Հայկական գարեջրի առաջին արտադրողները. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական գարեջրի առաջին արտադրողները. armeniasputnik.am

Գարեջրի պատրաստման պատմությունը Հայաստանում տանում է դեպի հեռավոր անցյալ: Հայտնի փաստ է, որ դեռևս մ. թ. ա. 5-րդ դարի հույն պատմաբան Քսենոֆոնը իր «Անաբասիս» աշխատության մեջ հիշատակում է, թե ինչպես է ինքը Հայաստանում գարեջուր համտեսել՝ նշելով այդ ըմպելիքի պատրաստման եղանակն ու համային գերազանց հատկությունները:

Երբ 19-րդ դարի 80-ական թվականներին Ռուսական կայսրությունում սկսեց լայն թափով զարգանալ շշալցված գարեջրի պատրաստման արտադրությունը՝ գարեջրի գործարանային արտադրություններ սկսեցին հիմնվել նաև Կովկասում, այդ թվում մեր տարածաշրջանում՝ Երևան, Ալեքսանդրապոլ (Գյումրի) և Կարս քաղաքներում: Գարեջուր պատրաստելու համար հայ արտադրողները անհրաժեշտ հումքը` բարձրորակ գարին ստանում էին հիմնականում Կարսի մարզից: Նահանգային կենտրոն Երևանում գարեջրի արտադրության առաջատարը գործարար Հարություն Ավետյանցն էր: Նրա գարեջրի գործարանը տեղակայված էր քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդան (Զանգու) գետի ձորում, մոտավորապես ներկայիս Հաղթանակի կամրջի մոտակայքում: Հարություն Ավետյանցը ժառանգել էր այստեղ գործող բամբակի գործարանը իր հորից՝ Խաչատուր Ավետյանցից, ընդլայնել այն և գործարկել բրնձի մշակման նոր արտադրամաս: Այնուհետև, 1892 թվականից սկսած, ներկրելով համապատասխան արտադրական սարքավորումներ, Ավետյանցը հիմնում է արդեն գարեջրի պատրաստման և շշալցման «Զանգա» գործարանը:

Հրազդան գետի ձորը Երևանում, որտեղ գտնվում էր Հարություն Ավետյանցի «Զանգա» գարեջրի գործարանը, 20-րդ դարի սկիզբ:

Ժամանակիցների վկայությամբ, Ավետյանցի գործարանի գարեջուրը հիանալի համային հատկանիշներ է ունեցել, որին մեծապես նպաստում էր գարեջրի պատրաստման համար օգտագործվող երևանյան աղբյուրների քաղցրահամ ջուրը: Գործարանի արտադրանքը ոչ միայն լավագույններից էր համարվում Հարավային Կովկասում, այլ նաև պահանջարկ ուներ Ռուսական կայսրության քաղաքներում և անգամ՝ Եվրոպայում, որտեղ Ավետյանցի գործարանի գարեջուրը 1910 թվականին Հռոմի և Նեապոլի ցուցահանդեսներում արժանացավ բարձրագույն պարգևների: Պատկերում ներկայացվում է 20-րդ դարասկզբին Երևանի «Զանգա» գարեջրի գործարանում արտադրված «Բոկ-Բիր» տեսակի գարեջրի պիտակը:

Երևանի «Զանգա» գարեջրի գործարանում արտադրված «Բոկ-Բիր» տեսակի գարեջրի պիտակը:

Ալեքսանդրապոլում 19-րդ դարի վերջին գարեջուր արտադրողներն էին գործարարներ Եգոր Օսկանովը (Ոսկանյան), Համազասպ Ծաղիկյանը և Մ. Ձիթողցյանը: Նրանց արտադրանքը ոչ միայն տեղական սպառման համար էր, այլ նաև արտահանվում էր Կովկասի տարբեր քաղաքներ: Մ. Ձիթողցյանն, օրինակ, գարեջրի մասնագիտացված խոշոր խանութ-պահեստ ուներ Թիֆլիսում, ուր հաջողությամբ վաճառվում էր միայն իր գործարանում պատրաստված և շշալցված գարեջուրը: Պատկերում ներկայացվում է 19-րդ դարի վերջին գործարանատեր Եգոր Օսկանովի գարեջրի գործարանում արտադրված «Ալեքսանդրապոլ» գարեջրի պիտակը: Ուշագրավ է, որ պիտակի վրա արտադրողի անունն ու ազգանունը նշված է նաև հայերեն՝ «Եգոր Օսկանով», ինչպես նաև պատկերված է Ռուսական կայսրության ձեռնարկատերերին խրախուսելու նպատակով սահմանված և Եգոր Օսկանովին շնորհված «Ջանքի համար» («За усердие») պատվո նշանը:

Եգոր Օսկանովի՝ Ալեքսանդրապոլի գործարանում արտադրված գարեջրի պիտակը:

Գարեջրի գործարաններ էին գործում նաև համանուն մարզային կենտրոն Կարս քաղաքում, որը 19-րդ դարի վերջին արագորեն զարգանում էր: Այստեղ բնագավառի առաջատարներն էին Մելիքով (Մելիքյան) եղբայրների և Ա. Բաուերի գարեջրի գործարանները: Կարսի այդ երկու գարեջրի գործարանների արտադրանքը նույնպես պահանջված էր և արտահանվում էր՝ ստանալով պարգևներ տարբեր ցուցահանդեսներում: Պատկերում ներկայացված են Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության և Ա. Բաուերի գործարանների պիտակները:

Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը:

Նշենք նաև, որ Կովկասում գործող խոշորագույն գարեջրի գործարաններից մեկը 1882 թվականին հիմնադրված հայ ձեռնարկատեր Ի. Տերտերովի (Տերտերյան) «Նադեժդա» գործարանն էր Վլադիկավկազ քաղաքում: Գործարանը հայտնի էր նրանով, որ ամբողջությամբ աշխատում էր գարեջրի պատրաստման գերմանական բարձրակարգ սարքվորումներով և տեխնոլոգիայով: Պատկերում ներկայացվում են Ի. Տերտերովի գարեջրի գործարանի արտադրանքի պիտակները:

Վլադիկավկազի Ի. Տերտերովի գործարանի գարեջրի պիտակները: