Արմեն Պետրոսյան. ««Ֆուլ հաուսի» ավարտից հետո կշարունակենք աշխատել դերասանների հետ». life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմեն Պետրոսյան. ««Ֆուլ հաուսի» ավարտից հետո կշարունակենք աշխատել դերասանների հետ». life.tert.am

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի համար 2017 թվականը հոբելյանական է՝ 25 տարի է, ինչ նա զբաղվում է հեռուստատեսային աշխատանքով։ Tert.em Life–ի հետ զրույցում Մենչը պատմել է КВН–ից «Ֆուլ հաուս» անցած ճանապարհի, բարդությունների ու հաջողությունների, գործունեությունն ընդլայնելու, Միհրանի, Արփիի և Գոռի հետ «Ֆուլ հաուսից» դուրս էլ աշխատելու մասին։

–Արմեն, 25 տարի է՝ բեմում եք. սկսեցիք որպես դերասան, այժմ անում եք նաև պրոդյուսերական աշխատանք։ Այս ամենին հասել եք ինքնակրթությամբ, սակայն համարվում եք լավագույններից մեկը Հայաստանում։ Ի՞նչ ճանապարհ եք անցել։

–Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ զբաղվել հեռուստատեսային աշխատանքով։ Այն ժամանակ համագործակցում էինք «Շարմ» ընկերության հետ, Հանրայինի համար ենք շատ նախագծեր արել։ 5 տարի զբաղվեցի КВН–ով, որից հետո վերադարձա հայկական հեռուստատեսություն։ Միշտ եղել եմ և՛ ստեղծագործական կազմում, և՛ կատարողական՝ որպես դերասան։ Մի քիչ դժվար է հիշել՝ ինչ աշխատանքներ եմ արել 25 տարում։  Շատ նախագծեր կան, որոնք արել եմ, բայց արդեն մոռացել։ Մեկ–մեկ կողքից են հիշեցնում, որ կապ եմ ունեցել  տվյալ նախագծի հետ։

2002 թվականին հրավեր ստացա աշխատելու «Հայ TV»–ում՝ որպես պրոդյուսեր։ Պետք է կառուցեի մի ալիք, որը նոր էր սկսում իր գործունությունը։ Հիմա այդ ամենը բավականին զարգացած է, այն ժամանակ դրա մասին ընդհանրապես ոչ ոք չգիտեր, չէին հասկանում պրոդյուսեր բառի իմաստն ու նշանակությունը։

Ես այս ամենից սկսեցի հասկանալ փորձի, ոչ թե ինչ–որ դասընթացների գնալու շնորհիվ։ Իհարկե, շատ եմ կարդացել, սակայն հիմնականում ամեն ինչ հասկացել եմ կյանքի փորձով։ КВН խաղալու տարիներից մենք ամեն ինչ արել ենք մենակ։ Բացի այդ, ունեմ շատ ընկերներ, ովքեր այս ասպարեզում շատ մեծ հաջողությունների են հասել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։ Այն, ինչ չեմ կարողանում հասկանալ, առանց ամաչելու հարցնում եմ իրենց և ստանում օգտակար պատասխաններ։

Յուրաքանչյուր նախագիծ, որ ես անում եմ, հաշվարկային է։ Պետք է կոնկրետ հաշվարկել՝ նախագիծը հետաքրքիր կլինի և կդիտվի՞, թե՝ ոչ։

–Նախագիծը հաշվարկելիս որո՞նք են հաջողության գրավականները։

–Մի քանի գրավական կա։ Առաջինը համարում եմ սցենարային աշխատանքը։ Գրիգորը, Գարիկը, Արտուշը և Վահանը, ովքեր աշխատում են «Ֆուլ հաուսի» սցենարի վրա, իմ կարծիքով, լավագույններն են այս ասպարեզում։ Երկրորդը դերերի քասթինգն է և, ամենակարևորը, հեռուստադիտողների սրտերին «կպչելը»։ Կարող է շատ ճիշտ հաշվարկով անես ամեն ինչ՝ սցենարը, դերասանները լավը լինեն, ուղղակի հեռուստադիտողերը չդիտեն։

Կարևոր է հասկանալ՝ որ ժամանակահատվածում ինչ է պետք անել։ Չի կարելի ապրել անցյալով։ Շատերն ասում են՝ գիտե՞ք ինչեր էի անում, հիշո՞ւմ եք այսինչ նախագիծս։ Դա սխալ է։ Հիմա պետք է նոր բան անել, մտածել այսօրվա մարդկանց հետաքրքրություններից ելնելով։ Ինչ արել ես, լավ ես արել, բայց դա անցյալում է։

–Ունեցե՞լ եք նախագիծ, որը չի կպել հեռուստադիտողների սրտերին։

–Իհարկե։ «Yere1»–ից հետո արեցինք «Երևանցիներ»  նախագիծ, որը տևեց մի եթերաշրջան։ Ուղղակի «չկպավ»։ Հիմա, որ նայում ենք, մեզ դուր են գալիս այն ժամանակ նկարահանած սքեթչերը, բայց չստացվեց։

–Ձեր ներկայիս նախագծի՝ «Ֆուլ հաուսի» անձնակազմն ամենակուռ անձնակազմերից մեկն է հայկական հեռուստատեսությունում։ Դուք բավականին հեռատես պրոդյուսեր եք։ Նախատեսո՞ւմ եք համատեղ նոր նախագիծ՝ «Ֆուլ հաուսի» ավարտից հետո։

–Կան նման ծրագրեր։ «Ֆուլ հաուսի» ավարտից հետո կշարունակենք աշխատել դերասանների հետ։ Մոտավոր գիտենք՝ ինչ ենք ուզում անել։ «Ֆուլ հաուսի» ավարտից հետո  կլինի դադար, որի ընթացքում հստակ կհասկանանք՝ ինչ ենք անելու։ Ինձ հաճելի է աշխատել «հեշտ» մարդկանց հետ։ Ինձ համար ավելի կարևոր է մարդ լինելը, հետո միայն տաղանդը։

Ավելի մանրամասն՝ life.tert.am



Նման նյութեր