44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում կարմիրբերետավորների բռնությունների գործով որևէ տեղաշարժ չկա, ավելին՝ ոստիկանությունն է դատարան դիմել՝ բերման ենթարկված ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնելու համար:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը ոստիկանության պահանջը բարոյական նահանջի և անպատիժ մնալու հետևանք համարեց:
«Եթե մարդիկ ինչ-որ բան անում են ու չեն պատժվում՝ հենց նույն ոստիկանական գործողությունները, առհասարակ, իշխանությունների արարքները, դա բերում է լկտիացման: Հոգեբանության մեջ մի ձևակերպում կա՝ «լկտիացման մեխանիզմ». եթե չկա արդարացի պատիժ, ուրեմն հաջորդում են էլ ավելի խորը ու բարոյականության դեմ արարքներ»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց հոգեբանը:
Ի դեպ, նա հավելեց նաև, որ ոստիկանությունն այդ կերպ նաև փորձում է վախի մթնոլորտ տարածել, քանի որ վախեցած մարդիկ առավել կառավարելի են:
«Մեծ վիրավորանք է մեզ բոլորիս, որ զոհված մեր զինծառայողների հարազատների, ծնողների հանդեպ նման վերաբերմունք կա. սա մեծագույն ապտակ է մեր բարոյական արժեքներին ընդհանրապես: Մենք ապրում ենք բարոյական նահանջի, իշխանության լծակներ կրողների ամենաթողության ժամանակներում: Իսկ ոստիկանական ողջ մեքենան փոխարենը ծառայի իր ժողովրդին՝ իշխանությունների ձեռքին վախեցնելու մի գործիք է դարձել»,- մանրամասնեց հոգեբանը:
Հիշեցնենք՝ 2022 թ. սեպտեմբերի 21-ի լուսաբացին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել: Դեռ գիշերվանից հավաքված զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ դեմ էին Հայաստանի Անկախության 31-ամյակի առիթով զինվորական պանթեոն Նիկոլ Փաշինյանի այցին:
Ոստիկանության կարմիր և սև բերետավորները բիրտ ու անմարդկային մեթոդներով բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմի զոհերի 37 ծնողների՝ թույլ չտալով մնալ մարտի դաշտում ընկած իրենց որդիների շիրիմների մոտ։ Ծնողներն իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն փորձում էին թույլ չտալ՝ պնդելով, որ հենց նրանք են իրենց որդիների մահվան թիվ մեկ մեղավորը։
Ի դեպ, այս թեմային անհասկանալի շեշտադրումով անդրադարձել էր նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով. «Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանիսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում»: