2017 թվականին Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի (Queen Mary University of London) գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել մեղուներին վարժեցնելու համար։ Միջատներին քաղցր էին պարգևատրում, երբ վերջիններս գլորում էին փայտե թեթև գնդիկը հատուկ անցքի մեջ:
Դիտարկումների ժամանակ գիտնականները նկատել են, որ մեղուները սկսել են ինքնուրույն պտտել գնդակը՝ առանց վարձատրության։ Մեղուների վարքագծի հետագա ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ այս միջատներն ունեն այն, ինչը մենք անվանում ենք խաղային վարքագիծ:
Երբ գիշատիչ կենդանու ձագերը խաղում են դեռևս կենդանի որսի հետ, սա, որպես այդպիսին, դեռևս խաղ չէ, այլ որս սովորելու գործընթաց՝ ձագերի համար մատչելի ձևով: Հետապնդելը, կռվելը, միմյանց դարանակալելը, թեև զվարճանքի ու ինքնին խաղի տեսք ունեն, սակայն դա նույնպես սովորելու և վարժվելու գործընթաց է: Այնուամենայնիվ, շան կամ կատվի ձագը ինքնաբերաբար կարող է սկսել խաղալ գնդակով կամ տերերի հողաթափերով, պարզապես այն պատճառով, որ դա իրենց դուր է գալիս: Ոչ մի օգուտ չկա, բայց կա հաճույք, սա վարքագծի բարդ ձև է, որը նախկինում չի նկատվել միջատների մոտ:
Մեղուների հետ փորձերի ժամանակ գիտնականները տարածքից հեռացրել են այն բոլոր գործոնները, որոնք կարող էին շփոթության պատճառ դառնալ: Ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ մեղուները հնարավորություն ունենան ազատ ուսումնասիրել տեղանքը՝ ունենալով ազատ տեղաշարժի և սննդի հասանելիություն։ Նախապես վերացվել են մեղուների համար հնարավոր սթրեսային բոլոր գործոնները։ Այսինքն՝ մեղուները գնդիկների հետ խաղալու ոչ մի դրդապատճառ չունեին, բայց դա արել են, իսկ որոշները՝ հարյուրավոր անգամներ։
Փորձերն ապացուցել են, որ մեղուները խաղային վարք ունեն, բայց դա միայն նոր հարցեր է առաջացրել։ Գնդիկների հետ խաղալը չի նպաստում մեղուների համար որևէ օգտակար հմտությունների զարգացմանը, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ են մեղուներն անում դա։ Ենթադրվում է, որ միջատի ուղեղը չափազանց փոքր է և պարզունակ, որպեսզի ենթադրի դրանում հույզերի և մտքի գործընթացների առկայություն, և ոչ միայն ռեֆլեքսներ: Սակայն այժմ գիտնականները լրացուցիչ հիմքեր ունեն ենթադրելու, որ կենդանի էակների միտքը գնահատելու նման մոտեցումը կարող է սկզբունքորեն սխալ լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց ita.am-ը