Աշխարհի ամենաերկար զիփլայնը Ենոքավանի «Yell Extreme Park»-ում շահագործման կհանձնվի այս ամառ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Yell Extreme Park» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը: «Զիփլայնի ճարտարապետական հատվածը գրեթե պատրաստ է և միայն մի երկու հարց է մնացել լուծելու: Իսկ բուն շինարարությունը կսկսվի հունիսի 20-ին: Մենք նախատեսել ենք շինարարությունն ավարտել հուլիսի վերջին»,- ասաց Չիբուխչյանը: Շուտով Արցախում ևս կլինի «Yel Extreme Park»: «Արցախում հրաշալի բնություն կա և մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար»,-շեշտեց նախագծի հեղինակը:
Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում մայիսի 4-ից-հունիսի 2-ն անցկացվել է կոլեկտիվ դրամահավաք, որի արդյունքում հավաքվել է 22 հազար 165 ԱՄՆ դոլար:
«Yell Extreme Park» նախագիծը 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը:
Նախագիծն իր գործունեությունը սկսել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն: Ընդլայնելով գործունեության աշխարհագրությունը՝ «Yell Extreme Park»-ը 2017թ. մայիս ամսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսել է իրականացնել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի (non-stop) զբոսաշրջային թռիչքներ:
ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող աշխարհի ամենաերկար զիփլայնը կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը կտևի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ: