Ստյոպա Սաֆարյան. «Հասկանալ է պետք, թե ինչ կատարվեց ու ինչ ունենք»
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Հասկանալ է պետք, թե ինչ կատարվեց ու ինչ ունենք»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի Facebook-յան գրառումը.

Եվ այսպես, հասկանալ է պետք, թե ինչ կատարվեց ու ինչ ունենք.

  1. Ափսոսում եմ, որ քաղաքականություն վերադառնալու որոշում ուշ ընդունեցի թե՛ ես, թե՛ իմ ընկերները՝ Անահիտ Բախշյանը, Գագիկ Բաղդասարյանը, դոկտոր Աշոտ Եղիազարյանը: Անցած տարեվերջին՝ դեկտեմբերին, նոր սկսեցինք մտածել դրա մասին, կես ամսից ավել տհաճ վիրուսն էլ մի ընթացք անգամ ստիպեց չմտածել դրա մասին: Ինչևէ, հունվարի 10-ից սկսեցինք դիտարկել մեզ արված առաջարկները:
  2. Ինձ արված առաջարկներից ընդունեցի Ազատ Դեմոկրատների առաջարկը, հատկապես երբ իմ վերոնշյալ ընկերներից երկուսը ավելի վաղ էին համաձայնություն տվել: Իսկ այդ կուսակցության անդամներին ու ծրագիրն էլ անգիր գիտեի՝ գաղափարական ոչ մի տարաձայնություն չունեի: Շնորհակալ եմ Խաչատուր Քոքոբելյանին ու նրա կուսակցության բոլոր անդամներին այդ վստահության և միասին անցկացրած քարոզարշավի համար: Մեզ համար հաճելի հայտնագործություն էր Հրանտ Բագրատյանը՝ տաղանդաշատ ու շատ հետաքրքիր մարդ, գիտնական, քաղաքական գործիչ: Քարոզարշավի ընթացքում գնալով ավելի շատ կապվեցինք միմյանց: Արդեն վերջին օրերին զգում էի, որ շատ լավ թիմ կլինենք Ազգային ժողովում՝ ավագներից մինչև երիտասարդ թեկնածուներ:
  3. Մեծագույն հաճույք էր հանդես գալ ամենահամարձակ ծրագրով: Այսօր էլ համոզված եմ, որ այն ամենախոր ծրագիրն է՝ իր ախտորոշումներով ու լուծումներով: Ամենասկզբում, երբ ինձ հարցնում էին, թե ինչու Ելք-ի առաջարկի փոխարեն ընդունեցի Ազատ դեմոկրատներինը, շատ հստակ պատասխանել եմ՝ նախընտրում եմ պարտվել ու հաղթել իմ քաղաքական գծի վրա: Իսկ Ելք-ի արտաքին քաղաքականության մի քանի առանցքային դրույթներ չեմ կիսում, դա գաղտնիք չէ. մասնավորապես, չեմ կարծել ու կարծում, որ հնարավոր է մնալ ԵՏՄ-ում և ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Սերժ Սարգսյանն էլ քանի տարի է իր «և՛…և՛»-ի հայեցակարգի շրջանակներում առաջարկում է լինել ԵՏՄ անդամ ու ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Եթե դա հնարավոր լիներ, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը արած կլինեին: Հետևաբար, կարծել ու կարծում եմ, որ Հայաստանի ինքնիշխանությունը ետ պետք է բերվի՝ ԵՏՄ-ից դուրս գալով, Վրաստանի նման դեպի ԵՄ չափանիշները շարժվելով, անվտանգության ու այլ քաղաքականություններ դիվերսիֆիկացնելով: Ելք-ի հետ տարբերություններ կան նաև Արցախի խնդրի ու այլ հարցերով: Ինչևէ, չշարունակեմ: Ելք-ի գործընկերներին էլ շնորհակալ եմ իրենց առաջարկի համար, բայց եթե նորից նույն կյանք ապրեինք, վստահաբար կանեի նույնը, ինչ արեցի: Ինչպես ասել եմ քարոզարշավի ընթացքում, կուրախանամ իրենց՝ խորհրդարան մուտք գործելով: Շնորհավորում եմ ԵԼՔ-ի բոլոր նորընտիր պատգամավորին ու մաղթում բեղմնավոր աշխատանք: Ի դեպ, չեմ կարող չասել, որ Ելքի քարոզարշավը լավ էր կազմակերպված ու արդյունքները տեսանելի են:
  4. Այժմ ավելի շատ զարմացած եմ, որ դեռևս հունվարի վերջին, երբ անգամ չէինք էլ առաջադրվել, որոշ ծանոթներ, որոնք այս կամ այն կապերն ունեին իշխանության բարձր օղակների հետ, պնդում էին ու համոզում էին, թե ԱԺ-ում 4 քաղաքական ուժ կլինի, այդ թվում Ելքը: Անգամ այդ կերպ էին փորձում համոզել, որ ես միանամ Ելք-ին, այլ ոչ թե ԱԴ-ին: Ես չէի հավատում, չէի ուզում հավատալ… Փաստորեն, իրավացի էին… Հետևաբար, քարոզարշավ, հարցումներ, էքզիտփոլեր և այլն, իսկ վերջում քվեարկություն, այդ ամենը խոշոր հաշվով կարևոր չէին: Այդ մարդիկ պնդում էին, որ Սերժ Սարգսյանը մնում է հավատարիմ սահմանադրական հանրաքվեի իր մոտեցումներին /երկու տարի առաջ նախաձեռնված/ և ուզում է կրճատել քաղաքական ուժերի թիվը ԱԺ-ում առնվազն մինչև 4… Այդպես էլ եղավ: Ստիպված եմ, այժմ 2 ամիս անց ասել՝ դուք ճիշտ գիտեիք….
  5. Նախորդ կետի ուժով այլևս երկրորդական նշանակություն է ստանում այն, թե ինչ քարոզարշավ արվեց, կարող էինք ավելի լավ քարոզարշավ ունենալ, թե ոչ /իհարկե կարող էինք/? Բայց վստահ չեմ, որ դա էական էր արդեն… 1.5 միլիոնից ավել ընտրողների մասնակցությունն արդեն բան է ասում….
  6. Սակավ ֆինանսական ու այլ ռեսուրսների դեպքում մեծ արդյունք չես ստանա: Երբեք: Ի վերջո հայտնի է, որ ընտրություններին մասնակցող ուժերից ամենափոքր ֆինանսական միջոցները եղել են Ազատ դեմոկրատների հիմնադրամում՝ 9 միլիոն: Ավելի լավ է, չասեմ, թե որքան գումար եմ կոնկրետ ես ծախսել թիվ 1 ընտրատարածքում…. Կարծում եմ, միջոցների համեստությունը բոլորն են զգացել. համեմատեք այլ կուսակցությունների, անգամ Ելքի-ի բիլբորդների առատությունը մայրաքաղաքում ու Հայաստանում և պատկերը պարզ կլինի: Վճարովի հեռուստաեթերների մասին չասեմ՝ համեստագույն ու աղքատիկ ցուցանիշ ունենք բոլորով ու նաև ես… Իսկ միայն բուկլետներով շատ բան չես անի մի միջավայրում, որտեղ կողքերդ համատարած փող է: Ի համեմատություն 2012թ.-ին նույն ընտրատարածքում իմ մեծամասնական ընտրությունների, այս անգամ ես ծախսել եմ գրեթե 5 անգամ պակաս գումար: Ըստ որում, նախորդ անգամվա ընտրատարածքս այս ընտրատարածքի 1/3-րդն է միայն. նախկինում միայն Ավանն ու Նոր-նորքի 2-րդ զանգվածն էին, այժմ՝ Ամբողջ Նոր-Նորքը, Ավանը և քանաքեռ-Զեյթունը միասին: Այնպես որ, ուզես, թե չուզես՝ արդյունքները չեն կարող լավը լինել:
  7. Քարոզարշավի վերջին օրերին ռուսական ճնշումը իշխանությունների ու ՀՀ ընտրական գործընթացների վրա նկատելի էր: Եթե նախկինում հարցումները ցույց էին տալիս 4.4 տոկոս, ապա դրանից հետո թվերը սկսեցին «անկում» ապրել, հատկապես երբ ռուսական հարցումները «անցանկալի» ու «անհնար» համարեցին ԱԴ-ի մուտքը խորհրդարան: Ընտրություններից մի քանի օր առաջ հրապարակվեց, թե 3 տոկոս ենք, ընտրությունների օրը՝ էքզիթ փոլով՝ 2 տոկոս, վերջնարդյունքներով՝ 1 տոկոս: Քվեարկությունից երկու օր առաջ ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյուքները արդեն շատ խոսուն էին… Ոչ միայն մեր ֆինանսներն էին խղճուկ, այլև պարզ դարձավ, որ հեռուստաընկերություններն ամենաքիչը Ազատ դեմոկրատներին են լուսաբանել՝ 3:1-ի հարաբերակցությամբ: Իսկ սա պատահականություն լինել չի կարող: Բացառություն է Հանրային հեռուստաընկերությունը, բայց թերևս հենց դա Սերժ Սարգսյանի ալիբին է, երբ նա Արևմուտքին կասի, թե պետական լրատվամիջոցը լավ է լուսաբանել «արևմտամետերին», իսկ, այ, մասնավորները շատ «անկախ» են եղել ու չեն պահպանել բալանսը… Իրականում, Սերժ Սարգսյանը պարտավոր էր ապացուցել Կրեմլին, որ Հայաստանում ԵՏՄ-ից դուրս գալու կողմնակիցներն ու դեպի Արևմուտք նայողները ընդամենը 1 տոկոս են: Ահա մեր «թվերի» իրական ուղերձը: Ցավում եմ, բայց երկիրն ու հասարակությունը շատ թանկ են վճարելու այս ամենի համար:
  8. Խորհրդարանում այնպիսի ուժեր են միայն, որոնք ԵՏՄ-ից Հայաստանի դուս գալու խնդիր չեն դնում: Իսկ սա նշանակում է, Սերժ Սարգսյանը Հայաստանի շարունակական գաղութացման հավաստիացում է տալիս Մոսկվային, որ առաջիկա 5 տարիներին այլ ուղղութամբ շարժվել չի պատրաստվում: Ահա, թե ինչ է նշանակում այս նոր խորհրդարանը արտաքին քաղաքականության առումով: Ելքը-ը առավելագույնը հայտարարել ու հայտարարում է, որ ԵՏՄ մտնելը սխալ է եղել: Ոչ ավելին: Եթե այլ խնդիր դնեն, ինչպես Ազատ Դեմոկրատները, միայն կողջունեմ: Ներկա կոնֆիգուրացիայի դեպքում Արևմուտքի հետ Հայաստանի ավելի մեծ կապ ապահովելու է ՀՀԿ-ն, որը կստորագրի ԵՄ-ի հետ նոր պայմանագիրը, քան որևէ ուրիշ մեկը: Մյուս քաղաքական ուժերի համակցության պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականությունը թվացյալ կլինի “և-և”-ը, բայց փաստացի վեկտորն ուղղված կլինի դեպի Հյուսիսի՝ Մոսկվա: Այս առումով Ազատ դեմոկրատների ներկայությունը խորհրդարանում միանգամայն անցանկալի էր դառնում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար, քանի որ ներքին բալանս էր խախտում ու ԱԴ- քաղաքական թիմը կարող էր դառնալ նշաձողը բարձրացնող ուժ, որին պետք է ձգտեր հասնել ՀՀԿ-ը…. Այժմ հակառակն է լինելու՝ մյուսները կամ կրկնելու են ՀՀԿ-ին կամ փորձելու են նրան հասնել արևմտյան գծով….
  9. Իրականում մեր և մյուսների համար մեծագույն դժվարություն է եղել քաղաքական մրցակցություն ծավալել, երբ հիմնական փողատեր, ռեսուրսատեր դերակատարները՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը փողի բաղնիք էին դարձրել ընտրությունները ու իսպառ ապաքաղաքականացրել էին այն: Ծրագիր ունեցող ուժերի համար թողնված էր պայքարի մի փոքր դաշտ… Ընդամենը:
  10. Այսպիսի փաստերից հետո անձամբ իմ հույսը միայն ժողովուրդն էր, նրա հնարավոր փոթորիկին ու անկանխատեսելիությանն էի ապավինում: Իսկ թե ինչ արեց ժողովուրդը, չասեմ… Այդուհանդերձ, նա մեծամասնությամբ ընտրեց ՀՀԿ և Ծառուկյան դաշինք: Միայն նայում ես ամենամեծ ձայներ հավաքած պատգամավորների ցուցակին ու պարզ է դառնում, որ ամենևին կապ չունի, թե դու ով ես և ինչ կարողություններ ունես. կարևորը՝ դու փող չունես:
  11. Այսօր որոշ սրտացավ մարդիկ հարցնում են՝ հո պարտությունից չես հուսահատվել? Պատասխանում եմ՝ ում պարտությունից? Ես երեկ տեսա մի ամբողջ երկրի ու հասարակության պարտություն: Իմ կամ մյուս արժանավոր թեկնածուների դիմաց գրված թվերն ուղղակի ոչինչ են դրա դիմաց: Ու այդ տեսածս պարտությունը հենց ապրիլյան պատերազմի մեկամյա տարելիցի օրն էր, երբ հարյուրից ավել պայծառ տղերք են զոհասեղանին դրվել, իսկ նրանց զոհասեղան բարձրացնող քաղաքական ուժը իր “հաղթանակի” սալյուտն էր տալիս…. Իսկ այս ամենից տագնապած եմ, որովհետև մի նոր պատերազմի շունչը արդեն տեսնում եմ… Ու կրկին դագաղների կողքին աղեկտուր լացելու են 10.000 ընտրակաշառք վերցրած մայրերն ու հայրերը… Չէ որ, որպես կանոն, հենց սոցիալապես անապահով ընտանիքներն են ընտրակաշառք վերցնում, նրանց տղաներն են առաջին գիծ ծառայում ու նահատակվում….
  12. Մյուս քաղաքական ուժերի մասին. ՀԱԿ-ի չանցնելով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ հող զիջողների տոկոսն էլ ցածր է /ինչպես արևմտամետների դեպքում/: ՕՐՕ-ի թվերով ցույց տվեց, որ Սամվել Բաբայանին ու Ռոբերտ Քոչարյանին չի պատրաստվում ինքնուրույն ու անկառավարելի քվոտա տալ… ՀՎԿ-ի չանցնելը անակնկալ էր ինձ համար… ՀԿԿ-ի տոկոսներով ցույց է տրվում, թե կոմունիզմի ուրվական և պահանջարկ չկա…
  13. Իսկ թե ինչ եմ անելու առաջիկայում, ինչպես եմ շարունակելու, այս մասին կասեմ ընտրությունների էջը ծալելուց հետո(:):) :)), երբ կգնամ հայրենի Տավուշ, ընկերներիս հետ անտառի բացումը կանենք, ու կվերադառնանք նոր լիցքերով:

 



Նման նյութեր