերպվում, քանի որ հակառակ դեպքում ավելի քիչ հանդիսատես է լինում:

pizap.com14704746656921

Ըստ կազմակերպիչների, Երևանում չկա ոչ մի նորմալ դահլիճ։ 9000 տեղանոց Մարզահամերգային համալիրն օպտիմալ չէ նման ժամանցային համերգների համար, որովհետև շատ մեծ է, իսկ Օպերայի կամ Արամ Խաչատրյան համերգասրահները փոքր են։ Միջին մեծության, այսինքն` 3000-4000 տեղանոց դահլիճներ չկան:

Բացի այդ, հայկական շոու-բիզնեսը կոմերցիոն առումով դեռևս կայացած չէ: «Էյ-էյ-դի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Ս. Պողոսյանի խոսքերով, շուկան բավականին խաբուսիկ է, քանի որ հանդիսատեսը թեև սիրում է տվյալ աստղին, սակայն համերգին չի գնա, այսինքն` երգիչը կոմերցիոն չէ: «Էյ-էյ-դիի» տնօրենն ասում է, որ հրավիրում են այն աստղերին, ովքեր մեծ պահանջարկ և բարձր վարկանիշ ունեն: Թեև համերգի կազմակերպիչներն աշխատում են միայն ամենառեյտինգային երգիչների հետ, և թվում է, որ բոլորը միևնույն գումարն են վաստակում, այնուամենայնիվ, «գնացուցակում» տարբերություններ կան: Մեր շոու-բիզնեսում չկա շատ վառ ընդգծված անհատականություն, այսինքն` մեկը, ով լիդեր է։ Պարզապես կան մի քանիսը, ովքեր ունեն երկրպագուների մեծ բանակ, իսկ ընդհանուր առմամբ բոլորը հավասար են: Կոպիտ ասած, «սև ցուցակ» չկա. ընտրվում են այն բոլոր կատարողները, ովքեր արդեն կայացած են և պահանջարկ ունեն: Լինում են երգիչներ, ովքեր որոշակի բարդություններ, խնդիրներ են առաջացնում, որպեսզի ցույց տան, որ իրենք ավելի քան լավն են: Ըստ համերգային բիզնեսով զբաղվողների` առանց հովանավորների համերգներ կազմակերպելը շատ դժվար է, քանի որ ծախսերը գնալով շատանում են, հեռուստացույցով մի քանի անգամ երևալուց հետո երգիչները աստղաբաշխական թվերից են խոսում, իսկ թանկ գներով տոմսեր վաճառել հնարավոր չէ: Փաստորեն, դահլիճի չափը, հանդիսականների քանակը, տոմսերի գինն անփոփոխ է, բայց բոլոր ծախսերը աճում են, որովհետև երգիչներն այսքան չէին պահանջում երեք տարի առաջ: Առանց հովանավորների նույնիսկ անշլագի դեպքում կազմակերպիչները կորուստներ կունենան: Բացի այդ, հովանավորն իրականում պետք է համերգի հիմնական ռիսկն իր վրա վերցնի, իսկ հայկական հովանավորչությունը կարելի է սիմվոլիկ աջակցություն համարել: Մի քանի տարի առաջ համերգային շոու ծրագրերի շուկայում խայտառակություն էր, որովհետև գովազդվում և նշվում էին անուններ, որոնք համերգին չէին էլ լինում։ Այսինքն` գովազդում էին մի բան և տալիս էին բոլորովին այլ բան։ Համերգային կուլտուրան իսպառ բացակայում էր: Սակայն «Էյ-էյ-դի» պրոդյուսերական կենտրոնն իր գործունեության այս չորս տարիների ընթացքում փոքրիշատե կարգավորել է այս ոլորտը և վստահություն ձեռք բերել հայ հանդիսատեսի մոտ: Հանդիսատեսի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ նրանք իսկապես գոհ են համերգներից, միայն թե կցանկանային, որ երգիչները ֆոնոգրամայով չերգեն, քանի որ դա դիտվում է որպես անհարգալից վերաբերմունք: Սակայն «Էյ-էյ-դիի» տնօրենի հավաստմամբ, իրենք կազմակերպում են միայն կենդանի համերգներ, երբևէ ոչ մի երգիչ ֆոնոգրամայով չի երգել։ «Եղել են դեպքեր, երբ հիվանդ վիճակում որոշ պրոֆեսիոնալ երգիչների թույլ ենք տվել, որ ֆոնոգրամայով երգեն, բայց կոնկրետ «Շոկ-շոուին» ոչ ոք ֆոնոգրամայով չէր երգում։ Եթե կարծում են, որ երաժշտությունը կենդանի չէր, դա արդեն բոլորովին այլ խնդիր է, բայց երգիչներն իրենք էին երգում: Մենք չենք պատրաստվում ֆոնոգրամայի համար նրանց վճարել»,- ասում է Ս.Պողոսյանը:

Անի Հարոյան

«3 Միլիոն»