Դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի, հայ թատերարվեստի և կինոարվեստի մասին:
-Նարինե, «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկու մասերն էլ շատ քննարկվեցին ու սա կարծես թե այն բացառիկ հայկական արտադրության ֆիլմերից է, երբ քննադատութուններ չհնչեցին: Հետաքրքիր է նաև իմանալ Ձեր կարծիքը, թե որպես մասնակից դերասանուհի, թե որպես հանդիսատես:
– Նկարահանումներն իսկապես շատ բարձրակարգ պայմաններում էին, նաև սցենարն էր շատ-շատ լավը: Երկու ֆիլմերի հաջողության գրավականը կայանում էր նրանում, որ սցենարը նախապես ու ամբողջությամբ գրված էր ու ի սկզբանե որոշվել էր, որ ֆիլմը երկու մաս է ունենալու: Այսինքն՝ երկու մասերի ողջ անձնակազմը հենց սկզբից միտված էր աշխատանքին ու այնպես չէր, որ առաջին ֆիլմը հաջողեց, դրա համար երկրորդ մասի մտահղացում առաջացավ: Երկու մասերի նկարահանումներն էլ միաժամանակ սկսվեցին, միայն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որոշում կայացվեց, որ ֆիլմի երկրորդ մասում լինելու են սցենարային փոփոխություններ ու ներառվելու է նաև այդ օրերի պատմությունը: Սովորաբար, երբ որևէ ֆիլմի երկրորդ մասն է նկարահանվում, դա արվում է հանուն PR-ի, այն սպասումով, որ առաջինի հաջողությունը կունենա, սակայն այս պարագան լրիվ ուրիշ էր, օրգանապես հենց սկզբից գրված էր երկրորդ մասի սցենարը, քանի որ Մհեր Մկրտչյանի խոսքով, իրեն հետաքրքիր էր, թե հերոսների կյանքն ինչպե՞ս կդասավորվի 25 տարի անց:
-Նարինե, այս ֆիլմում Ձեզ բարդ խնդիր էր տրված, պետք է սովորիք ժեստերի լեզուն, որպեսզի մարմնավորեիք Սոֆիի կերպարը: Բարդ չէ՞ր այդ խնդրի լուծմանը հասնելը:
– Նախ ես ու Էլենը, որ Սոֆիի երիտասարդ տարիներն էր մարմնավորում ֆիլմի առաջին մասում, շուրջ երկու ամիս միասին «Խուլ ու համրերի միությունում» ժեստերի լեզուն սովորեցիք Անուշ Սարգսյանի մոտ: Սակայն նկարահանումների ժամանակ մասնագետը միշտ նստած է եղել մեր դիմաց, անգամ, եթե փոքրիկ տեսարան պետք է նկարահանվեինք, միևնույն է, նրա ներկայությունը պարտադիր հանգամանք էր, որ հանկարծ ու հանկարծ չսխալվեինք: Նկարահնումների ողջ ընթացքում լարված հետևում էի խաղնկերներիս շուրթերին, փորձում էի չլսել նրանց, այլ հասկանալ նրանց խոսքը շուրթերի միջոցով: Ուզում էի, որ բնական լիներ, որ կեղծ ոչ մի դրվագ հանկարծ չլիներ: Միշտ էլ այն դերերը, որոնց մեջ խոչընդոտ կա հաղթահարելու, ավելի հետաքրքիր են:
-Նարինե, ինչպես եք գնահատում այսօրվա հայկական կինոարտադրությունը:
– Կարծում եմ՝ արդեն տրվել է հայկական կինոարավեստի վերածնունդի մեկնարկը: Արդեն իսկ հրաշալի ֆիլմեր են նկարահանվում, որոնք հայ հանդիսատեսին կրկին կինոթատրոններ են տանում: Ունենք հետաքրքիր երիտասարդ մտածողներ, այնպես որ, վստահ եմ, որ այսուհետ այս ոլորտը անընդհատ բարգավաճելու է:
-Այն դերասանուհիներից եք, ում սերիալներում գրեթե չենք տեսնում: Ուզում եմ հասկանալ՝ Ձեզ չե՞ն հրավիրում, թե դուք եք դրանցից հրաժարվում:
– Իրականում, եթե տարիներ առաջ հրաժարվում էի այդ առաջարկներից՝ ժամանակ չլինելու պատճառով, ապա հիմա ուղղակի համարում եմ, որ դրանք շատ վատն են: Այն ժամանակ չէի էլ հասցնում հետևել, բայց հիմա, երբ բալիկ ունեմ, մեկ-մեկ փորձում եմ հետևել ու հասկացա, որ դրանք ուղղակի կործանում են մեր մտածողությունը, դրանք սուտ, ռաբիզ ու զզվելի իրականություն են բերում մեր կյանք: Կարծում եմ՝ սերիալը շատ լավ ժանր է, բայց դրան պետք է ճիշտ մոտենալ: Ցավոք, մեզ մոտ այդ ժանրում հատկապես սցենարի մակարդակով ոչ պրոֆեսիոնալիզմություն է տիրում: Չեմ ամաչում ասել՝ մեզ մոտ սերիալների սցենարները շատ վատն են: Ինձ համար սցենարը շատ կարևոր է, միշտ առաջինը հետևում եմ ինձ առաջարկվող ֆիլմերի սցենարներին: Եթե հիմա շատ լավ սցենարով առաջարկ ստանամ որևէ սերիալից, որտեղ համախոհ կլինեմ նաև ռեժիսորի հետ, ապա չեմ մերժի:
Ամբողջությամբ՝ life.panorama.am