Tert.am-ի հետ զրույցում երգիչ-երգահան Վահան Արծրունին անդրադառնում է տարբեր երգիչների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի ընթացքում ելույթներին և նշում, որ եթե դրանք գաղափարական հենքի վրա չեն տեղի ունենում, ուրեմն խոսքն ընդամենը երաժշտական ծառայություններ մատուցողների մասին է:
-Պարո՛ն Արծրունի, տարբեր երգիչների՝ ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում երգելը բուռն քննարկումների և քննադատության առարկա է դարձել: Մինչդեռ սա նոր չէ, մենք սա տեսել ենք ընտրությունից ընտրություն: Մենք սա տեսել ենք նաև ԱՄՆ-ում, երբ Հոլիվուդի աստղերը քարոզում էին այդ շրջանում ոչ թե թեկնածու Թրամփի, այլ Օբամայի օգտին: Մյուս կողմից՝ մենք տեսել ենք Ձախ Հարութ և Հախվերդյան, որոնք երգել են «Ժառանգության» համար: Այսինքն՝ այս աղմուկը, Ձեր կարծիքով, տեղի՞ն է, թե ոչ:
-Պետք է հստակ բաժանում մտցնել գաղափարակից ուժերի և ոչ գաղափարակիրների մասնակցության միջև: Այսինքն, երբ երգիչը գաղափարակից է, գաղափարակիր, և ենթադրենք՝ ԱՄՆ լեյբորիստական կուսակցության անդամ, և իր քարոզարշավը պատճառաբանված է իր գաղափարակից լինելով, դա նորմալ է, նա իր քաղաքացիական պարտքն է կատարում: Եվ իր ընտրությունն է անում՝ քաղաքական ոլորտում: Այսինքն՝ որպես արվեստագետ իր քաղաքական ուժի գաղափարներով կիսվելով՝ մասնակցում է այն կուսակցության քարոզարշավին, որին համակրում է կամ որի գաղափարները կիսում: Այս տարբերակը պետք է հստակ բաժանել այն տարբերակից, երբ պահանջարկ-առաջարկ ոլորտի մատուցողները ինքնադրսևորվում են որպես ծառայություն մատուցող հանգամանքներ:
-Ծառայություններ մատուցող հանգամանք ասելով՝ նկատի ունեք, որ իրենք փո՞ղ են աշխատում:
-Ոչ միայն փող, իրենք կարող են ցանկացած բան աշխատել: Եթե հետ նայենք այս 25 տարիների ընթացքում, թե ովքեր են մասնակցել ընտրություններին և հետո տեսնենք, թե ինչպես է փոխվել այդ մարդկանց սոցիալական կարգավիճակը, կտեսնենք, որ մեկը բնակարան է ստացել, մեկը ստացել է վաստակավորի կոչում, մեկը ֆոնդ է հիմնել, որը ֆինանսավորում է պետությունը, մեկը պետական պատվեր է ստացել ստեղծագործության համար:
Այսինքն` առուվաճառքի ակտի կամ առաջարկ-պահանջարկ սպասարկման օրինակները բազմաթիվ, և այդ ակտերը տեղի են ունեցել ըստ այդ սկզբունքի:
-Ի դեպ, մեր երգիչները ասում են՝ մենք ոչ մի գաղափարախոսության կրողը չենք, մեզ կանչել են, երգում ենք:
-Այսինքն՝ ստացվում է, չէ, որ ծառայություն են մատուցել: Այսինքն՝ մի ծանրաբեռնեք իրենց բարոյական կամ գաղափարական կամ որևէ բեռ իրենց ուսերի վրա տեղադրելով: Իրենք ընդամենը ծառայություն, երաժշտական ծառայություն մատուցողներ են: Մենք ի՞նչ ենք ուզում իրենից՝ իրենք սպասարկողներ են, ծառայություն մատուցող են, մենք ինչո՞ւ ենք իրենց անպայման ուզում անվանել մտավորական, արվեստագետ, աստղ կամ չգիտեմ ինչ: Բովանդակային առումով պատասխանը շատ պարզ է: Երբ մատուցողը Ձեր բերում է սրճարանում ուտեստ, որը Ձեր դուրը գալիս է, մենք մատուցողի՞ն ենք գնահատում, թե խոհարարին: Իսկ երբ Ձեզ վատ ուտեստ են մատակարարում, Դուք համապատասխան վերաբերմունքը մատուցողի նկատմամբ եք դրսևորում՝ իրեն հավելավճար չթողնելով: Կամ նկատողություն անելով: Այսինքն՝ էս տեսակ հարաբերությունների դաշտ է սա: Իսկ այն, որ իրենք իրենց աստղ են հռչակում կամ առավել ևս՝ մտավորական կամ արվեստագետ, ընդհանրապես որևէ նշանակություն չունի:
-Մեկ խոսուն օրինակ: ՀՀԿ համապետական ցուցակի պատգամավորության թեկնածու Շուշան Պետրոսյանը նախորդ ընտրություններում երգել է Ծառուկյանի կուսակցության համար, դա «Բարգավաճ Հայաստանի» օրհներգում է: Իսկ հիմա նա արդեն ՀՀԿ թեկնածու է:
-Փայլուն օրինակ եք բերում, որը չտեսնված է դարձնում մեր զրույցի ֆինալը: Այսինքն՝ սկզբունքային չէ իրենց համար՝ ում համար երգել: Որովհետև ով պատվիրի էդ ծառայությունը, նա մատուցել է այդ ծառայությունը: Այսինքն՝ Ձեր օրինակը ցայտուն և պատկերավոր ձևով ներկայացնում է իրավիճակը:
Ամբողջությամբ՝ tert.am