Գարիկի ու Ֆելիքսի տոմսերը Սուքիասյանների ավիաընկերությունն է հատկացնում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Գարիկի ու Ֆելիքսի տոմսերը Սուքիասյանների ավիաընկերությունն է հատկացնում. hraparak.am

Հանրային հեռուստաընկերությունը նոր հաղորդում է սկսել՝ «ՖելաԳար ճամփորդություն» անունով, որի շրջանակներում Գարիկ Պապոյանն ու Ֆելիքս Խաչատրյանն ուղեւորվում են տարբեր երկրներ ու պատմում այդ երկրում տեղի ունեցող ինչ-որ փառատոնի մասին, սակայն շուրջ 20 րոպե տեւող հաղորդման ընթացքում մոտ 1 րոպե ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ֆլայ ուան Արմենիա» ավիաընկերության գովազդն է գնում, որի ընթացքում Գարիկն ու Ֆելիքսը գովում են այդ ավիաընկերությունը։ Հաղորդման վերջում էլ տեղեկանում ենք, որ հաղորդումը ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ է իրականացվում։ Հանրային հեռուստաընկերությանն ուղղված մեր գրավոր հարցմամբ նախ փորձեցինք ճշտել, թե ինչ աջակցություն է ցուցաբերում ԱԳՆ-ն հաղորդմանը՝ ֆինանսապե՞ս է աջակցում, թե՞ որեւէ այլ ձեւով։

«Առաջին ալիքից» պատասխանել են․ «Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «ՖելաԳար ճամփորդություն» հաղորդմանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աջակցում է բացառապես այլ երկրներում ՀՀ դեսպանությունների հետ կապ հաստատելու եւ նախապես անհրաժեշտ տեղեկություն ստանալու առնչությամբ»։

Այնուհետեւ հետաքրքրվել էինք, թե «Ֆլայ ուան Արմենիա» ավիաընկերությունը որքան գումար է վճարում հարկատուների հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության եթերում իրեն գովազդելու համար։ Հ1-ից հետեւյալ պատասխանն են տվել․

««Ֆլայ ուան» ավիաընկերությունը տրամադրում է նկարահանող խմբի տոմսերը, համագործակցության ֆինանսական ծավալն ավիաընկերության առեւտրային գաղտնիքն է»։ Այս պատասխանից ենթադրել կարելի է, որ ավիաընկերությունը գումար է վճարում Հ1-ին, սակայն դա գաղտնի է պահվում։

Հանրային հեռուստաընկերությունից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ նպատակ է հետապնդում հաղորդումը, արդյո՞ք միայն ժամանցային նշանակություն ունի։ «Հաղորդումն ունի ժամանցային եւ ճանաչողական նշանակություն: Հաղորդման շրջանակներում հայ հեռուստադիտողի համար բացահայտվելու են աշխարհի տարբեր երկրներում գործող ոչ այնքան հայտնի եւ հետաքրքրաշարժ փառատոները, թե ինչպես են դրանք կազմակերպվում եւ անցկացվում»։

Փաստորեն, այլ երկրների փառատոներին ծանոթանալու հնարավորություն հայ հեռուստադիտողն ունի, իսկ սեփական երկրի տարբեր համայնքների պատմությանն ու կյանքին ծանոթանալու հնարավորություն այլեւս կարծես թե չունի։ Մեր հարցին, թե ինչու է փակվել «Հայաստանի ճամփեքով» հաղորդաշարը, որի վերջին թողարկումը նկարահանվել է 2021 թվականի հուլիսի 10-ին, Հ1-ից պատասխանել են․ ««Հայաստանի ճամփեքով» հաղորդման առնչությամբ հայտնում ենք, որ ստեղծագործական տնօրինությունը փոխարինել է տվյալ հաղորդաշարը ճանաչողական այլ նախագծերով»։ Իսկ թե որ նախագծով են փոխարինել, Հ1-ից չեն նշել։

Մենք կապվեցինք նաեւ հաղորդման վարողներից Գարիկ Պապոյանի հետ՝ նրան հարցրինք, թե ԱԳՆ-ն իրենց ինչպես է աջակցում։ «Ես տեղյակ չեմ, դա ադմինիստրատիվ հարց է»,- պատասխանեց Պապոյանը։ Հարցրինք՝ արտերկիր գնալիս այնտեղ գործող ՀՀ դեսպանատների հետ կապ հաստատո՞ւմ են, ինֆորմացիա ստանո՞ւմ են դեսպանատներից։ «Դա իմ մասով չէ, ես տեղյակ չեմ։ Գուցե հաստատում են, բայց դա մինչեւ մեր գնալն է տեղի ունենում կամ մեր գնալու ընթացքում։ Քանի որ բաժիններ կան, օրինակ՝ միջազգային կապերի բաժին, իրենք այդ հարցերը մինչեւ մեր գնալը կամ զուգահեռ լուծում են, հավանաբար՝ ԱԳՆ-ն աջակցում է այդ պրոցեսին կամ այդ պրոցեսի ինչ-որ մասերին։ Ես մանրամասն չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, դա իսկապես ադմինիստրատիվ մաս է»,- պատասխանեց Պապոյանը։ Այս պատասխանից ակնհայտ է, որ ԱԳՆ-ն որեւէ դերակատարում չունի։ Նրան հարցրինք, թե ինչպես է մեկնաբանում իրենց հաղորդման նշանակությունը։ Պապոյանը պատասխանեց․ «Մարդկանց, ովքեր հետաքրքրվում են աշխարհում կատարվող տարբեր ծիսակատարություններով, տարբեր ավանդույթներով, ովքեր որ սիրում են իմանալ, թե ինչպես են տարբեր ազգերն ապրում, ինչ ավանդույթներ կան, որոնք ձեւավորվել են դարերի ընթացքում, ինչպես մեզ մոտ, օրինակ, Վարդավառն է, մենք էլ ունենք հետաքրքիր ավանդույթներ։ Մարդիկ կան, որ նման թեմաներով նախընտրում են հատուկ ալիքներ, օրինակ՝ «Դիսքավերին» կամ «BBC world», նման ծրագրեր են նայում։ Հիմա մեր հաղորդումն ունի կոմպոնենտ՝ այդ տեսակ մարդկանց բերել նաեւ հայկական հեռուստաընկերությունների դաշտ։ Նրանց, ովքեր սիրում են արկածային հաղորդումներ եւ ովքեր ուզում են իմանալ տարբեր երկրների դարավոր ավանդույթների եւ ծիսակատարությունների մասին։ Այնպես որ, կարծում եմ՝ հաղորդումն ունի նաեւ ուսուցողական կոմպոնենտ»։

hraparak.am