Այսօր տնտեսապես զարգացած երկրներում կյանքի միջին տևողությունը 70 տարուց ավելի է: Միաժամանակ մեր մոլորակի վրա կան վայրեր, որտեղ մարդիկ միջին հաշվով ապրում են 40-50 տարի:
Երկարակեցության խնդիրը հավասարապես հուզում է և’ գիտնականներին, և’ սովորական մարդկանց: Որքան երկար կարող է մարդն ապրել: Գրականության մեջ հանդիպում են ճապոնական ընտանիքի մասին հիշատակումներ, որի գլխավորը 242 տարեկան էր, նրա կինը` 221, որդին` 201, հարսը՝ 193, թոռը` 153, թոռան կինը` 138 տարեկան: Ինչ վերաբերվում է եվրոպացիներին, ասում են, իբր անգլիացի Ֆ. Կարնը ապրել է 12 թագավորների օրոք և մահացել 207 տարեկան հասակում:
Տարբեր ժամանակներում «սահմանազանց երկարակեցության» տարբեր օրինակներ են բերվել, երբ լեռնցիները ապրել են 150-180 տարի: Դժվար է դատել որքանով էին նրանց տարիքները ստույգ որոշված: Պարզվել է, որ շատ դեպքերում նրանք իրենց իսկական տարիքը չեն հայտնել: Գոյություն ունի մի տերմին` «ծերունական կոկետություն»: Երբեմն «ծերուկներն» իրենց տարիքը մտածածին մի քիչ շատ են ասում:
Նմանատիպ դեպքերին հավանական բացատրություն կա: Օրինակ. Ալթայի մի բնակիչ անձնագրով 208 տարեկան էր (ծնվ. 1755 թ.), բայց մանրակրկիտ ստուգումները պարզեցին, որ նա ընդամենը 97 է: Ալթայցիներին անձնագիր տալուց ամրագրել էին այն տարիքը, որը կամայականորեն հայտնել էր անձնագիր ստացողը: Հնարավոր է նաև մարդահամարով ու փաստաթղթերով զբաղվողները տեղացիների բարբառը լավ չեն իմացել: Տեղին է հիշել «Սիրո բանաձևը» ֆիլմի դոկտորին, որի դերակատար Լեոնիդ Բրոնևոյն ասում էր. «Մեր գավառում մի սուտլիկ գրագիր կար: Թանաք էր խնայում: Մեկին գրում էր Քրիստոսի ծննդից հաշված 1 տարեկան, մեկին` 2, մյուսին` 3: Այնպես որ բավական շատ երկարակյացներ կան մեր կողմերում»:
Ինչպես հայտնի է, մշտական սթրեսները, չկարգավորված սնունդը, ալկոհոլի չարաշահումը կարող են զգալիորեն կրճատել մարդու կյանքը: Սակայն նույն հաջողությամբ ճիշտ ապրելակերպով կարելի է նաև երկարացնել կյանքի տևողությունը, կամ, ծայրահեղ դեպքում, ջանալ ապրել «սահմանվածը»:
Կենսունակության աստիճանը
Ճշմարիտ տարիքը որոշվում է ոչ թե ծնված պահից, այլ կենսունակությունն արտացոլող ցուցանիշով: Մարդն իր տարիքի համեմատ կարող է ավելի երիտասարդ կամ ծեր երևալ: Ուստի ծերացման հետևանքով առաջացած մահը վրա է հասնում տարբեր ժամանակագրական հասակներում: Նման տարբերությունները հիմնականում բացատրվում են գենետիկ առանձնահատկություններով: Շրջապատող միջավայրը նույնպես կարող է որոշակի ազդեցություն գործել կյանքի տևողության վրա: Չնայած գենետիկական գործոնների դերը խիստ կարևոր է, այնուամենայնիվ երկարակեցության ժառանգական ներուժը դրսևորվում է միայն միջավայրի որոշակի պայմաններում: Օրինակ կարող են ծառայել կենսաբանական տարիքի (ԿՏ) վերաբերյալ կատարված բազմաթիվ հետազոտությունները: Մարդու կենսունակությունը, երբեմն իր ողջ բարդությամբ հանդերձ, կախված է ԿՏ-ից, որին անվանում են օրգանիզմի ծերացման մոդել: Եթե օրացուցային (անձնագրային) տարիքը (ՕՏ) արտահայտվում է օրացուցային սանդղակով, այսինքն` չափվում է Արևի շուրջը Երկրի պտույտների քանակով, ապա ԿՏ արտահայտվում է ժամանակի կենսաբանական չափումներով: Ի տարբերություն օրացուցայինի` ԿՏ ռեալ կարող է ցույց տալ առողջության խանգարումները, նաև վկայել վաղաժամ ծերացման մասին: Օրինակ` վնասակար պայմաններում աշխատող կամ էկոլոգիապես անբարենպաստ տեղանքում ապրող մարդկանց ԿՏ ավելի բարձր է, քան «բարենպաստ» պայմաններում ապրող ու աշխատող բնակչությանը:
Ի դեպ, անկախ ամեն բանից, կարելի է ապրել մինչև խոր ծերություն, այդպես էլ չըմբոշխնելով գարնան ծաղկունքի բույրը, բայց և կարելի է որսալ կյանքի յուրաքանչյուր ակնթարթը և այն ընդունել որպես մեծագույն պարգև: Իսկ նրանց, ովքեր շատ են մտահոգ անցնող տարիների և երիտասարդության համար, խորհուրդ ենք տալիս հիշել հանրահռչակ Կոկո Շանելի խոսքերը. «Տարիքն էական չէ, հմայքը երբեք չի ծերանում»: