«Կասեք՝ մեռնողի համար ի՞նչ՝ իրեն ուր կթաղեն, ու ճիշտ եք, բայց՝ ապրողի համար ի՞նչ՝ մեռնողն ինչ զորավոր էր ու հանճարեղ, եթե նրանից հետո՝ նրան «պահել չգիտեն»». Էդուարդ Մանվելյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կասեք՝ մեռնողի համար ի՞նչ՝ իրեն ուր կթաղեն, ու ճիշտ եք, բայց՝ ապրողի համար ի՞նչ՝ մեռնողն ինչ զորավոր էր ու հանճարեղ, եթե նրանից հետո՝ նրան «պահել չգիտեն»». Էդուարդ Մանվելյան

Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից.

«Ոչ անհայտ Շառլ դե Գոլը, իր մահվանից առաջ, վերջին խնդրանքով դիմել էր, որ իրեն չթաղեն Փարիզի պանթեոնում, պատճառաբանելով՝ «Հանրապետությունն ավելի արժանավոր զավակներ ունի․․․»:

Դե Գոլի դերը Հանրապետության պատմության մեջ բաց թողնենք ու վերադառնանք Երևանի պանթեոն, որտեղ, թվում է, թե ժամանակի հետ կորցրեցինք «ծանրութեթև» անելու երբեմնի արժանապատիվ դատողությունը․․․

Հենրիկ Մալյանը մնաց Թոխմախում, երևի՝ Հայաստանն ավելի «արժանավոր» զավակներ ուներ, քան՝ Հայ կինոյի նվիրյալը՝ Մոհիկանը․․․

Կասեք՝ մեռնողի համար ի՞նչ՝ իրեն ուր կթաղեն, ու ճիշտ եք, բայց՝ ապրողի համար ի՞նչ՝ մեռնողն ինչ զորավոր էր ու հանճարեղ, եթե նրանից հետո՝ նրան «պահել չգիտեն»։

«Թվում է՝ ես ինձ հիշում եմ իմ ծննդյան օրից, երբ կկոցած աչքերիս միջից մեր գորշավուն առաստաղի ֆոնին տեսա հավանաբար իմ մայրիկի, հայրիկի, քրոջս ու մորաքրքոջս հետաքրքրված հայացքները, որ լի էին զարմանալի ու անկրկնելի էակ ընկալելու տենչանքով: Թվում է, թե հիշում եմ ինձ շրջապատող բոլոր առաջին պատկերները՝ օրորոցի թրխթրխկոցի ուղեկցությամբ: Հիշում եմ երկնքի կապույտը և նրան կպցված արևի շողշողուն սկավառակը, որ մեր փոքրիկ վանդակավոր խոնավ պատուհանից մեկ ընկնում էր ցած, մեկ ցատկում էր վեր: Եվ արդեն ոչ թե թվում է, այլ հաստատ հիշում եմ, երբ երկարատև իմ հորիզոնական դիրքից հետո առաջին անգամ ուղղահայաց կանգնեցի աշխարհի վրա ու ամեն ինչ սկսեցի տեսնել նորից,՝ միայն թե արդեն այլ դիտակետից: Հետո խաղալիքների մի գույնզգույն աշխարհ, հետո մեր կանաչ բակը, հետո «երկուսների» ու «հինգերի» մի անիմաստ մրցավազք դպրոցում…

Հետո, կյանքի մի դաժան փորձություն, 1941 թվական՝ պատերազմ, հետո գործարանային դաժան մի ռեժիմ, և, իհարկե, նաև անխուսափելի Տերյանը: Եվ մի քանի առաջին սերեր՝ հինգ, տասը, տասնհինգ և մանավանդ տասնյոթ տարեկանում: Հետո պատերազմի ավարտը, մայիսյան մի խաղաղ առավոտ…»:

Մալյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների թե Հայստանում, թե ամբողջ աշխարհի հեղինակավոր փառատոններում: Տասնյակ հրաշալի ֆիլմեր նկարահանելով՝ նրան միևնույն է, թվում էր, թե ինքը ոչինչ չի հասցրել անել: Նա դեռ բազմաթիվ գաղափարներ ու երազանքներ ուներ, սակայն, ցավոք, նա շատ վաղ մահացավ՝ ընդամենը 63 տարեկան հասակում: Սակայն նրա ստեղծածն էլ բավական էր, որ ամբողջ աշխարհը ճանաչեր ու սիրեր հայկական կինոն:

«Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ հարցերից մինչև կենցաղային, ամենապարզ հարցերը ես գլուխ չեմ հանում: Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, ինչպես նաև հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից և այլն, և այլն…բայց․․

Ես գիտեմ մարդուն:

Ես գիտեմ մարդու բոլոր թուլությունները և նրա ուժը նույնպես:

Գիտեմ նրա բոլոր ձգտումները:

Գիտեմ այդ ձգտումների բոլոր շարժառիթները:

Գիտեմ նրա խոսքը ու խոսքի տակ թաքնված լռությունը:

Գիտեմ նրա լռությունը և լռության տակ թաքնված խոսքը:

Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:

Գիտեմ, և գուցե, հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան և խոնարհվում նրա առջև:

Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց:

Ես ոչ ոքի համար չեմ ստեղծագործում, բացի մարդուց:

Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միմիայն մի հանդիսատեսի, եթե ես իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ ՄԻՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ ինձ անվանելու արվեստի գործիչ:

Ինձ համար մեկ հանդիսատեսը հավասար է, ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ Է միլիոնին: Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները ուրիշներին…

Ինձ` միմիայն մի հոգի, մի մարդ, մի հանդիսատես…»:

Շնորհավոր տարեդարձ, Վարպետ ջան!

Նկարում՝ մանկության ընկերները՝ Ֆրունզե Դովլաթյան, Աղասի Այվազյան, Հենրիկ Մալյան»։



Նման նյութեր