Ռեժիսոր Տիգրան Խզմալյանի Facebook-յան գրառումը.
Մահացավ Ռուբեն Գևորկյանցը՝ կինոբեմադրող, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, գրող, հրապարակախոս, «Մեկ Ազգ» կազմակերպության ղեկավար, հայկական մասոնների առաջնորդ՝ բազմաբնույթ որակների տեր անհատականություն: Տարօրինակ է՝ երեկ, դեռ չիմանալով իր մահվան մասին, ես հիշեցի մի դրվագ մեր հարաբերություններից: 2008 թիվն էր, ես նկարահանում էի «Սարդարապատ deja vu» վավերագրական ֆիլմը, որը կցել էին նրա գլխավորած «Հայկ» ստուդիային, քանի որ իմ հարազատ «Երևան» կինոստուդիան արդեն երեք տարի ինչ լուծարվել էր: Նա դիտեց ֆիլմի նախնական տարբերակը և կտրուկ մերժեց այն, պահանջելով, որ ես փոխեմ սցենարը և հետևեմ պատմության ընդունված վարկածին: Քաղաքական սուր զգացողություն ունենալով, նա անգամ պատվիրեց պատմաբանական փորձաքննություն երեք մասնագետներին, որոնցից մեկը, ամենահեղինակավորը՝ շատ ջերմ ընդունեց ֆիլմս, մյուսը վերապահումներով չեզոք պատասխան տվեց, իսկ երրորդը, ամենաերիտասարդը, ջախջախիչ քննադատության ենթարկեց այն, թեև հետո, մասնավոր զրույցում, ներողություն էր խնդրում ինձնից: Գևորկյանցի կանխատեսումները ճիշտ էին՝ ֆիլմի առաջին փակ դիտումները առաջացրեցին սկանդալներ, անգամ սպառնալիքներ իմ նկատմամբ որոշ քաղաքական շրջանակներից: Ես հրաժարվեցի փոխել սցենարը, նա հրաժարվեց ֆինանսավորել ֆիլմը՝ մենք բաժանվեցինք տհաճ ձևով:
Անցավ մի քանի ամիս: Ես շարունակում էի աշխատել և կեսժամանոց նախնական տարբերակը վերաճեց մեկժամանոց ֆիլմի, թեև չկար ոչ փող, ոչ պետական պատվեր, ոչ էլ Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին ֆիլմը հեռուստատեսությամբ ցուցադրելու որևե հույս: Մի օր, առավոտյան ոթին արթնացա հեռախոսազանգից: Գևորկյանցն էր: Ձայնը մի փոքր փոխվել էր, ասաց, որ շտապ ուզում է հանդիպել ինձ: Երկու ժամից մտա Կինոյի Տնից մնացած երկու սենյակներից մեկը: Նրա տեսքը շատ փոխվել էր, դեմքը մի տեսակ ծռմռված էր, շարժումները դանդաղ: Նկատելով իմ զարմացած հայացքը, հարցրեց՝ «Դու չգիտե՞ս, որ ես հիվանդանուցում էի»: Ես, ապշած, ասացի՝ ոչ: Նա դեմքի մի կողմով ժպտած՝ «Ինսուլթ խփեց: Առաջին օրն է, որ դուրս եկա: Բայց գիտե՞ս, ինչու քեզ զանգեցի… Բանն այն է, որ ինսուլթ ստացա նույն սրճարանում, նույն սեղանի մոտ նստած, որտեղ ուղիղ երկու տարի առաջ ես առաջին անգամ ինֆարկտ էի տարել…» Ես ասացի՝ «Ռուբեն, սա նշան է, կյանքը քեզ ինչ որ բան է ուզում հասկացնել»: «Այո…» – ասաց նա: «Դրա համար էլ անմիջապես զանգեցի քեզ: Ֆիլմդ շատ կարևոր է, ուզում եմ նորից կնքենք պայմանագիրը, որ ավարտես: Սրտիս դարդ էր մնացել…» Ձեռքով կանչեց ու մենք ողջագուրվեցինք: Հետո սեղանի դարակից կոնյակի շիշ հանեց, երկու փոքր գավաթ, լուռ խմեցինք:
Անցավ ևս մեկ ամիս: Ֆիլմս այդպես էլ չընդունվեց, մամուլում պատվիրված չար հոդվածներ տպագրվեցին, ես նրան այլևս չեմ անհանգստացրել, հասկանալով, որ նա ոչինչ անել չի կարող: Նա բավական ապաքինվեց, դեմքը կարգի եկավ, քայլում էր թեև դանդաղ, բայց ինքնուրույն: Հանդիպելով քաղաքում՝ հեռվից լուռ բարևում էինք իրար: Ֆիլմը տարածվեց Համացանցով, սպառնալիքներն իմ հասցեին չիրականացվեցին, ես դրանից հետո ևս մի քանի ֆիլմ եմ նկարահանել, իսկ Գևորկյանցը ապրեց ևս ինը տարի: Երեկ երեկոյան ես սրճարանում հիշեցի այս պատմությունը, որովհետև կողքի սեղանից ինձ բարևեց մի մարդ, ով տարիներ առաջ ինձ պատմել էր ֆիլմիս պատճառով առաջացած վտանգի, սպառնալիքների և դրանց չեզոքացման մասին: Ու ես ակամա հիշեցի Գևորկյանցին և նրա անսպասելի «ապաշխարհանքը»: Այսօր էլ եկավ նրա մահվան լուրը: Խաղաղություն քո անհանգիստ հոգուն: