Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ՝ դրա հարավ-արևմտյան մասում է գտնվում Զելանդիան՝ Երկրի ութերորդ մայրցամաքը: Այս եզրակացությանն են հանգել Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Նոր Կալեդոնիայի երկրաբանները, հաղորդում է Nature News հրատարակությունը:
Նոր մայրցամաքի տարածությունն զբաղեցնում է շուրջ հինգ միլիոն քառակուսի կիլոմետր: Դրա մեծ մասը՝ մոտավորապես 94 տոկոսը, գտնվում է ջրի տակ, վերերկրյա տարրերի թվում են Նոր Կալեդոնիա կղզիները և Նոր Զելանդիայի Հյուսիսային և Հարավային կղզիները:
Զելանդիան, գիտնականների գնահատումներով՝ սկսել է հնադարյան Գոնդվանա գերմայրցամաքից անջատվել շուրջ 100 միլիոն տարի առաջ: Դա հանգեցրել է երկրակեղևի ձևախախտման, ինչի հետևանքով մայրցամաքի մեծ մասը հայտնվել է ջրի տակ:
Հեղինակներն առաջարկում են աշխարհագրական (անգլալեզու երկրներում ընդունված տերմինաբանության համաձայն) մայրցամաքների թիվը յոթից (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա, Անտարկտիդա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա) ավելացնել մինչև ութ՝ դրանում ներառելով Զելանդիան: