Աֆրիկյաններ
Advertisement 1000 x 90

Աֆրիկյաններ

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Աֆրիկյաններին:

Երևանն աշխարհի հնագույն մայրաքաղաքն է, և նրա տարիքն անցնում է վեց հազարից. Այո, հենց՝ վեց հազար: Շատերը մեր մայրաքաղաքի պատմությունն սկսում են Էրեբունի բերդաքաղաքից, հիմնավորելով, թե այն գտնվում է քաղաքի հատակագծի մեջ: Սակայն, Երևանի հատակագծի մեջ է նաև Շենգավիթը, որն ավելի հին պատմություն ունենալուց զատ՝ նաև հին աշխարհում հսկա քաղաքակրթության կենտրոն է հանդիսացել:

Սակայն, որքան էլ տարօրինակ է՝ հին Երևանից այսօր քիչ շինություններ են մնացել: Ճակատագրի բերումով, հնամենի քաղաքը դեռ վաղ միջնադարում վերածվեց գյուղի և իր քաղաքային նշանակությունը սոսկ 15-րդ դարում վերստացավ:

Սակայն, ամենայնիվ, պատմաճարտարապետական հնություններ մայրաքաղաքում շատ չեն. Խորհրդային իշխանության տարիները աղճատեցին Երևանի հին դիմագիծը:

Պահպանված հին շինություններից արժեքավոր է Աֆրիկյանների ակումբը, որ 19-րդ դարավերջին կառուցել են մեծահարուստ Աֆրիկյան եղբայրները:

Աֆրիկյան եղբայրները, մասնավորապես՝ Առաքել Աֆրիկյանը, Երևանում ակումբ բացեցին: Շենքն այսօր էլ իրենից ներկայացնում է պատմական արժեք. Ցավոք, քաղաքային իշխանությունները որոշել են ապամոնտաժել այն, ինչն արժանացել է բնակչության արդար ցասմանը:

Ովքե՞ր էին Աֆրիկյանները. Հարց, որ թերևս, շատերին է հետաքրքրում:

Աֆրիկյան տոհմի մասին զրուցեցի Երևանի բնակիչ, 75 ամյա Վալենտինա Սանոյանի հետ, ում մայրը՝ Արաքսյա Վասիլի Աֆրիկյանը, անվանի տոհմից էր, ու դուստրն իր մոր հուշերը սիրով կիսեց ինձ հետ:

Իմ զրուցակցի պապը՝ Վասիլը, Սահակ Աֆրիկյանի՝ տոհմի հիմնադիր բայազետցի Աբրահամի 11 զավակներից մեկի որդին էր: Կինն էլ Բայազետից էր՝ Աստղիկ Նիկողոսյանը:

Աֆրիկյանների տոհմը սերել է Աբրահամ անունով հասարակ ծագմամբ մի մարդուց: 1829 թվականին, ռուս-թուրքական պատերազմից հետո, շատ հայերի թվում Աբրահամն էլ  Բայազետից տեղափոխվում է Արևելյան Հայաստան և հիմնադրում Նոր Բայազետ քաղաքը՝ Գավառը, որ, ի դեպ, մինչ 1920 թվականը Շուշիից և Ալեքսանդրապոլից հետո Արևելյան Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն էր:

Աբրահամը սակայն, մեկ տարի անց, մեծ գերդաստանով՝ տասնմեկ զավակների և Խանում տիկնոջ հետ տեղափոխվում և հաստատվում է Երևանում:

Աբրահամին տեղացիք Ապրիհամ-Ապրիկ էին կոչում, որից էլ գերդաստանը Ապրիկյան կոչվեց, որ ռուսերեն տառադարձմամբ ի վերջո հաստատվեց որպես Աֆրիկյան:

Աբրահամի զավակները գործունյա էին: Նրանք միասին գործ դրեցին Երևանում: Տասնմեկ եղբայրներ ձեռք-ձեռքի՝ աշխատասիրությամբ և տոկունությամբ մեծ կարողություն դիզեցին. Աֆրիկյանները Երևանում գինու և կոնյակի արտադրություն սկսեցին, բամբակի մշակման ձեռնարկություն բացեցին, պահածոների գործարան հիմնադրեցին, թութունի վերամշակման արտադրություն, կտորեղենի խանութների ցանց…

Աֆրիկյանների պատրաստած դեղձի մուրաբան արտահանվում էր Եվրոպա և այն  միջազգային ցուցահանդեսում մրցանակ է շահել:

