Ինչպես է Վ․ Համբարձումյանը ֆիլմ դիտելով «աստղ» հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Ինչպես է Վ․ Համբարձումյանը ֆիլմ դիտելով «աստղ» հայտնաբերել

1963 թվական: Ֆիլմ է նկարահանվում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին: Ժամանակ առ ժամանակ Համբարձումյանը Բյուրականի աշխատակիցների հետ գալիս է դիտելու հերթական հատվածը: Եվ ահա կրկին ցուցադրություն է: Ժապավենն ավարտվում է, էկրանը մթնում է, սենյակի լույսը վառում են: Ակադեմիկոսն ու մյուս աստղագետները շփոթված են: Ինչ-որ բան են խոսում ցածրաձայն: Ապա Համբարձումյանը դիմում է ռեժիսորին.

– Եթե դժվար չէ, կարո՞ղ ենք նորից դիտել նկարահանվածը:

Կրկին միացնում են: Ավարտվում է: Դարձյալ շփոթմունք, անհարմար լռություն: Իրավիճակը փրկելու է գալիս ֆիլմի նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը:

– Վիկտոր Համազասպովիչ, չլինի՞ էկրանին նոր աստղ եք հայտնաբերել,- ժպտալով հարցնում է նա:

– Հենց այդպես էլ կա,- մեղավոր դեմքով խոստովանում է ակադեմիկոսը:

Առեղծվածն արագ բացահայտվում է: Այդ մասին իր հուշերում պատմում է ռեժիսոր Յուրի Երզնկյանը: Պարզվում է, որպեսզի ֆիլմի հերոսի դիմանկարն էկրանին ավելի տպավորիչ դիտվի երկնքի ֆոնին, Պոդպոմոգովը ասեղով մի քանի անցքեր է բացել ժապավենի վրա՝ երկինքն առավել աստղազարդ դարձնելու համար: Սակայն Համբարձումյանի աչքից նույնիսկ դա չի վրիպել:

Ահա թե ինչ է նշանակում՝ լինել հանճարեղ գիտնական:

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից