Facebook սոցիալական ցանցի եւ դրա օգտատերերի հոգեկան վիճակի վատթարացման միջեւ պատճառահետեւանքային կապ է հայտնաբերվել։ Թել Ավիվի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ տագնապ եւ դեպրեսիա է առաջացել:
Քոլեջների ուսանողների հուզական վիճակն ուսումնասիրելով՝ Թել Ավիվի գիտնականները կապ են գտել սոցիալական ցանցերի օգտագործման եւ հոգեկան առողջության վատթարացման մասին վկայող տարբեր ախտանիշների միջեւ: Հետազոտողները նման եզրակացություններ նախկինում էլ են արել, սակայն դժվարացել են պարզել, թե արդյոք հոգեկան վիճակի վատթարացման պատճառը սոցիալական ցանցերն են եղել։ Հետազոտության նոր մեթոդի կիրառումը հնարավորություն է տվել ամերիկացի ուսանողների հոգեկան վիճակի վրա Facebook-ի բացասական ազդեցությունը հաստատող տվյալներ ստանալ։
Օգտագործվել են 2004 թվականին Facebook-ի ի հայտ գալու սկզբնական շրջանի եւ այն շրջանի տվյալները, քանի դեռ այն չէր գրավել ամբողջ համացանցը։ Սկզբում Facebook-ը հասանելի էր միայն Հարվարդի ուսանողների համար։ Հետագայում այն տարածվեց ԱՄՆ-ի այլ քոլեջներում եւ դրանց սահմաններից դուրս՝ դառնալով հանրամատչելի ցանց 2006 թվականի սեպտեմբերին: Հետազոտողները կարողացել են վերլուծել սոցիալական ցանցերի օգտագործման ազդեցությունը՝ համեմատելով այն բուհերը, որոնք հասանելիություն են ունեցել հարթակներին, եւ նրանք, որոնք չեն ունեցել:
Պարզվել է՝ այն բուհերում, որոնք հասանելիություն են ունեցել ցանցին, աճել է ծանր դեպրեսիա եւ տագնապայնություն ունեցող ուսանողների թիվը։ Վերջին 15 տարիների ընթացքում ԱՄՆ-ում դեռահասների եւ երիտասարդների հոգեկան առողջությունը զգալիորեն վատթարացել է: Ենթադրվում է, որ դա կարող է կապված լինել սոցիալական անբարենպաստ համեմատությունների հետ: Իսկ սոցիալական ցանցերը հենց այն հարթակներ են, որտեղ երիտասարդներն անընդհատ իրենց համեմատում են ուրիշների հետ։