Գիտնականները պարզել են, որ փոքր երեխաների կողմից պլանշետների ու սմարթֆոնների կանոնավար օգտագործումը կրճատում է նրանց քնի ժամանակը: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Scientific Reports հանդեսում:
Մի խումբ գիտնականներ՝ Լոնդոնի Բիրքբեք համալսարանի աշխատակից Թիմ Սմիթի ղեկավարությամբ, անցկացրել են այն ծնողների առցանց-հարցում, որոնք դաստիարակում են վեցից մինչև 36 ամսական երեխաների:
Հարցման մասնակիցներին խնդրել են նշել երեխաների ցերեկային ու գիշերային քնի միջին տևողությունը և պատմել, թե որքան հաճախ է երեխան արթնանում գիշերը և որքան ժամանակ է նրան պահանջվում քնելու համար:
Հարցված ծնողների 70 տոկոսը սմարթֆոն կամ պլանշետ ուներ տանը: Այն երեխաների թիվը, որոնք կարող էին օգտվել այդ տեխնիկայից, կազմել է 75 տոկոս: Ուսումնասիրության համաձայն, սենսորային սարքերից օգտվում էր 6-ից մինչև 11 ամսական երեխաների կեսից ավելին (51 տոկոսը), իսկ երկուսից մինչև երեք տարեկան երեխաների շրջանում պլանշետներին անծանոթներ գործնականում չկային (օգտատերերի 92 տոկոսը):
Հետազոտության արդյունքների համաձայն, դևայսի առջև անցկացրած յուրաքանչյուր ժամը երեխայի քունը կրճատում է 15,6 րոպեով: Նաև նշվել է, որ այն երեխաները, որոնք գաջեթներ են օգտագործում, ավելի դժվարությամբ են քնում:
Արդյունքները ցույց են տալիս, որ սենսորային էկրաններով սարքերի տարածվածությունն ու հասանելիությունը հանգեցնում է այն բանին, որ դրանք ակտիվորեն օգտագործում են ամենափոքրիկները, և դա հանգեցնում է քնի ժամանակի կրճատման»,- նշել է հետազոտողների խմբի ղեկավար Թիմ Սմիթը:
Գիտնականն ընդգծել է, որ խնդրի հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե արդյոք քնի հետ կապված խնդիրներն իրոք գաջեթների հետ են կապված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: