Ինչո՞ւ մարդկությունը դեռ չի հայտնաբերել այլմոլորակայինների ռադիոազդանշաններ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ մարդկությունը դեռ չի հայտնաբերել այլմոլորակայինների ռադիոազդանշաններ

Մարդիկ երբեք չեն շփվել այլմոլորակայինների հետ, համենայնդեպս, նման շփումների մասին փաստագրված ապացույցներ չկա: Այնուամենայնիվ, հաշվի առնելով տիեզերքի անհավանական չափերը, բավական դժվար է հավատալ, որ Երկիրը միակ բնակելի մոլորակն է:

Ինչո՞ւ մարդկությունը դեռ չի հայտնաբերել այլմոլորակայինների ռադիոազդանշաններ, չնայած այն հանգամանքին, որ Երկրի վրա գտնվող ռադիոաստղադիտակներն արդեն 60 տարի շարունակ ուսումնասիրում են տիեզերքը՝ փնտրելով նման ազդանշաններ:

Շվեյցարիայի Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) վիճակագրական կենսաֆիզիկայի լաբորատորիայի հետազոտող, կենսաֆիզիկոս Կլաուդիո Գրիմալդին ռադիոլռության վերաբերյալ հետաքրքիր բացատրություն է տվել:

«Մենք փնտրել ենք ընդամենը 60 տարի,- ասել է նա,- Երկիրը պարզապես կարող է լինել մի պղպջակում, որը չունի ռադիոալիքներ, որոնք արտանետվում են այլմոլորակային կյանքի կողմից»:

Գործընկերների հետ նա ստեղծել է վիճակագրական մոդել՝ հիմնված ծակոտիներ ունեցող սպունգանման նյութերի ուսումնասիրությունների վրա։ Խնդրի լուծման հիմնական պայմանների մեջ ներառվել է երկու ենթադրություն.

  • Ցանկացած ժամանակ Ծիր Կաթինում պետք է լինի տեխնոլոգիական ծագման առնվազն մեկ էլեկտրամագնիսական ազդանշան,
  • Երկիրը «լռության գոտում» գտնվում է առնվազն 60 տարի (այսինքն՝ այս ընթացքում իրականում ոչ մի այլմոլորակային ռադիոազդանշան չի հասել Երկիր, այլ ոչ թե դրանք չեն հայտնաբերվել):

Այս վիճակագրական մոդելի շրջանակում Երկիրը և այլմոլորակային ռադիոհաղորդիչները տեղակայվում են պայմանական սպունգի «ծակոտիներում», որից հետո կառուցվում են լավատեսական և վատատեսական կանխատեսումներ։ Լավատեսական կանխատեսումների համաձայն՝ այլմոլորակայիններից ռադիոազդանշան ստանալու համար կպահանջվի ևս առնվազն 60 տարի։ Իսկ վատագույն դեպքում նման ազդանշանին պետք է սպասել առնվազն 2000 տարի։ Այս հաշվարկները կարող են ճիշտ լինել միայն այն դեպքում, եթե նման ազդանշան իսկապես գոյություն ունի Ծիր Կաթինում: Ընդորում, երկու դեպքում էլ անհրաժեշտ կլիներ ռադիոաստղադիտակը ճիշտ ուղղությամբ ուղղել:

Այսպիսի տեսք ունի վիճակագրական մոդելը, ըստ որի՝ Երկիրն այժմ գտնվում է ռադիոլռության գոտում․

«Ինձ համար այս վարկածը պակաս ծայրահեղ է թվում, քան այն ենթադրությունը, թե մեզ բոլոր կողմերից անընդհատ ռմբակոծում են ազդանշաններով, բայց ինչ-ինչ պատճառներով մենք չենք կարողանում դրանք հայտնաբերել»,- ասել է Կլաուդիո Գրիմալդին:

Պետք է հասկանալ, որ այս վիճակագրական խնդրի լուծումը կախված է ելակետային պայմաններից։ Եթե ​ պայմանները փոխվեն, արդյունքը նույնպես կտարբերվի վերը նշվածից։

news.am