Յոթ տարեկանի ճգնաժամ
Advertisement 1000 x 90

Յոթ տարեկանի ճգնաժամ

Յոթ տարեկանի ճգնաժամը բնութագրվում է որպես անցում՝ մանկության փուլից դեպի նախադպրոցական կամ կրտսեր դպրոցական տարիքային փուլ: Ես-ի ձևավորումից և հաղթահարումից հետո առաջանում է հասարակական նորմերի ընկալման, պահպանման, ընդունված կանոնների և վարքային նորմերի ընդունման փուլի կարգավորումը: Հենց այս կարգավորման հիմքում էլ դրսևորվում է յոթ տարեկանի ճգնաժամը: Երեխան արդեն պետք է հաճախի դպրոց, որտեղ կան հստակ օրենքներ, վարքային պահանջներ, ինչն անսովոր է իր կանոններով ապրող փոքրիկ մարդուկի համար: Ստեղծվում է բախում մանկական ցանկությունների, սովորությունների և հասարակական ընդունված նորմերի պահպանման միջև:

Յոթ տարեկանի ճգնաժամի բնորոշ դրսևորումները

Երեխան հրաժեշտ տալով մանկապարտեզին՝ պատրաստվում է ոտք դնել ավելի հասուն պահանջներով կրթական համալիր, որն ունի իր հստակ կանոնակարգը: Եվ սա էլ, իր հերթին, երեխայի առաջ ծառացնում է տարիքին համապատասխան խոչընդոտների հաղթահարման հարցեր՝ ուսուցման ծանրաբեռնվածություն, հասակակիցների հետ հարաբերությունների դժվարություններ, ծնողների հետ կապված հուզական փոխհարաբերությունների փոփոխում: Հոգեբանները խմբային հետազոտությունների հիման վրա եկել են այն եզրահանգման, որ յոթ տարեկանի ճգնաժամը, սպասելիորեն, անդրադառնում է երեխայի վարքի վրա: Ծնողը կարող է բախվել հետևյալ դրսևորումների հետ.

Անտրամաբանական բացասական վարք,

Արհեստական մարմնաշարժողականություն,

Անհանգիստ և շտապողական վարք, անշարժ նստելու անկարողություն,

Ծնողների խոսքի կամ վարքի ծաղրական նմանակում,

Սեփական անձի հանդեպ ուշադրության գրավում՝ կապկային շարժումների միջոցով:

Վերը նշված վարքային դրսևորումներն ուղեկցվում են հետևյալ հուզական արտահայտումներով.

Արագ հոգնություն,

Բռնկվողականություն և նյարդայնություն,

Ցրվածություն, և հետևաբար՝ նաև առաջադիմության բացակայություն,

Ներամփոփություն, ամաչկոտություն, կամ հակառակը՝ ագրեսիվություն,

Հեղինակության և ընդօրինակման էտալոնների փնտրում՝որպես կանոն, ավելի բարձր դասարանների և ոչ ադեկվատ վարքի տեր երեխաների մոտ:

Հասակակիցների հետ համեմատվելու արդյունքում՝ անինքնավստահություն:

 

Յոթ տարեկանի ճգնաժամի դրսևորման ձևերը

Բացասական տրամադրվածություն: Նման արտահայտումը պետք է տարբերել տարիքին համապատասխան չհնազանդվելու սովորությունից: Այս ճգնաժամին հատուկ է, երբ երեխան, առանց քննարկելու և հասկանալու, ուղղակի հակառակվում է ծնողին: Նման դեպքում չի խրախուսվում պատիժը, քանի որ դա չի օգնի, ընդհակառակը՝ կվնասի երեխային՝ անավարտ թողնելով ներքին կուտակված էներգիան:

Ինքնասածիի դրսևորում: Այս դեպքում երեխան համառորեն ծնողից պահանջում է ինչ-որ բան: Երեխայի դրդապատճառը ոչ թե իրի ձեռքբերումն է, այլ ինքնահաստատումը, ուզենալու և ունենալու գաղափարը:

Ինքնակամություն: Ճգնաժամի դրսևորմանը հատուկ երեխայի ինքնակամությունն արտահայտվում է ամեն բան ինքնուրույն կատարելու մեջ՝ բացառելով մեծահասակի, ծնողի միջամտությունը:

Բողոքարկում: Հասարակական նոր միջավայրին և նորմերին հարմարումը երեխայի մոտ առաջացնում է ադապտացման խնդիր: Ծնողին թվում է, թե երեխան գտնվում է կոնֆլիկտների մի շրջանակի մեջ, որտեղից անհնար է դուրս գալ: Սակայն այդ բողոքն ուղղված է ոչ թե ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, այլ՝ հենց ինքն իրեն, ակնհայտ ներքին կոնֆլիկտի առկայության մասին է խոսում նրա վարքը:

Համառություն: Այն պայմանավորված է որոշակի կանոնակարգի հետևման հանդեպ բացասական տրամադրվածությամբ՝ գնալ դպրոց, շուտ արթնանալ, նստել դասի, սովորել դասերը, և այլն:

Արժեզրկում: Յոթ տարեկան հասակում նոր արժեքների ձևավորման ընթացքում առանձնահատուկ է համարվում իդեալների ճգնաժամը: Երեխան սկսում է խոսել կամ սիրել այնպիսի բաներ, որոնք նախկինում չի հավանել: Կոտրել կամ փչացնել իր, խաղալիք, որն իր համար թանկ է եղել: Մեծ հաճույքով կրկնել վատ արտահայտություններ և արարքներ, քանի որ դա արգելում են ծնողները, առանձնահատուկ դաժանությամբ վերաբերվել այլ երեխաների: Դրա հետ մեկտեղ՝ գերխնամք ստացած երեխաները չարաշահում են բոլորի վերաբերմունքն ընտանիքում և իրենց հարմարեցնում ընտանիքի անդամների գործունեությունը:

Հոգեբանի դիտարկում՝ ինչպես վարվեն ծնողները

Մի ստիպեք կատարել առաջադրանքը, ստեղծեք միջավայր, որ երեխան ինքը ցանկանա անել: Հնարավորություն տվեք որոշումներ կայացնել, բանավիճեք, քննարկեք, մի վախեցեք կորցնել Ձեր հեղինակությունը, մի վախեցեք, որ երեխան կխաղարկի իրավիճակը: Մի կտրեք երեխային խաղից, նա դեռ անցողիկ փուլում է, ուսուցումն ու խաղը պետք է հավասար լինեն: Խոսեք նրա հետ հեքիաթների հերոսների անունից, քննարկեք նրա ձեռքբերումները, արարքները: Պատմեք Ձեր մասին, երբ Դուք իր տարիքում էիք՝ ինչ էիք սիրում, ինչպես էիք դասերը պատրաստում, միասին միջոցներ նախագծեք, տրամադրություն ստեղծեք, սիրով խաղացեք և ընթացքում սովորեք միասին:

Հիշեք, բոլորիս մեջ կա փոքրիկ, ով ցանկանում է խաղալ: Իրականում, մեծանալով՝ մենք շարունակում ենք նույն սոցիալական խաղերը խաղալ՝ ուղղակի իրական մարդկանց հետ: Հասունանալու համար պետք է նախ փոքր լինել: Մի պահանջեք երեխայից ավելին, քան իր տարիքն է թելադրում:

Կամիլա Խաչատրյան

Հոգեբան