Sputnik Արմենիան ներկայացնում է Հին Արտաշատի կառուցման պատմությունը, որն, ըստ ավանդույթի, հիմնադրել են հայոց Արտաշես 1-ին արքան և կարթագենյան զորավար Հաննիբալը:
Հայոց արքա Արտաշես 1-ը Հայաստանի հնագույն ժամանակաշրջանի ականավոր պետական գործիչներից է եղել: Նա թագավորել է մոտ 30 տարի՝ մ.թ.ա. 189-ից մինչև մ.թ.ա. 160-ը: Արտաշեսի գործունեության շնորհիվ բնիկ հայկական տարածքների հիմնական մասը վերամիավորվեցին մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշեսին անվանում է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ Ստրաբոնը հավաստում է, որ «Հայաստանն աճել է Արտաշեսի ջանքերով… և այստեղ բոլորը միալեզու են», այսինքն` հայալեզու:
Ստրաբոնի այս արժեքավոր տեղեկությունը վկայում է, որ Արտաշեսը կարողացել է միավորել հայալեզու երկրամասերը մեկ ընդհանուր պետության կազմում: Այդ իրադարձությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ հայոց պետության զարգացման հետագա ընթացքի վրա:
Մեծ Հայքի միացյալ թագավորության արքա Արտաշեսի համար առաջնահերթ խնդիրներից մեկն է դառնում նոր մայրաքաղաքի հիմնումը՝ նախկին Արմավիրի փոխարեն, որն արդեն չէր կարող բավարարել երկրում ստեղծված նոր իրողությանը:
Երբ մ.թ.ա. 180-ական թվականներին Արտաշեսը ձեռնամուխ եղավ Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա) մայրաքաղաքի կառուցմանը, նրա գլխավոր խորհրդատուն այդ գործում հին աշխարհի հզորագույն և տաղանդավոր զորավարներից մեկը դարձավ՝ Կարթագենի տիրակալ Հաննիբալը: Մինչ այդ, 17 տարի անընդմեջ պատերազմելով, Հաննիբալը պարտություն էր կրել Հռոմից, փախել Արևելք և փորձ էր անում արևելյան երկրների միապետերի շնորհիվ վերսկսել Հռոմի դեմ ուղղված իր պայքարը: Արտաշես 1-ինը նրան դիմավորում է մեծ հարգանքով և պատվով, փաստացի քաղաքական ապաստան տալով: Հաննիբալին զարմացրեց այդ ժամանակ Հայաստանում ընթացող նոր բնակավայրերի շինարարության մեծ թափը: Քանի որ Հաննիբալը հիանալի տիրապետում էր ռազմական ամրությունների կառուցման և ընդհանրապես, քաղաքաշինական ընդհանուր սկզբունքներին, նա նույնպես ոգևորությամբ ներգրավվեց հայոց երկրում ընթացող այդ լայնածավալ շինարարական գործընթացներին:
Հույն պատմիչ Պլուտարքոսը գրում է. «Պատմում են, թե կարթագենցի Հաննիբալն այն բանից հետո, երբ Անտիոքոսը հռոմեացիների հետ մղվող պատերազմը վերջնականապես տանուլ տվեց, գնաց Արտաշես Արմենի արքունիքը, որին բազում պիտանի խորհուրդներ ու հրահանգներ տվեց։ Բացի այդ, նկատելով չօգտագործված ու լքված, սակայն բացառիկ հարմարագույն և ակնահաճո մի վայր, նա այդ տեղում ուրվագծելով քաղաքի հատակագիծը` կանչեց Արտաշեսին և ցույց տալով նրան այդ վայրը` համոզեց քաղաք կառուցել այստեղ։ Թագավորն ուրախությամբ համաձայնեց և խնդրեց Հաննիբալին, որ նա անձամբ իր վրա վերցնի շինարարական աշխատանքների վերակացությունը։ Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»։
Ահա այդպես հիմնադրվեց Արտաշատը՝ Մեծ Հայքի բարեբեր Արարատյան դաշտում, Արարատի վեհաշուք պատկերի դիմաց, ներկայիս Արտաշատ քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք, Արաքս ու Մեծամոր գետերի հին հուների միախառնման վայրում։ Արտաշատ քաղաքի անվանումը բառացիորեն բացատրվում է որպես «Արտաշեսի ուրախություն»: Հետագայում, երբ հայոց նոր մայրաքաղաքը Հաննիբալի կողմից արդեն վերջնականապես նախագծված և հիմնական շինարարական աշխատանքներն արված էին, քաղաքը ստանում է նաև իր երկրորդ անունը՝ «Հայկական Կարթագեն»:
Պատմահայր Մովսես Խորենացին 5-րդ դարում այսպես է նկարագրում Արտաշատի կառուցումը. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Արաքսը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով՝ քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ։ Արաքսն էլ օգնում է նրան անտառի փայտով։ Ուստի, առանց դժվարության և արագ շինելով, այնտեղ մեհյան է կանգնեցնում և Բագարանից փոխադրում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը, իսկ Ապոլլոնի արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս՝ ճանապարհի մոտ»:
Այստեղ ուշագրավն այն հանգամանքն է, որ Արաքսի ջրերը, փաստորեն, օգտագործվել են որպես փոխադրամիջոց՝ գետի վերին տեղանքներից Արտաշատի շինարարական հրապարակներ շինանյութ տեղափոխելու համար:
Հին Արտաշատը տեղակայված էր ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի հարակից տեղանքում՝ ավելի քան 10 բլուրների վրա և զբաղեցնում էր 400-500 հա տարածություն։ Այս տարածքում այժմ էլ նշմարվում են նախկին քաղաքի պարիսպների և շինությունների հետքերը։ Ի դեպ, մինչ այդ՝ այս նույն տեղում եղել էր ավելի հին՝ ուրարտական ժամանակաշրջանի ամրոց-բնակավայր:
Ըստ մասնագետների՝ Արտաշեսի արքունական ամրոցը և պալատը, հավանաբար, գտնվում էին հենց Խոր Վիրապի բլրի վրա: Քաղաքի թաղամասերը շրջափակված են եղել մոտ 10 կմ երկարությամբ պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ միջանցքներով` նման եղանակով ստեղծելով պաշտպանական ամրությունների կուռ և հուսալի համակարգ:
Քաղաքը երեք կողմերից պաշտպանված էր երկու գետերի ջրերով, իսկ չորրորդ կողմից` ջրով լցված արհեստական լայն խրամով: Հենց Արաքս ու Մեծամոր գետերի միախառնման եռանկյունին և առկա բլուրներն էին գրավիչ հանդիսացել Արտաշեսի ու Հաննիբալի համար նոր մայրաքաղաքի տեղի ընտրության հարցում: Արտաշատը ստացավ «Հայկական Կարթագեն» անվանումը, որովհետև իր նախապես մշակված նախագծով և թաղամասերի կանոնակարգված կառուցապատմամբ նմանվում էր Հաննիբալի հայրենի քաղաքին՝ հին աշխարհի հզորագույն նավահանգիստային քաղաք Կարթագենին, որը գտնվում էր ներկայիս Թունիսի տարածքում և ավերվել էր հռոմեացիների կողմից: Արտաշատի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր՝ Արարատյան դաշտի այս մասում էին խաչվում արևելքից արևմուտք և հարավից հյուսիս տանող գլխավոր առևտրական ճանապարհները: Եվ զուր չէ, որ Արտաշատը մոտ վեց դար շարունակ դարձավ Մեծ Հայքի ամենաերկարակյաց քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը: