Starmus VI փառատոնի շրջանակում Հայաստան է ժամանել աստղալուսանկարիչ Օշին Զաքարյանը և օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն Աղվերանում Աստղալուսանկարչական դպրոցում դասախոսություն է կարդալու, փոխանցելու է իր փորձն ու գիտելիքները սկսնակ, որոշ դեպքերում՝ ընդհանրապես փորձ չունեցող աստղալուսանկարիչներին:
Օշինն այս ոլորտում իր առաջին քայլերը սկսել է 16 տարեկանից, երբ աստղերի հանդեպ իր հետաքրքրությունից ու սիրուց դրված գնացել է Իրանի հեռավոր գյուղեր։ Զաքարյանը հարուստ լուսանկարչական արխիվ ունի՝ բաղկացած հազարավոր լուսանկարներից:
Աստղալուսանկարչության և այդ ոլորտում կատարած քայլերի մասին զրուցել ենք Օշին Զաքարյանի հետ.
– Պարոն Զաքարյան, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց աստղալուսանկարչությամբ։ Ո՞վ կամ ի՞նչը պատճառ դարձավ, որ մուտք գործեք այդ ոլորտ։
– Դպրոցական էի, սիրում էի կարդալ աատղագիտական ամսագրեր, ու տեսնելով լուսանկարները` հաճախ ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյո՞ք ես ևս կարող եմ նման պատկերներ ստանալ։ Այսինքն՝ ինձ այդ լուսանկարներն էին մոտիվացնում։ Բացի դա, քանի որ Իրանում եմ ծնվել, իսկ ԱՄՆ-ում բնակվում եմ վերջին 10 տարում, մեզ մոտ ԱՄՆ-ում լույս տեսնող Astronomy ամսագիրը կար` պարսկերեն լեզվով, մի հոդված էր տպագրվել, թե ինչպես կարելի է լուսանկարել աստղերը` շատ պարզ, հասարակ տեսախցիկներով։ Սկսեցի լուսանկարել ու ուղարկել ԱՄՆ։ Առաջին լուսանկարները հետ էին ուղարկում, որովհետև անորակ էին։ Սակայն ես երբեք չհուսահատվեցի, ավելին, շարունակեցի ուղարկել, մինչև որ առաջին լուսանկարը տպագրվեց ԱՄՆ թերթերում 22 տարի առաջ` 2000 թվականի ապրիլին։ Հետո սկսեցի ուղարկել այլ ամսագրերի, ու այդպես՝ մինչ օրս։
– Ձեր լուսանկարները նաև վաճառվում են։ Այդ շուկա մտնելը հե՞շտ է։
– Դժվար է։ Աստղալուսանկարիչը պետք է շատ ճանաչված լինի։ Օրինակ, ես այլ լուսանկարներ ևս անում եմ, սակայն ոչ առանց երկնքի։ Իմ մտածելակերպը լրիվ աստղագիտական է։ Գիշերով կարող եմ նկարել հարս ու փեսայի` լուսնի լույսի ներքո։
– Կարո՞ղ ենք ասել, որ աստղալուսանկարիչները նաև ճանապարհորդներ են, որովհետև, օրինակ, Դուք Իրանի գյուղերում եք շրջել, այցելել տարբեր տեսարժան վայրեր՝ գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար։
– Հետաքրքիր են գիշերային ճանապարհորդությունները, խորոված, սուրճ պատրաստելը։ Սուրճի մասնագետ եմ (կատակում է.- Ա.Կ)։ Ի դեպ, օրինակ, Արևի կամ Լուսնի խավարումը նկարելու համար այս կամ այն երկիր հնարավոր է գնաս։
Անի Կարապետյան
168.am