Երաժիշտները հաճախ են բարձրաձայնում, որ ժողովրդական գործիք պատրաստող վարպետներն արդեն տարեց են, չունեն փոխարինողներ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ՝ արդեն 3-րդ փուլի ամփոփմամբ ավարտվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրը:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ 2019 թվականից իրականացվել են ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները, այնուհետև դրանք միավորել, ձևավորել, վերջնական հարդարել և կարգավորել են հնչողությունը:
Ծրագրում ներգրավված 10 աշակերտները պատրաստել են նվագարաններ՝ 2 քանոն, 2 քամանչա, 2 դուդուկ:
Հայկական ավանդական նվագարանների պատրաստման գիտելիքները ծրագրի մասնակիցներին են փոխանցել վարպետ-նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ Սադոևները: Դասընթացներն անցկացվել են վարպետների արհեստանոցներում:
Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է ճանաչված վարպետների կուտակած բազմամյա փորձի և գիտելիքների փոխանցման միջոցով երաժշտական դպրոցների ժողովրդական նվագարանների դասարանների աշակերտներին հայկական փողային և լարային նվագարանների պատրաստման նախնական հմտությունների ուսուցումը:
«Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ի տնօրեն Նելլի Սարգսյանը 168.am-ին հայտնեց, որ մասնակցել են 1-3-րդ փուլերին, հաստատվել է որպես ծրագիր՝ 6 ամիս ժամկետով:
«Գործընթացը պետք է շարունակել, քանի որ ասել, թե նրանք վերջնական վարպետներ են դարձել, ծիծաղելի է: Ինչ-որ հմտություններ, անշուշտ, ձեռք բերել են: Ձեռքի շնորհք ունեցող երեխաների ենք ընտրել: Նրանք նաև ցանկություն պետք է ունենան, առանց որի՝ ոչինչ չի կարող լինել: Երեխաներ կային, որոնք ցանկություն ունեին, բայց ժամանակը չէր բավարարում: Սակայն նրանք, ովքեր մասնակցել են, ահագին բան են սովորել. կարողանում են փայտի հետ ճիշտ աշխատել, կտրել, տաշել: Մասնակիցներից մեկն էլ աղջիկ է, 14 տարեկան, ով եկավ ու բոլորին անցավ իր հմտությամբ: Քանոն էր սարքում, բայց նվագում է ուդ: Կարծում եմ, հաջորդ փուլում պետք է ուդ և թառ պատրաստել սովորեն, քանի որ բոլոր գործիքները չենք կարողացել ընդգրկել»,- նշեց Նելլի Սարգսյանը:
Նա կարևորեց ազգային նվագարանների պրոպագանդան, որպեսզի ոչ միայն զուտ գան հետաքրքության համար սովորեն և հետո չաշխատեն, այլ սիրելով գան ու դառնան վարպետներ:
«Կարևոր է, որ արհեստանոց ևս լինի, որը գուցե հրապուրի: 3-րդ մաս, կիսանկուղային հարկ, սա էր վարպետների հնարավորությունը: Կարծում եմ, կարող ենք հասնել նրան, որ երեխաների մոտ ցանկություն առաջանա, ու դաստիարակենք լավ վարպետներ: Մի շարք աշխատանքներ ենք տանում, մեկնում ենք նաև շրջաններ: Ճիշտն ասած, քանի գնաց, մեր ֆինանսավորումը պակասեց: Եթե նախկինում 4-5 օրով էին գնում մեթոդիստները, հիմա ֆինանսավորումը երկու օրվան է բավարարում: Մոռանում են, որ մարզերին պետք է օգնել: Կա մանկավարժների պակաս, և քանի գնում, վիճակն ավելի է վատանում: Երիտասարդները մարզեր չեն գնում աշխատելու, այսինքն՝ փոխարինող չի գալիս: Անընդհատ ասում եմ՝ լսող չկա: Սովետական Միության ժամանակ լավ սիստեմ էր, թող գնան աշխատեն 3 կամ 5 տարի, մեկը կամուսնանա, մյուսը բնակարան կստանա, երրորդն այնտեղ կմնա: Բացի այն, որ շնորհք ունեն մարզերի երեխաները, այնքան հաճույքներ չունեն, որքան մեծ քաղաքներինը: Գյուղերի երեխաներն ավելի նպատակասլաց են»,- եզրափակեց «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»-ի տնօրենը:
Անի Կարապետյան