1920 թվականի նոյեմբերին Կարմիր բանակը Երևան մտավ: Բնակչության նկատմամբ բռնություններ սկսվեցին: Այրվեց Աֆրիկյանների կտորեղենի խանութը: Եղբայրներից մեկը վշտից ինքնասպան եղավ՝ կախվեց: Մյուսը տարագրվեց՝ փախչելով իշխանությունների հետապնդումից:

Կարմիրբանակայինները ունեզրկեցին, թալանեցին Աֆրիկյաններին. Տիկին Վալենտինան մեջբերելով մոր հուշերը, պատմում է, որ բոլշևիկները մորն սպառնացել են՝ գցել այրվող թոնիրը. Ի վերջո, վերջինս ստիպված էր նրանց ցույց տալ ոսկու թաքստոցը՝ բակում գտնվող մյուս՝ գործածությունից վաղուց դուրս եկած թոնիրը….

Մնացած, թաքցրած հարստությունը փոշիացավ ՆԷՊ-ի տարիներին, երբ Արամ Աֆրիկյանը՝ Արամ բիձան, թաքստոցից հանելով պահած վերջին ոսկիները, դրանք վաճառում է, թղթադրամներով մեկնում Ռուսաստան՝ այնտեղ գործ սկսելու: Սակայն Արամ Աֆրիկյանին գնացքում թալանում են և նա ձեռնարույն վերադառնում է Երևան:

Այսօր Աֆրիկյանների երբեմնի հարուստ ժառանգությունից տիկին Վալենտինային մնացել են միայն ընկուզենու փայտից պատրաստված սեղանն ու պահարանը…

Տիկին Վալենտինայի հավաստմամբ՝ բամբակի մշակման արտադրամասը գտնվում էր քաղաքի կենտրոնում՝ ներկայիս Մոսկվայի տան տեղում: Ներկայիս Շահումյան փողոցում գտնվել են Աֆրիկյանների կտորեղենի խանութները…

Աֆրիկյան տոհմի շատ անդամներ ցրվեցին ողջ Կովկասով՝ հաստատվելով մեծ, արդյունաբերական քաղաքներում՝ Թիֆլիսում, Բաքվում… այնտեղ ևս ծավալելով առևտրական գործունեություն:

Աֆրիկյաններն անվանի բարեգործներ էին: Հատկապես առատ հատկացումներ էին կատարում Երևանի դպրոցներին և որբանոցներին:

1911 թվականին Աֆրիկյան եղբայրները նոր բարեգործություն կատարեցին:  Տիգրան և Առաքել եղբայրների կողմից  հիմնադրվեց ,,Ջրմուղ,, ընկերությունը՝ նույն թվականի դեկտեմբեր ամսին Երևանում  ջրագիծ անցկացրին՝ քաղաքն ապահովելով խմելու ջրով:

Աֆրիկյանների ակումբի շենքը գտնվում է ներկայիս Տերյան 11 հասցեում:

Ժամանակին այն քաղաքային ակումբի կարգավիճակ ուներ և քաղաքի մտավորականության, վերնախավի հավաքատեղին է հանդիսացել: Մարդիկ այստեղ հավաքվում էին, տարբեր խնդիրներ քննարկում, թունդ բանավեճեր ծավալում:

1926 թվականին Աֆրիկյանների ակումբի շենքը ազգայնացվեց ու գործածության հանձնվեց ՉԷԿԱ-ին: Այստեղ է իր կալանքը կրել նաև անվանի հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը:

Հետագայում՝ Ազգային անվտանգության ծառայության ներկա շենքի շահագործման հանձնելուց հետո Աֆրիկյանների ակումբը վերածվեց բազմաբնակարանային շենքի և այնտեղ տեղակայվեցին 30 ընտանիքներ:

Աֆրիկյան եղբայրները հաջողակ ձեռնարկատերեր լինելուց զատ,  նաև Երևանի քաղաքային դումայի անդամներ էին և Երևանի նոր շրջանի պատմության փաստացի կերտողներից են եղել:

Նրանք թերևս, անցած դարասկզբի Երևանի ամենազդեցիկ մարդիկ էին:

1919 թվականի սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Վիլսոնի կարգադրությամբ դիվանագիտական առաքելությամբ Երևան է ժամանում ամերիկյան գեներալ Ջոն Խարբերդը: Նա հանդիպել է նաև Աֆրիկյան եղբայրներին, նրանց հետ ինչ-որ հարցեր քննարկել, հավանաբար՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ, ինչի մասին իր զեկուցագրում հայտնել է Վիլսոնին:

Տիկին Վալենտինան ցավով փաստեց, որ իր նախնիների մասին շատ բան պատմել չի կարող, քանզի մայրը չէր սիրում խոսել իր տոհմի մասին, վախենում էր: Տիկին Վալենտինայի մայրը՝ Արաքսյա Աֆրիկյանը, եղել է Երևանի քաղխոհրդի պատգամավոր, ԽՄԿԿ անդամ, կուսակցական ակտիվ գործունեություն է վարել: Եվ միշտ խուսափել է նշել, որ կապիտալիստի ընտանիքից է սերում… Խորհրդային Միությունում դա ոչ միայն չէր խրախուսվում, այլև՝ դրա համար նրա դեմ շատ դռներ կարող էին փակվել:

Բանն անգամ ծայրահեղությունների է հասել. Տիկին Արաքսյան 1939 թվականից հացի գործարանում է աշխատել, լինելով գործարանի կուսակցական կազմակերպության քարտուղարը: 1980-ականների կեսերին, ամռան մի օր,  նրան հայտնում են, թե գործարանի մուտքի մոտ իրեն է սպասում մի օտարական՝ սփյուռքահայ, ով ներկայացել է Աֆրիկյան և Հայաստանում իր ազգականներին է որոնում: Իմանալով, որ այս գործարանում Աֆրիկյան ազգանունով աշխատակցուհի կա՝ ուզում է տեսակցել…

Տիկին Արաքսյան վախեցել է հանդիպել իր հեռավոր ազգակցին… վերջինս երկար սպասելով՝ մտամոլոր հեռացել է….

Երբ խորհրդային կարգեր հաստատվեցին երկրում՝ Աֆրիկյաններին ունեզրկեցին: Երբեմնի հարուստ ու ճոխ ապրող գերդաստանի անդամներից շատերը սննկացան, հայտնվեցին թշվառության մեջ:

Բոլշևիկները  խլեցին նաև տունը: 1950-ականներին Արամ և Վասիլ եղբայրներին տվեցին մեկ սենյականոց բնակարան: Նրանք կիսեցին առանց այն էլ՝ փոքր բնակարանն ու 12 հոգանոց գերդաստանով հաստատվեցին այնտեղ:

Զրուցակիցս, տիկին Վալենտինան, պատմում է, որ երբ 1954 թվականին  տեղափոխվում էին նոր բնակարան, իրերը բարձում են մեքենայի թափքին, հանկարծ իր տատը տան նկուղ է իջնում և այնտեղից բերում չորս մեծ ճամպրուկներ: Նա անգամ հիշում է այդ ճամպրուկների արտաքին տեսքը.

-Փայտյա գեղեցիկ ճամպրուկներ էին, վրան ոսկեջրած ինչ-որ նշան: Երգող ճամպրուկներ էին. Երբ բացում էիր՝ երգում էին…

Երբ տատը բերում է ճամպրուկները՝ զարմացած որդիները բացում են դրանք և… չորս ճամպրուկ լի ցարական թղթադրամներ….

Միամիտ կինը ժամանակին պահել էր,  գրեթե 40 տարի…

Չնայած, որ հուլիս ամիսն էր, զավակները մեքենայի թափքից իջեցնում են վառարանը, կրակ վառում տան բակում և ամենն այրում….

Դժվարին ժամանակներ էին…

Հետագայում, տասնյակ տարիներ անց, երբ արդեն ապամոնտաժվում էր Աֆրիկյանների այդ  տունը, տան պատերից մեկում, պատի ողջ բարձրությամբ  գաղտնարան բացվեց, որ դարձյալ լի էր… ցարական ժամանակների թղթադրամներով….

Այո, Աֆրիկյանները շատ հարուստ էին. Տիկին Վալենտինան զրույցի վերջում  մոր պատմածից էլի ինչ-որ հիշողություններ փոխանցեց. Տատը վզնոց է կրել՝ ամբողջովին զարդարված նապոլեոններով՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի թողարկած ոսկյա դրամներով, որ ժամանակին մեծ պահանջարկ ու արժեք ունեին… նա նաև փետուրով գլխարկ էր կրում, ինչը խորհրդային ժամանակներում շատերի ծիծաղն էր հարուցում…

Համակրելի տիկնոջ պատմելով՝ Աֆրիկյանները տանը սնդուկով ոսկի են ունեցել. Աֆրիկյան եղբայրները միմյանց հետ թուղթ խաղալիս, հաղթած գումարն այնտեղ էին գցում, հետո այդ հավաքված գումարով բարեգործություն անելու, կամ նոր գործ սկսելու նպատակով



Նման նյութեր