Պայացներ
Advertisement 1000 x 90

Պայացներ

Փետրվարի 18-ին  Արամ Խաչատրյան Մեծ համերգասրահում  բեմադրված  Ռուջերո  Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի ժամանակ հետաքրքիր էր տեսնել, որ դահլիճի կեսից ավելին զբաղեցնում էին փոքրիկները… Հասկանալի է, որ այնքան դասական  երաժշտության հանդեպ  սերը նրանց չէր բերել այնտեղ,  որքան օպերային  մասնակցող միմոսները, երեխաները (ովքեր նաև երգում էին),  գունագեղ փուչիկները և շրխկանները (хлопушки)…

Գուցե Լեոնկավալոյի անունն այնքան հայտնի չէ հասարակությանը, որքան Ռոսինիի և Վերդիի անունները, սակայն Ռուջերո Լեոնկավալոն 19-րդ դարի 2-րդ կեսի իտալական երաժշտարվեստում առաջատար դիրքեր զբաղեցնող վերիզմի (իտալերենից թարգմանաբար՝ «vero» նշանակում է՝ ճշմարիտ, ճշմարտացի) խոշոր ներկայացուցիչներից է։

Լեոնկավալոն զրկանքներով և թափառումներով կյանք է ապրել։ Ծնվել է 1858թ. Նեապոլում, դատարանի նախագահի ընտանիքում։ Նա նաև դրամատուրգ և լիբրետիստ էր, սեփական օպերաների լիբրետոների հեղինակը։ 20 տարեկանում ստացել է գրականության դոկտորի կոչում։ Լեոնկավալոյի գրչին են պատկանում շուրջ 20 օպերաներ՝ «Ռոլանդ», «Մայա», «Վարդերի թագուհին», «Էդիպ արքա», «Մեդիչի», «Բոհեմ» և այլն, բայց նրա անունը հռչակվել է «Պայացներ» օպերայով։ «Պայաց» իտալերենից թարգմանաբար նշանակում է՝ ծաղրածու, խեղկատակ։

Պրեմիերան տեղի է ունեցել 1892թ. մայիսի 21-ին, Միլանի «Դալ-Վերմե» օպերային թատրոնում՝ Արթուր Տոսկանինիի ղեկավարությամբ, հեղինակին բերելով համաշխարհային ճանաչում։
«Պայացների» հիմքում ընկած է իրական պատմություն՝ վերցված լրագրային քրոնիկոնից. շրջիկ թատրոնի դերասանը խանդի հողի վրա սպանել է իր կնոջը։ Կոմպոզիտորն անձամբ ճանաչում էր դատապարտյալին, քանի որ գործը քննվում էր իր հոր դատարանում։ Գործողությունը տեղի է ունենում 1868-1870թթ. միջև, Աստվածածնի վերափոխման օրը՝ 1 օրվա ընթացքում։ Ստեղծագործությունը բացում է պրոլոգը (նախերգը), որտեղ խեղկատակ Տոնիոն փակ վարագույրի առջև դիմում է հանդիսատեսին՝ հայտարարելով ներկայացման սկիզբը, և ասում, որ «փոքր մարդը»՝ պայացը, գիտե սիրել, խանդել, տառապել, ինչպես բոլորը։

Օպերայի բովանդակությունը հետևյալն է։ Կալաբրիական Մոնտալտո գյուղաքաղաք է գալիս շրջիկ արտիստների խումբը՝ խանդոտ դերասան Կանիոյի գլխավորությամբ։ Վերջինիս կնոջը՝ Նեդդային, սիրահետում է խմբի տգեղ ծաղրածու Տոնիոն, ով մերժվելով և ծաղրվելով Նեդդայի կողմից՝ երդվում է վրեժխնդիր լինել։ Իր հերթին Նեդդան սիրաբանում է տեղաբնակ, երիտասարդ գեղջուկ Սիլվիոյի հետ։ Տոնիոն Կանիոյին հայտնում է կնոջ դավաճանության մասին։

Օպերայի 2-րդ գործողության մեջ Լեոնկավալոն կիրառել է «բեմ՝ բեմի վրա» թատերական հնարքը, որտեղ պայացները խաղում են քիչ առաջ իրականում պատահածին խիստ նման բովանդակությամբ մի պիես, իսկ գյուղացիները դիտում են նրանց խաղը։ Պիեսում Նեդդայի սիրեկանին մարմնավորում է ոչ թե Սիլվիոն, այլ խմբի պայացներից Բեպպոն։ Կանիոն պետք է խանդի տեսարան պատկերեր, սակայն իրական կյանքում ընդամենը րոպեներ առաջ պատահածը նրա կրքերը բորբոքում է և, մոռանալով, որ սա խաղ է, նա, իսկապես, ուժեղ խանդ ապրելով՝ սպանում է նախ՝ կնոջը, ապա՝ կնոջ սիրեկանին՝ Սիլվիոյին։ Իսկ Տոնիոն, ամենևին չցանկանալով նման հանգուցալուծում տեսնել, խիստ շփոթված և ցնցված հայտարարում է՝ «Կոմեդիան ավարտված է»։

2007թ. հուլիսին` մոտ11 տարվա լռությունից հետո, Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), «Սպեղանի» մանկական երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Մարինա Ավթանդիլյան) և «Mim Studio»-ի (գեղ. ղեկավար՝ Արա Հարությունյան) մասնակցությամբ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ «Պայացներ» օպերայի նորովի բեմադրությունը։ Մենակատարներն էին՝ Անահիտ Մխիթարյան (Նեդդա), Հովհաննես Այվազյան (Կանիո), Գևորգ Հակոբյան (Տոնիո), Դավիթ Բաբայանց (Սիլվիո) և Պերճ Քարազյան (Բեպպո)։

