Գիտնականներ պարզել են, թե ինչպես կանխեն կռիվները կատուների և շների միջև
Advertisement 1000 x 90

Գիտնականներ պարզել են, թե ինչպես կանխեն կռիվները կատուների և շների միջև

Կենդանիների օգնության Dogs Trust բարեգործական կազմակերպության բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխել կռիվները շների և կատուների միջեւ տանը նոր կենդանի հայտնվելու դեպքում։ Այս մասին տեղեկացրել է The Guardian թերթը։

Մասնագետների խոսքով՝ կենդանիների հաշտեցման բանալին միմյանց աստիճանական ներկայացման մեջ է։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանի կենդանիներ ունեցողների մոտ մեկ հինգերորդ մասը (20,1 տոկոս) իր նոր շնիկին ծանոթացնում է արդեն ունեցած կատուների հետ անմիջապես, իսկ 18,9 տոկոսը դա անում է երկու ժամվա ընթացքում։

Սակայն շնիկների և փիսիկների փուլային ծանոթացումը զգալիորեն բարձրացնում է այն հավանականությունը, որ նրանք բարեկամություն կանեն։

Արդյունքների համաձայն՝ շնիկները, որոնց ծանոթացնում են փիսիկների հետ ավելի քան մեկ օրում (հատկապես 12 շաբաթականից փոքրերի), իրենց ավելի հանգիստ եւ բարեկամասեր են պահում, ինչը կարող է նպաստել ավելի ներդաշնակ հարաբերությունների ձեւավորմանը կենդանիների միջեւ։

Գիտնականները նշել են, որ շնիկների մեծ մասը (90 տոկոս) ցուցադրել է «անցանկալի» վարքագիծ, երբ առաջին անգամ կատվիկի է տեսել։ Նրանք ագրեսիա են դրսեւորել կամ փորձել են խաղ սկսել։

Հետազոտողները տերերին խորհուրդ են տալիս սկզբում զսպել երիտասարդ շան ակտիվությունը՝ խրախուսելով նրան հանգիստ մնալ կատվի ներկայությամբ։