Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական դադարից հետո վերադարձել է եթեր՝ նա խաղում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում։ Tert.am Life–ը Նաիրայի հետ խոսել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ տևական դադարի ու դստեր մասին։ Նաիրայի աղջիկն արդեն 1 տարեկան 2 ամսական է։ Դերասանուհին մեզ է տրամադրել դստեր նոր լուսանկարները։
-Նաիրա, երկարատև դադարից հետո ներկայացաք «Եթե գտնեմ քեզ» սերիալում: Առաջարկը գրավի՞չ էր, թե ճիշտ ժամանակին արվեց:
-Ե´վ ժամանակն էր նպատակահարմար, և´ նախագիծն էր հետաքրքիր: Շատ հետաքրքիր կոլեկտիվ է հավաքվել՝ գրեթե բոլորս մասնագետներ ենք, նյարդեր քայքայելու կարիք չի լինում: Կերպարը ևս հետաքրքիր էր: Մի քանի բնավորություն խաղալու, դիապազոնը մեծացնելու հնարավորություն կա:
– Ձեր աշխատանքային դադարը պայմանավորված էր փոքրիկի ծննդով: Եթե չեմ սխալվում, դայակի օգնության դիմել չէիք ցանկանում: Հիմա ո՞ւմ խնամքին եք թողնում ձեր աղջկան, երբ նկարահանումների եք լինում:
-Ամեն դեպքում, եղավ ընթացք, երբ դիմեցի դայակի օգնությանը, քանի որ ընկերուհիս, ով օգնում է երեխայի խնամքի հարցում, քննությունների էր, մայրս էլ աշխատում էր: Հիմա համատեղում ենք՝ կա´մ մայրս, կա´մ ընկերուհիս երեխայի կողքին են լինում: Եթե առիթ լինի, կարող եմ աղջկաս նույնիսկ նկարահանումների տանել ինձ հետ, որովհետև շատ խելոք է: Իմ նկարահանումներն էլ կարճ են տևում, քանի որ արագ եմ աշխատում:
–Շատ մայրիկներ ասում են, որ ափսոսում են այն ժամանակը, որ անցկացնում են աշխատավայրում, ոչ թե երեխայի կողքին: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Ես չեմ ափսոսում, որովհետև երեխայիս տրամադրում եմ այնքան ժամանակ, որքան իմ պատկերացմամբ՝ մայրը պետք է լինի երեխայի կողքին: Չեմ ուզում շատ երես տալ իրեն կամ շատ կապվի ինձ հետ:
-Ինչպե՞ս եք պահում սահմանը, որպեսզի երեխան վախով չմեծանա:
-Ես չեմ վախեցնում իրեն, ուղղակի հետաքրքիր խաղեր ենք հորինում իր համար: Ես իր հետ խոսում եմ, բացատրում՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Ընդգծում եմ՝ ոչ թե՝ ինչը չի կարելի, այլ ինչն է սխալ: Երբ երեխան ունենում է զբաղմունք, հետաքրքրություն և իրեն բացատրում ես, միանգամից լսում է քեզ: Երեխան սպիտակ թուղթ է, որի վրա կարող ես գրել այն, ինչ ուզում ես:
– Մոր և երեխայի հարաբերությունների ջերմությունը մանկուց է ձևավորվում։ Ձեր ասածը շատ նուրբ սահման ունի, որպեսզի երեխայի հետ հարաբերությունները չվատանան: Ո՞րն է Ձեր բանաձևը, որպեսզի չկորցնեք երեխայի հետ ջերմ հարաբերությունները։
–Մի անգամ խստությունից խոսել էինք, մեկնաբանություններում բոլորը գրել էին՝ երեխայի հետ չի կարելի խիստ լինել: Խիստ չի նշանակում գոռալ-ճվալ, սպանել: Խստությունն այն է, որ դու իրեն ճիշտ ուղղության վրա ես դնում՝ ըստ քեզ: Օրինակ՝ սխալ է մատիկը տանել էլեկտրական հոսանքին: Դա վնաս է իր կյանքին: Պարզ չէ՞, որ խաղերի միջոցով երեխային պետք է շեղես: Պետք է կարողանալ երկխոսության մեջ մտնել երեխայի հետ: Իմ աղջիկը հիմա չի խոսում, բայց մենք իրար հասկանում ենք: Երբեմն, ինքն իր բառերով, տառերով, վանկերով ինձ հավասար կռիվ է անում, հետո հասկանում է, որ չի հաղթի, սկսում է ժպտալ:
–Երեխան ո՞ւմ է նման իր բնավորությամբ։
–Առայժմ՝ ինձ: Մայրս ասում է, որ իմ մանկությունն է, հատկապես՝ իր հանգստությամբ, ուտելով, քնելով: Նկարներով հայրիկին է նման, բայց իրականում իմ մանկությունն է:
–Ձեր մայրն է՞լ է Ձեր հանդեպ է խիստ եղել:
–Մայրս ավելի խիստ է եղել, բայց հիմա զարմանում է, թե ինչու եմ ես այդքան խիստ։ Ասում եմ՝ դու էլ ես այդպիսին եղել: Կան հարցեր, որոնց դեպքում ես ավելի խիստ եմ, կան հարցեր, որոնց դեպքում ավելի թեթև եմ նայում: Օրինակ՝ թույլ եմ տալիս, որ ամեն ինչի ձեռք տա, մատիկները շոշափեն։ Նյարդերը հանգստացնելու համար երեխան պետք է նաև թուղթ ճղի, որպեսզի կամակորություն չանի: Մի շարք մանրուքներ կան:
–Փաստորեն, երեխայի հոգեբանություն եք ուսումնասիրել։
–Իհարկե: Ես դա շատ վաղուց եմ ուսումնասիրել, երբ դեռ չգիտեի՝ որ պետք է մայրանամ։ Դա միշտ հետաքրքրում էր ինձ: Կարծում եմ՝ երեխային դաստիարակելու համար շատ կարևոր է հոգեբանություն ուսումնասիրել։
Ամբողջությամբ՝ life.tert.am