Գայուշն ուրիշ հոգի ուներ, ուրիշ մակարդակ, ուրիշ դաստիարակություն. Ռուզաննա Խաչատրյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գայուշն ուրիշ հոգի ուներ, ուրիշ մակարդակ, ուրիշ դաստիարակություն. Ռուզաննա Խաչատրյան

Լրագրողական աշխարհը ծանր կորուստ ունեցավ. այսօր մահացավ հեռուստալրագրող Գայանե Փայտյանը: Գործընկերները տարբեր դրվագներ են հիշում և պատմում պայծառ այդ անհատականության հետ հանդիպումներից, համատեղ աշխատանքից: Լրագրող, հրապարակախոս Ռուզաննա Խաչատրյանը առանձնացրել է 2009թ. Գայանե Փայտյանի մի հարցազրույցից հատվածներ. «Գայանե Փայտյան: Դուք ախր հիմնականում չգիտեք, թե ինչ կա էկրանից ժպտացող մարդկանց հոգում: Գայուշն ուրիշ հոգի ուներ, ուրիշ մակարդակ, ուրիշ դաստիարակություն: Գայուշը լավ մարդ էր. հիմա հերթով մի քանի մեջբերում կհավաքեմ այստեղ՝ «TVալիք» թերթի 2009թ. այս հարցազրույցից»,-գրել է նա՝ ներկայացնելով հարցազրույցից պատառիկներ.

. Երբ պապաս մահացավ, ես 17 տարեկան էի, քույրս՝ 4։ Մամայիս ու քրոջս հետ մնացինք լրիվ մենակ։ Բայց կարողացա այդ տարիքում հավաքել ինձ ու ընտանիք պահել։

. Քրոջս համար տաք դուբլյոնկա էի երազում առնել։ Ախր շատ փոքր էր։ Իր թեթև վերարկուի տակից լիքը շորեր էինք հագցնում, որ չմրսի։ Ինքս մի երկու ձմեռ վերարկու չեմ ունեցել, շատ թեթև պիջակ էի հագնում…

. 92 թիվն էր, այդ օրը հերթապահ էի «Լրաբերում»։ Ավելի տարեց հաղորդավարը վատ էր զգում, ինձ գցեցին եթեր, ու որևէ մեկը չասաց, թե ոնց պիտի պահեմ ինձ, ինչ պիտի անեմ… Որևէ մեկին 18 տարեկանում «Լրաբեր» չեն թողել։

. Դեռ առաջին կուրսից եմ աշխատել։ Մի քանի կուրսեցիներով սցենար գրեցինք, տարանք պետական հեռուստատեսության երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր Ղուկաս Սիրունյանին, հավանեց, նկարեցինք, եթեր տվեցինք։ Հետո խումբը ցրվեց, մնացինք ես ու Փաշինյան Նիկոլը, շարունակեցինք այս հաղորդումը։ Այդպես 1991-ից մտա հեռուստատեսություն։

. Մի անգամ ամուսնուս պատմեցի, որ երազել եմ դպրոց ունենալ։ Մեկ էլ իմանում եմ, որ ամուսինս ու իր հայրը սկսել են գործը։ Ես հինգ տարի երազել էի, իրենք ամիսուկեսում ստեղծեցին, բացեցին այս դպրոցը։

. Չմտածեցի՝ Էդոն ինձ ինչ կտա, ինչով կապահովի։ Ինձ համար կարևորն իր ինտելեկտն է, հրաշալի ընտանիքը, սիրելու և նվիրվելու ունակությունը…

. Այնքան հետաքրքիր ենք ծանոթացել. «Տրիումֆ» սրճարանում հաղորդմանս հյուրին էի մի կես ժամ սպասում, չեկավ։ Վեր կացա, կողքի սեղանից մի տղա մոտեցավ, թե կարելի՞ է երկու րոպե խոսել (շատ ավելի հետո էր հեռուստացույցից ճանաչել)։

. Շուկայում գտա պապայիս ճիշտ նույն 06-ից, նույն գույնի։ Ինձ նույնիսկ թվում էր, թե հենց պապայիս մեքենան էր։ Մամաս երկու օր հետս չխոսեց, երրորդ օրն ասաց՝ ինձ խանութ կտանե՞ս գործի գնալուց։

. Երբ երկու մարդ ժամադրվում, հանդիպում են փողոցում, իրար կողքի քայլում են, չէ՞։ Մենք Էդոյի հետ մեքենաներով իրար հետևից գնալով էինք զբոսնում»։

 



Նման նյութեր