Ասում է Նիկոլասը
51-ամյա Նիկոլաս Հարությունյանն իր կազմավորած «Sante Fe» (նշանակում է՝ հավատարիմ քո սիրած գործին) խմբի անդամների հետ 2000թ.-ից ի վեր Երևանի տարբեր սրճարաններում նվագում է լատինական և իսպանական երաժշտություն: «Ես հասկացա, որ Երևանում լատինական երաժշտության պահանջ կա, որովհետև շատ երաժիշտներ էստեղ նվագում են շանսոն, ռաբիս, ռոք, ջազ»,- ասում է երկար տարիներ Լատինական Ամերիկայում ապրած Նիկոլասը: Նա իր հետ Վենեսուելայից բերած բոնգ (հարվածային գործիք) է նվագում:
Խմբի երգացանկը բաղկացած է շուրջ 100 երգերից, որոնց մեջ գերակշռում են «Gipsy Kings»-ի և «Los Lobos»-ի երգերը:
Նիկոլասը նշում է, որ տարիներ առաջ մարդկանց կողմից լատինական երաժշտությունն այնքան էլ լավ չէր ընդունվում, իսկ այժմ շատ բան է փոխվել: «Հիմա մարդիկ հասկանում են, որ պետք է թուրքական ու արաբական երաժշտությունից ետ քաշվել, մի քիչ էլ քրիստոնյա ազգի երաժշտություն լսել»:
Այն հարցին, թե այդքան հայրենասեր լինելով` ինչո՞ւ հայկական երաժշտություն չեն նվագում, Նիկոլասը պատասխանեց. «Հայկական նվագողներ շատ կան, իսկ մենք մեր ոճում միակն ենք: Մեր երաժշտությունը քրիստոնյա ազգի երաժշտություն է, այստեղ կլկլոցներ չկան, սրանք ուրախ լատինո պարեր են»:
«Sante Fe» խմբի մյուս անդամը՝ 44-ամյա վոկալիստ Ալիկը, պատմում է, որ լատինական երաժշտության նկատմամբ մանկուց անտարբեր չի եղել. «Ես իսպաներեն չեմ իմացել, բայց հեշտությամբ եմ սովորել, որովհետև դա իմ մեջ եղել է: Այստեղ էլ են սկսել լատինականը սիրել։ Ամռանը, երբ բացօթյա սրճարանում ենք նվագում, այն լի է լինում այցելուներով, նստելու տեղ անգամ չի լինում: Բայց ձմռանը գործը դժվարանում է, սրճարանները փակվում են, իսկ ռեստորաններում ռաբիս երաժշտություն են լսում»:
48-ամյա սոլո-կիթառահար Էմիլն աշխատավարձից չի դժգոհում (խմբի յուրաքանչյուր անդամ 3-ժամյա ելույթի դիմաց 5000 դրամ է ստանում), սակայն նշում է, որ կցանկանար ավելի մեծ լսարանի համար նվագել և ավելի շատ վաստակել. «Մենք մեծ սիրով ենք աշխատում, բայց եթե ավելի շատ վճարեին, ավելի մեծ եռանդով կնվագեինք»:
Խմբի ամենաերիտասարդ անդամը` 35-ամյա բաս-կիթառահար Տիգրանը, վերջերս սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգային շրջագայության է մեկնել: Նա միակն է խմբում, ով երաժշտական կրթություն ունի: «Բացի Տիգրանից, ոչ մեկս կրթություն չենք ստացել, մենք ինքնուս ենք, մեզ ոչ ոք ոչինչ չի սովորեցրել: Անպայման չի Կոնսերվատորիայում կամ էլ երաժշտական դպրոցում սովորես: Ամենակարևորը ձգտումն է, երկրորդը՝ սերը»,- ասում է Նիկոլասը, ով ցավով է նշում, որ մեր երիտասարդները սեր չունեն երաժշտության նկատմամբ. «Էստեղ ջահելները երաժշտություն սովորելու ձգտում չունեն: Պարապ ջահելներ շատ կան փողոցում, որ գալիս են Օպերա, ման են գալիս, գնում են տուն: Էդ ման գալու տեղը նա կարա գնա մի կիթառ առնի ու սկսի պարապել»:
Ապրելով Լատինական Ամերիկայում, Ռուսաստանի Դաշնությունում և քաջատեղյակ լինելով բազում երկրների ապրելաոճերին` Նիկոլասը մի հետաքրքիր համեմատություն արեց. «Հայաստանը գտնվում ա մանկապարտեզի վիճակում. հըլը չեն հասունացել և՛ կյանքի վիճակը, և՛ երաժշտությունը, ամեն ինչ: Մինչև մանկապարտեզից գա դպրոց, կարող ա 20 տարի անցնի, իսկ երբ որ դպրոցն ավարտի, արդեն Եվրոպա կմտնի, ինչպես Չեխոսլովակիան, Բուլղարիան: Հետո համալսարան ընդունվելիս Հայաստանը կդառնա Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, իսկ երբ ասպիրանտուրա սովորի, արդեն կդառնա Շվեյցարիան, որտեղ աղքատություն չկա, որտեղ կյանքը մաքուր ա»:
Մեր հերոսը ևս մեկ հետաքրքիր դիտարկում է անում. «Հայ աղջկան սազական չի պորտապար պարելը: Հիմի մեր աղջիկներն արաբական են պարում, իրանց հերերն էլ թուրքական երաժշտության տակ քաբաբ են ուտում»:
Նիկոլասն ամեն տարի գարնանը Վենեսուելայից գալիս է Հայաստան, իսկ դեկտեմբերի վերջին կրկին մեկնում է: Նա ներկայացրեց իր կյանքը Լատինական Ամերիկայում. «Իմ 20-ամյա աղջիկն՝ Աննան, էնտեղ սիմֆոնիկում ֆլեյտա է նվագում. միակ հայն է, տարբեր ազգերի հետ է նվագում ու իր ազգի պատիվը պահում, չնայած, որ 2 տարեկան հասակում է միայն եղել Հայաստանում և հայերեն խոսել չգիտի»: Նիկոլասի լատինաամերիկուհի կինը ևս նվագում է. «Կինս դաշնակահար է: Երաժշտական ընտանիք ենք` չնայած ես էնտեղ չեմ նվագում»:
7 տարի առաջ կազմավորված «Sante Fe» խումբը հասցրել է երգել բազմաթիվ ակումբներում, սակայն խմբի տղաները ցանկանում են լատինական երաժշտությունը հայկական շոու-բիզնեսում ներկայացնել. «Բայց դա շատ դժվար է, մեզ հովանավոր է պետք, որ համերգներ կազմակերպի, մեր ծախսերը հոգա»,- ասում է վոկալիստ Ալիկը:
Անի Մաթևոսյան, Արման Ղարիբյան
«3 Միլիոն»