Ինչպես ազատվել անքնությունից առանց դեղորայքի․ խորհուրդներ մասնագետից
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել անքնությունից առանց դեղորայքի․ խորհուրդներ մասնագետից

Անքնությունը կարող է լինել անցողիկ (տևում է մի քանի օր), սուր (կանոնավոր է, բայց տևում է առավելագույնը մեկ ամիս) և քրոնիկ (նկատվում է ամիսներ շարունակ)։ Վերջինը ոչ միայն ազդում է ընդհանուր վիճակի վրա, այլև կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Ռոման Տերուշկինը։

Բժշկի խոսքով՝ առանց դեղորայքի քրոնիկ անքնության դեմ պայքարելը հեշտ չէ, ուստի առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել քնի հիգիենային։

«Հարկավոր է կարգավորել քնի և առույգության ռեժիմը։ Սենյակում անհրաժեշտ է ստեղծել «իդեալական» պայմաններ՝ մթություն, լռություն, մաքուր օդ, գրգռիչների բացակայություն, հարմարավետ ներքնակ։ Ֆիզիկական ակտիվություն պետք է լինի քնելուց նվազագույնը 4 ժամ առաջ, իսկ ընթրիքը՝ 3 ժամ առաջ։ Խորհուրդ է տրվում սննդին հավելել բարդ ածխաջրեր՝ գլյուկոզայի մակարդակի տատանումները նվազագույնի հասցնելու համար», – նշել է մասնագետը։

Եթե վերոնշյալ մեթոդները չեն տալիս ցանկալի արդյունքը, ապա հաջորդ քայլը բժշկի հետ խորհրդակցելուց հետո սննդային հավելումներ ընդունելը պետք է լինի։

«Մագնեզիում՝ 1 կգ քաշի դիմաց 10 մգ չափով։ Մագնեզիումի պատրաստուկները տարբեր ձև են լինում (ցիտրատ, մալատ, օքսիդ և այլն), և ցանկալի է ընտրել աղերի խառնուրդից բաղկացած պատրաստուկ։ Կարելի է դիտարկել նաև 5-HTP ամինաթթուն և ընդունել այն՝ սկսած 100 մգ-ից», – ասել է թերապևտը։

Նա նաև հավելել է, որ անքնության դեմ պայքարի ևս մի արդյունավետ ոչ դեղորայքային միջոց կարող է լինել քնելուց առաջ տաք լոգանք ընդունելը։ Ընդ որում՝ առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է ջրին մագնեզիումի աղ (500 գրամ) կամ նարդոսի, անանուխի, սոճու յուղ ավելացնել։

tert.am