Bazoomq-ը ճանապարհ է «հարթում» դեպի տիեզերք
Advertisement 1000 x 90

Bazoomq-ը ճանապարհ է «հարթում» դեպի տիեզերք

Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ եւ հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձեւավորման համար։ Bazoomq-ը զբաղվում է Հայաստանի տիեզերական ռազմավարության փաստաթղթի մշակման աշխատանքով, իրականացրել է 2 թռիչք դեպի ստրատոսֆերա, համագործակցում է միջազգային տիեզերական ընկերությունների հետ։

iTel.am-ը զրուցել է Bazoomq-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ավետիք Գրիգորյանի եւ Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ եւ տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանի հետ։

Bazoomq-ի ձեւավորումը եւ ստեղծումը

Հայկ

Bazoomq-ը հիմնադրել ենք ընկերներով։ Ավետիք Գրիգորյանը ոչ միայն մեր ավագ ընկերն է, այլեւ տասնամյակներ շարունակ մեր ուսուցիչն է եղել։ Նա 35 տարի առաջ հիմնադրել է AYAS տիեզերագիտական ակումբը, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, որոնք ներկայում տեղի եւ արտասահմանյան գիտական կենտրոններում եւ ՏՏ ընկերություններում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։

Bazoomq-ի շուրջ մեր աշխատանքը սկսել ենք 2020 թվականին։ Քանի որ տիեզերական ոլորտում ինչ-որ գործունեություն ծավալել էինք, հասկացանք՝ պետք է անցնել նոր մակարդակի։ Հենց այդ ժամանակ էլ հիմնադրամի գաղափարն առաջացավ ու 2020-ի դեկտեմբերին գրանցեցինք Bazoomq հիմնադրամը։

Հայկ Մարտիրոսյանը

Հայկ Մարտիրոսյանը
photo © Մեդիամաքս

Անվան շուրջ մտածել ենք երկար, տարբերակները շատ էին, բայց, ի վերջո, կանգնեցինք Bazoomq-ի վրա, որը հյուսիսային երկնքում անզեն աչքով երեւացող հայտնի աստղաբույլ է։

Զուգահեռ սկսել ենք աշխատել նաեւ Հայաստանի համար տիեզերական ռազմավարության փաստաթղթի նախնական տարբերակի մշակման վրա։ 2021 թվականին իրականացրել ենք երկու բարեհաջող թռիչք դեպի ստրատոսֆերա, որտեղ առաջին անգամ բախվեցինք այդքան բարձր շերտում առկա գրեթե տիեզերական պայմաններին։ Առնչվեցինք այն խնդիրներին, որոնց սովորաբար հանդիպում են արբանյակներն ուղեծրում, մասնավորապես՝ էլեկտրոնային համակարգերի խափանումներ, խիստ ճառագայթային պայմաններ, վակուումին մոտ մթնոլորտային ճնշում, ցածր ջերմաստիճան եւ այլն։

Տիեզերք հասնելու կարեւորությունը

Ավետիք

Մեր սահմանները վերեւից բաց են։ Աշխարհում ընթացող պատերազմական զարգացումները ցույց են տալիս՝ ջրի երեսին մնում են նրանք, որոնք գնում են դեպի բարձր տեխնոլոգիական լուծումների։ Սա անվտանգային խնդիր է եւ տիեզերական ոլորտն ամենաբարձր տեխնոլոգիական ոլորտն է, որը լավ ստեղծելու ու զարգացնելու դեպքում կունենանք լոկոմոտիվ. այն առաջ կտանի մնացած բոլոր տեխնոլոգիական ոլորտները։

Ավետիք Գրիգորյանը

Ավետիք Գրիգորյանը
photo © Մեդիամաքս

Հայաստանն այս գործում հնարավորինս արագ մեծագույն ջանքեր պետք է գործադրի՝ սկսած դպրոցական մակարդակից մինչեւ մասնագիտական, որպեսզի պոտենցիալն իրացնի ու իր տեղն ունենա աշխարհում։

Ամբողջությամբ՝ itel.am