Google-ին հերթական անգամ մեղադրում են իր Play Market հավելվածների խանութի հետ կապված հակամրցակցային պրակտիկայի մեջ։ Այս խանութի շրջանակում տեղի ունեցող գործարքների մեծ մասից գանձվում է չափազանց մեծ՝ 30% միջնորդավճար: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային օկրուգի դաշնային դատավոր Ջեյմս Դոնատոն վարույթ է ընդունել կոլեկտիվ հայցը, որը կարող է վերաբերել Play Market-ի ավելի քան 21 միլիոն օգտատերերի։
Ինչպես տեղեկացնում է The Register-ի՝ նոր հակամենաշնորհային գործը վերաբերում է ԱՄՆ 12 նահանգներից Play Market-ի օգտատերերին, որոնք 2016 թ․ օգոստոսից ի վեր հավելվածներ են գնել հարթակից կամ հավելվածի ներսում գնումեր են արել։
Սպառողները դժգոհում են, որ Google-ը պահպանում է իր մենաշնորհային դիրքը Android հավելվածների ոլորտում, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս բարձրացնել հավելվածների գները՝ դրանց վաճառքից ստանալով 30% միջնորդավճար: Արդյունքում հավելյալ ծախսերի բեռը դրվում է օգտատերերի ուսերին (ոչ թե հավելվածները մշակողների կամ դրանց հեղինակների), որոնք ստիպված են ավելի շատ վճարել հավելվածների համար՝ Google-ի համար եկամուտներ ապահովելով:
Դաշնային դատավոր Ջեյմս Դոնատոն իր որոշմամբ (PDF) դատավարությանը տվել է կոլեկտիվ հայցի կարգավիճակ, և այժմ տուժածների թիվը, որոնց Google-ը հնարավոր է՝ ստիպված լինի փոխհատուցում վճարել, կարող է հասնել 21 միլիոնի:
Ինչպես տեղեկացնում Reuters-ը, այս կոլեկտիվ հայցով դատավարությունը կսկսվի հաջորդ տարվա հունիսին։
Նշենք, որ կարծես միայն Google-ը չէ, որ այդպիսի մեծ միջնորդավճարներ է վերցնում նման գործարքներից։ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը վերջերս մեղադրել է Apple-ին App Store-ից բոլոր գնումների համար 30% միջնորդավճար վերցնելու մեջ:
Ավելին, անցյալ տարի տեղի է ունեցել մեկ այլ դատավարություն, որը շատ նման է այս մեկին։ Դրա շրջանակում Apple-ին մեղադրել են հակամրցակցային վարքագիծ դրսևորելու մեջ։ Եվ հետաքրքիր է, որ «Քեմերոնը և մյուսներն ընդդեմ Apple Inc.-ի» գործով որպես հայցվոր ներգրավվել էին նույն մարդիկ, ինչ Google-ի դեմ ընթացիկ գործով, հայցվորներին նույնպես ներկայացնում էին նույն փաստաբանները Hagens Berman ընկերությունից, որոնք այս տարվա սկզբին կարողացել էին Play Store-ում ընկերության հակամրցակցային վարքագծի համար 90 մլն դոլարի դիմաց համաձայնության գալ Google-ի հետ։
Այժմ Hagens Berman-ի փաստաբանները մասնակցում են դատավոր Դոնատոյի վարույթ ներկայացված գործին։ Եվ քանի որ այս մասնագետներն արդեն ունեն Google-ից և Apple-ից դատական կարգով մեծ գումարներ ստանալու փորձ (2021 թ․ համաձայնագրով՝ Apple-ը 100 միլիոն դոլար է վճարել), նրանց մասնակցությամբ խոշոր կոլեկտիվ հայցը կարող է միլիոնավոր դոլարներ արժենալ Google-ին։
Թեև հաշվի առնելով, որ Google-ի սեփականատեր Alphabet ընկերությունը նախորդ եռամսյակում ավելի քան 16 միլիարդ դոլար է վաստակել, նման տուգանքները կարելի է համարել բիզնես ծախսեր։