Բեմադրությունը հաջողված էր, և սույն թվականի հունվարի 29-ին և փետրվարի 18-ին երաժշտական հասարակայնության ուշադրությունը դարձյալ դեպի իրեն հրավիրեց «Պայացները»։
Օպերայի բեմադրող ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը նշեց, որ «Պայացներ» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1944թ. (Ի. Վոլչեկի բեմադրությամբ), ապա՝ 1960-ին, 1996-ին, 3 անգամ էլ՝ Օպերային թատրոնում։ «Միգուցե ժամանակն էլ է թելադրում՝ երբ բեմադրել օպերան»,- ասաց ռեժիսորը։ Թե ինչ փոփոխություններ է կրել նոր բեմադրությունը, պրն Թորոսյանն ասաց. «Ես դիտել եմ տարբեր բեմադրություններ, մանրամասն ուսումնասիրել եմ օպերան, մասնակցել 1960-ականների բեմադրությանը։ Նոր բեմադրությունը մյուսներից տարբերվում է նրանով, որ մենք միկրոաշխարհն ավելի ենք փոքրացրել. բեմ, բեմի վրա՝ բեմ, ավելի փոքր բեմ։ Փոքր շարժումներով և միզանսցեններով, քիչ միջոցներով պետք է պատկերել շատ ավելի մեծը։ Մի խոսքով՝ միկրոյով ցույց տալ մակրո աշխարհը։ Դա՛ է միջոցների թելադրանքը։

Դերասանը և հանդիսատեսը միմյանցից ընդամենը 1 մետր են հեռու գտնվում։ Տպավորությունն այնպիսին է, որ դերասանները հանդիսատեսի մեջ են խաղում։ Եվ այդ կոնտակտը շատ ավելի վտանգավոր է, քանի որ որևէ «ֆալշ» չես կարող երգել։ Դերասանների պատասխանատվությունն ավելի է մեծանում»։

Մեր այն հարցին, թե «Պայացներն» արտասահմանում բեմադրելու մտադրություն կա՞, պրն Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե, ցանկություն ունենք, բայց դրա համար միջոցներ և հնարավորություններ են անհրաժեշտ։ Մի շարք արտասահմանցիներ առաջին բեմադրությունը շատ են հավանել և նորից են ցանկանում այն տեսնել»։

Նշենք, որ յուրաքանչյուր բեմադրությամբ փոխվում են գլխավոր հերոսուհու՝ Նեդդայի դերը մարմնավորող երգչուհիները՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյան, օպերային երգչուհիներ Իրինա Զաքյան և Նունե Բադալյան։

Երգչուհիների փոփոխությունը ռեժիսորը հետևյալ կերպ բացատրեց. «Նախ՝ մենք կցանկանայինք, որ բոլոր երգչուհիներն էլ փորձեին, որովհետև առանց այդ էլ օպերային թատրոնի խաղացանկը շատ փոքր է։ Սա երգչուհու ինքնաբացահայտման, իրեն ավելի հոգեհարազատ կերպար, դեր գտնելու ձև է։ Եթե տենորներ ունենայինք, տենորին էլ կփոխեինք»։ Օպերայի 4 բեմադրություններում բեմական պլաստիկայի վարպետությամբ և դերասանական տիպիկ խաղով առանձնացավ հատկապես 3-րդը՝ Իրինա Զաքյանի մասնակցությամբ։ Նրա խաղում զուգակցված էին Նեդդայի կերպարին բնորոշ շարժուձևը և, անշուշտ, կատարողական շքեղ փայլը։ Ի. Զաքյանը հիանալի մարմնավորեց կրքոտ, համառ ու գեղեցիկ Նեդդային, ով մահը գերադասեց սիրեկանին մատնելուց։ Նեդդայի կերպարի մասին երգչուհին նշեց. «Նեդդան շա՜տ խաղացկուն և ակտիվ կերպար է։ Նրա կերպարում խաղալու այնքա՜ն բաներ կան։ Կերպարն է թելադրում խաղը։ Թեպետ վերիստական օպերաները կատարողական առումով շատ դժվար են, այնուամենայնիվ, ստացվեց։ Ի դեպ, բարդություններից մեկն այն էր, որ բեմականացման համար բեմի միայն դիմացի հատվածն էր հատկացված, և այդ փոքրիկ տարածքում պետք է շարժվել, վազել… Նեդդա խաղալու համար պետք է դերասանուհի լինել»։

Օպերայի ավարտից հետո ունկնդիրներից մեկը՝ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Նունե Աթանասյանը «3 Միլիոնին» ասաց. «Ճիշտն ասած, սպասելիքներն ավելի համեստ էին, սակայն փոքր, կոմպակտ բեմում շատ հետաքրքիր լուծումներ էին գտնված, որոնք ինձ պարզապես հիացրին և զարմացրին։ Ես շատ հուզված և հիացած եմ»։

Մերի Առաքելյան

Հ.Գ. «Պայացներ» օպերայում Տոնիոյին և Սիլվիոյին մարմնավորած Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Գևորգ Հակոբյանը և Դավիթ Բաբայանցը փետրվարին Մոսկվայում կայացած Պավել Լիսիցյանի անվան առաջին միջազգային մրցույթից վերադարձան մրցանակներով. Գ. Հակոբյանն արժանացավ առաջին մրցանակին, ոսկե մեդալին և հատուկ մրցանակների, իսկ Դ. Բաբայանցը՝ 2-րդ փուլի մրցանակին։

«3 Միլիոն»