Թոմմի Լի Ջոնս
Advertisement 1000 x 90

Թոմմի Լի Ջոնս

60 տարեկան, դերասան

Լրագրողները հաճախ են ասում, որ ես չափազանց սառն եմ, և ինձ հետ անհնար է հարցազրույց անել: Այս ամենը շատ պարզ բացատրություն ունի. ինչ-որ մեկն ինչ-որ տեղ գրել է դա, մյուսներն էլ շարունակում են կրկնել նրա ասածը:

Մի անգամ ես ամբողջ ամառը աղբ հավաքող էի աշխատում Միդլենդում: Քանի որ ես բոլորից լավ էի իսպաներեն խոսում, ինձ գցեցին մեքսիկացիների բրիգադ: Մի օր ձեռքս թողեցի հիդրավլիկ մամլիչի տակ: Քիչ էր մնում առանց ձեռքի մնայի: Ինձ հիվանդանոց տարան: Կեղտոտ, արյունոտ երկու աղբահավաք ներս ընկանք հիվանդանոց՝ իսպաներեն ինչ-որ բան գոռալով: Ընդունարանի աշխատող երկու աղջիկներ նստած մատներն էին հարդարում և մեզ քաղաքավարի խորհուրդ տվեցին դիմել ուրիշ հիվանդանոց՝ բժիշկ Գուտիերեսին: Այդ օրվանից ես ինձ մեքսիկացի եմ համարում:

Եթե ես հրեա լինեի, Սան Անտոնիոն իմ Թել Ավիվը կլիներ: Դա միակ քաղաքն է, որտեղ ես կարող եմ ապրել: Հիանալի հին քաղաք է, որտեղ կողք կողքի խաղաղ գոյակցում են երկու լեզու և երկու մշակույթ:
Մեքսիկացիները մահվանը բոլորովին այլ կերպ են վերաբերվում, քան անգլիացիներն ու ամերիկացիները: Մեքսիկացիներն անգամ տոն ունեն, որը կոչվում է Մեռյալների օր: Նրանք համարձակորեն են նայում մահվան աչքերին և ընդունում են այն: Եվ մահվանը հումորով են վերաբերվում: Իմ սցենարիստը մեքսիկացի է, նրա անունը Գիլիերմո Արրիագա է: Իսկ երբ քո սցենարիստը մեքսիկացի է, վաղ թե ուշ ֆիլմում հանգուցյալ է հայտնվում:

Պաշտում եմ իմ պրոդյուսերներին: Լյուկ Բեսսոնի հետ մենք հանդիպել ենք Բահամյան կղզիներում: Ես նրան ասացի՝ ահա սցենարը։ Նա պատասխանեց. «Հիանալի է, ահա փողը: Կհանդիպենք պրեմիերային»: Ու մենք գնացինք լողալու:

Իսթվուդը ցնցող տիպ է, որը չի սիրում որևէ գործ անել առավոտվա 11-ից շուտ: Բայց հետո, երբ նայում ես ժամացույցին, որը ցույց է տալիս ժամը 16։00-ն, մտածում ես.«Գրողը տանի, մենք հասցրինք երկու օրվա աշխատանք անել այս մի քանի ժամում»:

Հարիսոն Ֆորդը չափազանց ծեր է իմ ընկերը լինելու համար:

Փողն ինձ քիչ է հուզում: Եթե ուզենայի հարուստ լինել, անդադար կաշխատեի: Բայց ես խոշոր հաշվով թքած ունեմ փողի վրա և այնքան էլ հաճախ չեմ նկարահանվում: Ինձ ապրելու համար շատ բան պետք չի, կարևորն այն է, որ փողդ հերիքի ուտելիքին, անասունների կերին և բեռնատարի անվադողերը ժամանակ առ ժամանակ փոխելուն: Էլ ի՞նչ գրողիս է պետք նկարահանվել հերթական «Օդանավակայան-81»-ում:
Կինոն ինձ ահավոր խանգարում է պոլո խաղալ: Իսկ պոլոն լավագույն բանն է, ինչով մարդն ու ձին կարող են միասին զբաղվել:

Դերասան դառնալու համար պետք է միայն մի բան՝ միանգամայն վստահ լինել, որ ուրիշ գործի համար բացարձակ պիտանի չես:

Ես իմ շներին բալետային շորեր չեմ հագցնում և մռութները չեմ համբուրում: Իմ ռանչոյում շատ կենդանիներ կան, բայց ես նրանց մարդկային հատկանիշներ չեմ վերագրում: Ես հարգում եմ կենդանիներին:

Չեմ սիրում շներին, որոնք ոչ մի բան անել չգիտեն: Իմ շունը հոտիս պահապանն է: Նա շատ է աշխատում, ոչ թե հենց այնպես է ուտելիք ստանում: Մուշան՝ շունը, որի հետ նկարահանվել եմ «Սևազգեստ մարդիկ-2» ֆիլմում, նույնպես շատ բան գիտի անել, դրա համար էլ նրա հետ կարողացա աշխատել:

Հեռուստատեսության հայտնվելը նույնքան շատ բան է փոխել մարդկության կյանքում, որքան փշալարի կամ ներքին այրման շարժիչի հայտնագործումը: Հեռուստատեսությունը փղի նման բան է. ինչ ուզում ես արա նրա հետ, բայց չնկատել չես կարող:

Մարդիկ, որոնք կարծում են, թե ամերի-կացի հանդիսատեսը բութ է, չարաչար սխալվում են: Ամերիկացիները բութ չեն: Այո, նրանք քիչ են կարդում և շատ են հեռուստացույց նայում: Բայց այդ մարդիկ ապուշ չեն:

Ես մեծ հույս ունեմ, որ մենք կգտնենք Երկիր մոլորակը չոչնչացնելու միջոցներ:

Ռեժիսորը պետք է հետևի երեք կանոնների՝ 1.երբեք ձայնը չբարձրացնել, 2.երեք դուբլից ավելի չնկարել, 3.հանգիստ կոշիկ հագնել: Պետք է մտածել ոտքերի մասին:

Բացատրել, թե ինչի մասին է քո ֆիլմը, նույնն է թե՝ քեզ պարտված ճանաչես:

Իմ ծնողները միշտ էժանագին բարեր էին գնում միմիայն մի նպատակով՝ լավ հարբել, ինչպես դա անում էին բոլորը Տեխասում: Ես նրանց սպասում էի մեքենայի մեջ մեն-մենակ նստած: Ես հիշում եմ այդ երաժշտությունը, երգերը, հիշում եմ, թե ինչպես էի մեքենայի մեջ պառկած սպասում նրանց, անվերջ սպասում՝ բացարձակ մենակ:

Մարդիկ չեն հասկանում իմ կատակները: Միգուցե այն պատճառով, որ ես տար-օրինակ եմ: Միգուցե այն պատճառով, որ առանձնապես շփվող չեմ: Իսկ միգուցե ես պարզապես վատ մարդ եմ: Միգուցե ահավոր կեղտի մեկն եմ: Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ, թե ինչու:

«3 Միլիոն»