Նարինե Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից․
«Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ավաղ, խիստ խաթարված է։ Այս եռամիասնության կենսունակության շնորհիվ հնարավոր է եղել կյանքի կոչել մի շարք կարևոր հարցեր՝ սկսած հայրենիքում իրականացվող ներդրումներից, ենթակառուցվածքներ կառուցելուց, մինչև լոբինգի ու ազգային շահի առաջ մղում։
Ներկայումս առկա են բազմաթիվ խնդիրներ, քանի որ թուլացել է հայկական համայնքի դերն ու հնարավորությունները՝ պայմանավորված պատերազմի աղետելի ելքով և ոչ պակաս անընդունելի հետպատերազմական իրավիճակով:
Այս կծիկի նման ամուր թվացող կապի թուլացման պատճառներից մեկն էլ քաղաքական անհամաձայնություններն են, քանի որ վերջիններս չունեն այն ամուր հենարանը, որին կարող են հղում անել՝ հանձինս ՀՀ կողմից վարվող քաղաքականության կամ օգտագործելով մեկը մյուսի հնարավորությունները՝ որոշակի արդյունքներ գրանցել։ Հաճախ ճիշտ հակառակին ենք ականատես լինում, և միմյանց հակասող ու իրարամերժ քայլեր են իրականացվում։ Այս տարաձայնություններն ու ընդհանուր հատման կետերի բացակայությունն էլ հանգեցնում է եռամիասնության և Սփյուռքում մեր համայնքների թուլացմանը։
Ներքաղաքական դաշտում ձևավորված պառակտման արատավոր երևույթն ալիքաձև հասավ նաև սփյուռք։ Գաղթօջախների ներսում ևս թշնամություն և պառակտումներ սկսվեցին, այնինչ նմանօրինակ իրավիճակում միասնությունը, ոգին և համահայկական երազանքներն այն բացառիկ կարևոր բաղադրիչներն են, որոնք կարող են ցանկալի արդյունք ապահովել։
Ոչ պակաս կարևոր համախմբող հարց էր նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Այս հարցում ևս մեծ կաշկանդվածություն ունի Սփյուռքը…
Իրականում խնդիրներ միշտ են եղել, բայց պետք էր վարել այնպիսի քաղաքականություն, որը միտված կլիներ Սփյուռքի ներուժի առավել մեծ ներգրավմանը՝ «քանդել-հավաքելու» քաղաքականություն իրականացնելու փոխարեն։
Ցեղասպանության ճանաչման գործընթացը, Արցախյան հիմնախնդիրը, և ընդհանուր շահ հետապնդող հարցերը այն միավորող բաղադրիչներն են, որոնց շուրջ համահայկական կոնսեսուս է եղել միշտ և իրապես համախմբել է համայն հայությանը։ Հիմա, երբ Սփյուռքը կաշկանդված է այդ հարցերում և չունի «հանձնարարականներ», անհրաժեշտ է ազգային ուղտի ձևավորում՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կրկին կենսունակ դարձնելու համար։
Իհարկե խնդիրները շատ ավելի խորքային են ու բազմաշերտ, բայց եռամիասնության կենսունակության պահպանումն այս պահի համար ՀՀ քաղաքականության կարևոր հենասյուներից մեկն է»։