Վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է երկարաչանչ խեցգետնի պոպուլյացիայի մանրացում, որը գերորսի և նոր որսագործիքների կիրառման հետևանք է: Այս մասին հայտարարեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով ՀՀ ԳԱԱ-ում անցկացված կլոր սեղանի ժամանակ:
«Խեցգետնի պոպուլյացիան թեկուզ քանակապես չի քչացել, բայց որակապես մանրացել է: Դա գերորսի և նոր որսագործիքների արդյունք է, որոնք վերջին տարիներին սկսել են օգտագործել չինական խեցգետնորսիչներ, զսպանակավոր խեցգետնորսիչներ և թարփեր: Դրանք որսում են ամեն ինչ, և մանր, և մեծ չափի կենդանիների: Այդ որսագործիքների օգտագործումն արգելված չէ: Մենք առաջարկում ենք արգելք դնել բազմացման շրջանում, քանի որ այսօրվա դրությամբ խեցգետինը նույնպես հանդիսանում է արդյունագործական տեսակ, որը փոխարինել է մեր ձկան կրճատված պաշարները և սոցիակալան ինչ-որ հարցեր է լուծում», – ասաց Բարդուխ Գաբրիելյանը:
Ձկնաբանի խոսքով՝ թվարկված որսագործիքների կիրառման հետևանքով 2014 թվականից խեցգետնի որսունակությունը Սևանա լճում բարձրացել է 3-4 անգամ:
Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարները կազմում են 4500 տոննա: Ներկայումս երկարաչանչ խեցգետնի արդյունագործական չափը օրենքով սահմանված չէ: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է արդյունագործական չափը սահմանել 9 սմ: Նաև Սևանա լճում խեցգետնի որսն իրականացնել սելեկտիվ որսամիջոցներով՝ արգելելով չինական և զսպանակաձև խեցգետնորսիչների կիրառությունը, որսի արգելք սահմանել նրա բազմացման ամենաինտենսիվ շրջանում՝ հուլիս-օգոստոս ժամանակահատվածում: Առաջարկվում է 2017 թվականին խեցգետնի թույլատրելի որսաչափ սահմանել 1100 տոննա: